
Օպերային արվեստում վարպետության փոխանցումը սերնդեսերունդ տեղի է ունենում ոչ միայն դասասենյակներում, այլև բեմում ստեղծված կերպարների միջոցով։ Այդպիսի խորհրդանշական հանդիպում է ներկայացված Թերենս ՄըքՆելլիի «Վարպետաց դաս» պիեսում, որը նվիրված է լեգենդար դիվայի՝ Մարիա Կալասի արվեստին։
Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նոր բեմադրության մեջ այս բարդ և բազմաշերտ կերպարը մարմնավորում է հայ նշանավոր սոպրանո Հասմիկ Պապյանը։
Ներկայացումը կառուցված է իրական փաստերի և գեղարվեստական մեկնաբանության միաձուլման վրա։ Բեմում արտացոլված է համաշխարհային փառքի հասած, բայց ներքին հակասություններով լի Մարիա Կալասը, որը վարպետության դաս է անցկացնում երիտասարդ երգիչների համար։ Նրա դիտարկումները երաժշտության, դերասանական ճշմարտացիության և բեմական ամբողջականության մասին վերածվում են արվեստի իսկական դասախոսության։ Կալասը պահանջում էր ոչ միայն կատարյալ վոկալ, այլև դրամատիկ խորություն. ըստ նրա՝ օպերային երգիչը պետք է լինի նաև դերասան, որն ապրում է կերպարի հոգեբանական կյանքով։
Այս կերպարի բեմական մարմնավորումը Հասմիկ Պապյանի կատարմամբ առանձնանում է հոգեբանական ճշգրտությամբ։ Պապյանը, որը տասնամյակներ շարունակ հանդես է եկել աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում, վերարտադրում է Կալասի ստեղծագործական բնավորության բարդությունը։ Նրա խաղում միաժամանակ զգացվում են մեծ արտիստի խստությունը, ծայրահեղ պահանջկոտությունը, զգայունությունն ու նվիրվածությունն արվեստին։
Մարիա Կալասը 20-րդ դարի օպերային արվեստի ամենաազդեցիկ դեմքերից էր։ Հասմիկ Պապյանը, իր հերթին, հայկական օպերային դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որը միջազգային բեմերում ներկայացրել է թե՛ եվրոպական դասական, թե՛ հայկական երաժշտական մշակույթը։
Այս բեմադրության մեջ ստեղծվում է յուրօրինակ երկխոսություն երկու մեծ սոպրանոների միջև՝ մեկի պատմական ժառանգության և մյուսի ժամանակակից մեկնաբանման միջոցով։ Արդյունքում «Վարպետաց դասը» վերածվում է ոչ միայն թատերական ներկայացման, այլև օպերային արվեստի շուրջ մասնագիտական խոհի։




