78-ամյա Սամսոն Խոջոյանը սահմանապահ Բերդավանից վաղ առավոտյան հասել է Երևան՝ Հանրային ռադիոյի տաղավար։ «Երկրորդ շնչառության» եթերում նա պատրաստվում է խոսել հայրենի գյուղի պատմության և այդ թեմայով իր հեղինակած գրքի մասին: Բազմավաստակ մանկավարժը համեստաբար անակնկալի է գալիս, երբ հարցերն իր անձի շուրջ են պտտվում:
«Ծնվել եմ Բերդավանում։ Երևանի պետական համալսարանում պատմաբան-ազգագրագետի մասնագիտացում ստանալուց հետո վերադարձել եմ գյուղ և դպրոցում աշխատել ընդհանուր առմամբ 35 տարի: Կյանքս անցել է Բերդավանում, և ուրիշ տեղում չեմ պատկերացնում, թե կարող էի ապրել: Իմ գյուղի գրավիտացիան այնքան ուժեղ է, որ հայրենի հողն անսովոր ուժով ձգում է ինձ»,- անկեղծանում է Սամսոն Խոջոյանը:
Նա խոստովանում է, որ երբ զավակներն առաջարկում են մի այլ տեղ գնալ հանգստանալու կամ աշխարհ տեսնելու, ինքը հրաժարվում է, որովհետև իր աշխարհի կենտրոնը հենց Բերդավանն է: Բազմավաստակ մանկավարժը կարծում է, որ երիտասարդներին պետք է միշտ հավատալ ու ճանապարհ տալ դրսևորվելու համար, բայց ավագների փորձն ու պոտենցիալն օգտագործելը նույնքան կարևոր է:
Նրա խոսքով՝ սաների հետ ջերմ հարաբերություններն ու բարեկամությունը պահպանվում են առ այսօր, և լավ ուսուցչի վաստակը հենց մեծ հաջողությունների հասած աշխարհասփյուռ աշակերտներն են:




