
Ռուսաստանը սկսել է, ըստ էության, պատասխանել հայկական կողմի պահանջներին՝ Հարավկովկասյան երկաթուղու կոնկրետ հատվածները վերականգնելու կամ կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցելու մասին։ Ապաշրջափակվող Հարավային Կովկասի իրողություններից ելնելով՝ Հայաստանի համար երկաթուղու կոնկրետ ուղղությունների վերականգնումը կենսական նշանակություն ունի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն սրան առնչվող առաջարկները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել էր անձամբ՝ 2025–ի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ։ Եթե մինչև վերջերս պաշտոնական Մոսկվայի արձագանքը հայտնի չէր, ապա այս պահին արդեն սկսել է հասկանալի դառնալ ՌԴ դիրքորոշումը Հարավկովկասյան երկաթուղիների ապագայի վերաբերյալ։
Պաշտոնական Մոսկվան կոնկրետ պատասխաններ է սկսել տալ Երևանի ներկայացրած՝ Հարավկովկասյան երկաթուղու կոնկրետ հատվածները վերանորոգելու կամ կոնցեսիոն կառավարումը երրորդ կողմի փոխանցելու առաջարկին։ Եթե կարճ ձևակերպենք՝ Ռուսաստանը հեռանալու ցանկություն չունի ապաշրջափակվող և իր համար հեռանկարային գնահատվող տարածքներից։ Մոտ 2 ամիս առաջ ուղղված առաջարկն անելիս Փաշինյանը հստակեցրել էր՝ Հայաստանը կոնկրետ խնդիրներ շատ արագ լուծելու կարիք ունի։
«Մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ էլ երբևէ կունենանք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։
«Ռադիոլուր»–ն ավելի վաղ անդրադարձել էր խնդրին, որ սնանկացող «Ռուսական երկաթուղիներ»-ը փաստի առաջ է կանգնեցնում հայկական երկաթուղուն։ Դա փաստում են ինչպես հայ և ռուս վերլուծաբանները, այնպես էլ պաշտոնական վիճակագրությունը։ «Ռուսական երկաթուղիներ»-ը 2026 թվականը սկսեց 4 տրիլիոն ռուբլու կամ 50 միլիարդ դոլարից ավելի պարտքով, աշխատակազմի կրճատումով, Մոսկվայի կենտրոնում իրեն պատկանող երկնաքերի վաճառքով և պետությունից շուրջ 2 միլիարդ դոլարի հրատապ օգնության ակնկալիքով։ Պատերազմական վիճակում գտնվող երկիրը որոնում է իր ղեկավարած ընկերության առողջացման ուղիներ։ Ենթադրվում է, որ այս պայմաններում Հայաստանում նոր ներդրումներ անելու հնարավորություն ռուսական կողմը չի ունենա։ Թերևս դա է պատճառը, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցնում է անցած 20 տարում ռուսական կառավարչի կողմից արված ներդրումները և չի խոսում ապագա ծրագրերի մասին։ Զախարովան համոզված է, որ ռուսական օպերատորը Հայաստանին չի զրկում մրցակցային հնարավորություններից, այլ, հակառակը, ստեղծում է դրանք։
Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը գոհ չէ հայկական երկաթուղիների ռուսական կառավարումից։ Հայաստանի վարչապետն անգամ պատկերացում ունի, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը։
«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի հետ, և՛ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Չգիտեմ, օրինակ՝ Ղազախստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ` Քաթարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա իմ մտքով չանցավ, բայց, ասենք, երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ։ Ես գոնե 3 երկիր գիտեմ, որոնք շատ բարձր մակարդակի լավ հարաբերություններ ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ»։
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված կոնցեսիոն կառավարման պայմանագրում, ի դեպ, կա դիտարկվող տարբերակին առնչվող դրույթ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից ավելի վաղ «Ռադիոլուրի»-ն տեղեկացրել են, որ ՀՀ-ի ցանկությամբ երկաթուղային գույքի որոշ մասի կառավարումը կարող է վերադարձվել Հայաստանի կառավարմանը՝ ամբողջական կամ մասամբ։
«Հարավկովկասյան երկաթուղուց» ընդգծել էին՝ եթե կառավարությունը նման որոշում կայացնի, ապա, հաշվի առնելով գույքի կառավարման ճկունությունը, կարող է միաժամանակ վերաքննարկվել կոնցեսիոն պայմանագիրը և ընտրվել նոր մոտեցումներ․ պայմանագրով սա սահմանափակող կետեր չկան։ Բայց կա, օրինակ, դրույթ, որի համաձայն՝ կողմերը կարող են ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնության գալ` պայմանագրի ցանկացած դրույթ, ցանկացած ժամկետ լրացնելու, փոխարինելու, անվավեր համարելու կամ փոփոխելու վերաբերյալ:
Բայց պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու դեպքում կողմերի համար նաև սահմանված են պարտավորություններ։ Հայաստանը, սակայն, ընտրել է խնդրի այն լուծումը, որը սահմանված է պայմանագրի 10–րդ հոդվածի առաջին բաժնում, որը վերաբերում է կոնցեսիոն ակտիվների վարձակալությանը։ Մեջբերում․
«Կոնցեսիոները կարող է կոնցեսիոն ակտիվները և հողամասերը վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնել երրորդ անձի` առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման»․ մեջբերման ավարտ։ Այս դեպքում ուշագրավն այն է, որ Կոնցեսիոները տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունն է, լիազոր մարմինը՝ ՀՀ–ն։
Հայկական կողմի հաշվարկովՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման համար անհրաժեշտ է 200–300 մլն դոլարի ներդրում։
Հայաստանի իշխանությունների առաջարկը տարօրինակ և չմշակված որոշում է անվանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Մեջբերում․
«Ես չեմ գնահատի այլ երկրների երկաթուղային կառավարման կոմպետենտության հարցը, բայց կարող եմ վստահորեն ասել՝ քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը արդյունավետ և վաղուց գործում է Հայաստանում՝ դժվարին պայմաններում։ Գրեթե երկու տասնամյակում կառուցված համակարգը կարող է պարզապես փլուզվել մեկ գիշերում։ Բնականաբար, ոչ մի այսպես ասած «բարեկամական երկիր» պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ կարևոր որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից»։
Գրեթե 20 տարվա ընթացքում իր ներդրումները հայկական երկաթուղային համակարգում ռուսական կողմը գնահատում է ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Շուրջ 700 կմ երկարություն ունեցող ցանցի ավելի քան 520 կմ վերանորոգվել է՝ պնդում է ռուսական կողմը։ Շոյգուի գնահատմամբ՝ ընկերության ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ դժվար է գերագնահատել.
«Հայաստանի կարիքների համար կարևորագույն բոլոր բեռները տեղափոխվում են Հարավկովկասյան երկաթուղիներով։ Երկաթուղին նաև ռազմավարական դեր է խաղում՝ ապահովելով տրանսպորտային կապեր դեպի ծով ելք չունեցող երկրի համար»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը մինչդեռ, ընդգծում է, որ վարչապետի առաջարկից առաջ բոլոր հնարավորությունները ծանրութեթև են արվել։
«Սա Ռուսաստանի դեմ չէ, սա Հայաստանի համար է։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել և ռուսական կողմը կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն, և մենք դրանից քաղաքական և տնտեսական անվտանգային օգուտներ ունենանք, մենք պրոբլեմ չունենք։ Խնդիրն նրանում է, որ դուք գիտեք` աշխարհաքաղաքական դասավորվածությունները։ Այսօր տեսնում ենք, ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին է, որ մեր որոշ գործընկերներ կամ մեր գործընկերների մի մասը իրար հետ չեն կարողանում լեզու գտնել։ Հիմա դրա արդյունքում մենք էլ պետք է փորձենք մեր խնդիրները ինչ–որ կերպ լուծենք։ Բոլոր տարբերակները քննարկված են, և ամենանախընտրելի տարբերակը, որը կա այս պահին, դա վարչապետի առաջարկածն է։ Այսինքն` լինի մի գործընկեր, ով բոլորի հետ ունի շատ լավ հարաբերություն և չի դառնա կոնֆլիկտի որոշակի կողմ, այլ կդառնա հավասարակշռող։ Կարծում եմ` դա վատ տարբերակ չի լինի, բայց հասկանալի է, որ դա ինվեստիցիոն առաջարկ է»։
Մինչև 2038 թվականը հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման պայմանագիր ունեցող ռուսական կողմը, ըստ էության, չի պատրաստվում զիջել իր դիրքերն ապաշրջափակվող Հարավային Կովկասի երկաթուղային ցանցում։ Մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 12–ին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ շուտով Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահման տանող երկաթուղային երկու հատվածների վերականգնման շուրջ։
Ըստ Ռուսաստանի փոխվարչապետի՝ Ռուսաստանը կմասնակցի այդ աշխատանքներին, քանի որ այս պահին Հայաստանի բոլոր երկաթուղային ենթակառուցվածքները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման ներքո։
Ռուսաստանն իր հերթին երբեք չի թաքցրել իր հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարանցիկ ուղու նկատմամբ։ Դա իր համար կբացի այլընտրանքային ելք դեպի Մերձավոր Արևելքի բարեկամ երկրներ, այդ թվում՝ Իրան։
Պաշտոնական Մոսկվայի վերջին դիրքորոշմանը պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։




