
Ֆրանսիացի անվանի հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենը, հիանալի տիրապետելով գրաբարին, նպատակ էր դրել ֆրանսերեն թարգմանել հայերեն կարևորագույն ձեռագրերը։ Թեև գիտնականի կյանքն ընդհատվեց ընդամենը 41 տարեկանում, նրա սկսած գործը շարունակեցին և ավարտին հասցրին իր աշակերտները։
Այդուհանդերձ, Սեն-Մարտենն անձամբ հասցրեց անել մի քանի կարևոր բացահայտումներ։ Նա ապացուցեց, որ նախկինում Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացույցի» իրական հեղինակն Անանիա Շիրակացին է, ինչպես նաև հիմնավորեց, որ Գևորգ Մարզպետունին իրական պատմական անձնավորություն է։
Գիտնականի շնորհիվ հայտնի դարձավ, որ դեռևս 17-րդ դարում Լվովում գործել է հայկական թատրոն, որտեղ բեմադրվել է «Հռիփսիմե» դրաման։ Սեն-Մարտենը բացահայտեց նաև Մարտիրոս Երզնկացուն, որը նպատակ էր դրել աղոթել աշխարհի նշանավոր եկեղեցիներում՝ հանուն հայ ժողովրդի։
Իրագործելով իր ուխտը՝ Երզանկացին որոշեց նավով ուղևորվել դեպի Նոր աշխարհ՝ Ամերիկա, դեպի անհայտություն։ Շատ մեծ է Սեն-Մարտենի դերը հայագիտության մեջ և դեռ շատ բան ունենք անելու նրա ժառանգությունը արժևորելու և հանրայնացնելու գործում։




