ՀասարակությունՌեպորտաժներ

Ո՞վ է շահում օնլայն տաքսու շուկայից․ վարորդներն ու քաղաքացիները բողոքում են

Օնլայն հավելվածներով տաքսի կանչելը դարձել է սովորական, արագ ու հարմար։ Բայց այս հարմարության հետևում երկու կողմում էլ դժգոհություն կա․ ուղևորները չեն հասկանում, թե ինչու է նույն ճանապարհի համար գինը երբեմն կտրուկ բարձրանում, իսկ վարորդներն ասում են՝ իրենց վաստակած գումարի մեծ մասն ուղղվում է միջնորդավճարների ու հարկերի, մինչդեռ իրենք չունեն սոցիալական պաշտպանություն, երբեմն նույնիսկ գրանցված աշխատող էլ չեն։

Վերջինի հիմքով տասնյակ վարորդներ կազմակերպել են ստորագրահավաք՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության ակնկալիքով դիմելով շուկայի ամենամեծ տնտեսվարողին՝ «Յանդեքս» ընկերությանը։

Հայաստանում օնլայն-տաքսի ծառայությունների ոլորտն արագ զարգանում է, բայց խորանում են նաև խնդիրները։ Քաղաքացիները բողոքում են հաճախ անտրամաբանորեն բարձրացող ուղևորավարձից, իսկ վարորդները՝ իրենց բնորոշմամբ հարկային ծանր բեռից և սոցիալական պաշտպանության բացակայությունից։

Հայաստանում գրանցված է օնլայն տաքսիների շուրջ 120 հազար վարորդ։ Վարորդները պնդում են՝ օրական աշխատում են մոտ 10 ժամ, այդքանով հանդերձ՝ վաստակի զգալի մասը գնում է միջնորդավճարների և հարկերի, իսկ իրենք զրկված են սոցիալական երաշխիքներից․ գրանցված աշխատող չեն, ուստի չեն օգտվում առողջապահական համընդհանուր ապահովագրությունից։

Վարորդների դժգոհությունը կիսում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Որոշ հաշվարկներ վկայակոչելով՝ «Ռադիոլուր»-ին պատմում է՝

«Եթե «Yandex»-ի օրինակը բերենք՝ 165 % մինիմալ շեմն է։ Այսինքն՝  «Yandex»-ի պարագայում մոտ 25 դրամ է կանգնում, «GG» պարագայում 22 % գումարած լրացուցիչ ծառայությունից, որ իրենք օգտվում են։ Տաքսի ծառայությունները, ստացվում է, և վճարում են ավելացած արժեքի հարկ, այսինքն՝ 3 %-ն էլ այդ գումարը շահութահարկ, մյուսը ստացվում է, որ այս մարդիկ շուրջ 11-12 % հարկ վճարում են»։

Ավագանու անդամը փոխանցում է վարորդների պնդումը՝ օնլայն տաքսի-ընկերությունները գերշահույթ են ստանում հենց տաքսու վարորդների կատարած պատվերներից գանձումների հաշվին։ Սակայն վարորդներն, օրինակ, չեն կարող օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։

Մեսրոպ Մանուկյան․ «Ամսվա կտրվածքով իրենց վաստակած գումարը 250 000 դրամի շրջակայքում է կամ ավելի շատ։ Մարդիկ ասում են՝ մենք 200 000-ի շեմն անցել ենք, հարկ ենք վճարում պետությանը, բայց չենք համարվում գրանցված աշխատող, չենք օգտվում սոցփաթեթից, այսինքն՝  մեր իրավունքների ոտնահարում է։ Պետություն, դու ինձնից հարկ ես վերցնում,   որ ես ո՞վ եմ»։

Վարորդ Արթուր Վարդանյանն ասում է՝ կոնկրետ «Յանդեքս» ընկերությունը Հայաստանում չունի գրասենյակ, որին կարող են բողոք ներկայացնել, այդ պատճառով էլ դժգոհությունը ներկայացնում են սոցցանցի միջոցով՝ ակնկալելով արձագանք։  

«Առաջ ունեին գլխամաս Մոսկովյան փողոցում։ Հիմա չկա, անգամ, որ օպերատորին զանգում ենք, օպերատորները տանից են պատասխանում։ Պատահել է, որ օպերատորի հետ խոսելիս լսել ենք, որ երեխուն ասել է՝ խելոք մնա, թող խոսեմ։ Դա այն ժամանակ, երբ մենք օպերատորներին  մեր բողոքն ենք  ներկայացնում»։

Բողոքների վերաբերյալ «Ռադիոլուր»-ին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյանը թվարկում է, թե ինչ նոր պայմաններ են ստեղծվել վարորդների համար։

«Հստակեցվել է նրանց համար «Yandex» տաքսի շրջանակում ամեն սակագնային պլանի համար մեքենայի թույլատրելի ժամկետայնությունը, ինչը թույլ է տալիս վարորդներին ավելի կանխատեսելի միջավայրում աշխատել։ Ավելի պարզ ասած, եթե, օրինակ, վարորդը 2024 թվականի արտադրության մեքենա է ձեռք բերում, նա հիմա արդեն հստակորեն կարող է հասկանալ, թե քանի տարի  նա կարող է կատեգորիայի մեքենան օգտագործել համապատասխան սակագնում։ Դրանից զատ՝ վարորդների համար նաև շատ կարևոր հանգամանք է, որ նախկինում գործող «Yandex պլյուս» համակարգը ամբողջովին վերափոխվել է և ամբողջովին ապահովվում է «Yandex» ընկերության կողմից, և վարորդն այլևս այս մասով ոչ մի վճարում չունի»։

Այս ֆոնին տաքսի ծառայության դիմաց վճարման տրամաբանությունն է երբեմն անհասկանալի։ Օրինակ՝ ինչու է նոսր անձրևին գինը գրեթե կրկնապատկվում, իսկ իրապես բարձր պահանջարկի դեպքում  գումարն ավելի ցածր լինում, քան, ասենք, փողոցների լիարժեք երթևեկելի պայմաններում։  

Մրցակցության հանձնաժողովի քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյանն ասում է՝ դրա լուծումը տվել են «Yandex» տաքսի ծառայության բջջային հավելվածում։

«Գների բացվածքը նույնպես  այժմ ներկայացված է հարթակում։ Այսինքն՝ եթե սպառողը  կոնկրետ պատվերն իրականացնելիս ուզում է հասկանալ, թե գինը ինչի՞ց է ձևավորվում, ինչքա՞ն է նա վճարում կիլոմետրի համար, ինչքա՞ն է նա վճարում ժամանակի համար, ինչքա՞ն է հավելավճարը, այդ բոլոր հանգամանքները նա ունի հնարավորություն տեսնելու անմիջապես հավելվածի մեջ, սեղմելով ընդամենը համապատասխան կոճակը»։

Նախորդ տարի օնլայն տաքսիների ոլորտի նոր կարգավորումներ սահմանվեցին։ Ըստ այդմ՝ եթե վարորդը պատվերներն ընդունում է օնլայն հարթակով, ազատվում է  հարկերը հաշվարկելու ու փոխանցելու պարտավորությունից, դա արվում է հարթակի, այն է՝ տաքսի-կազմակերպության կողմից, կտրոններն ավտոմատ գեներացվում են հավելվածում, և վարորդը չի պարտավորվում ձեռք բերել դրամարկղային սարք։

Այս իրավիճակում օնլայն տաքսի ծառայության հարթակները դառնում են ուղևորի և վարորդի միջև միջնորդ, նաև՝ ոլորտի հարկային և վարչարարական կենտրոնական օպերատոր։ Հարթակներն են հավաքում վարորդների տվյալները, հաշվարկում հարկերը, վերահսկում վճարումները և իրականացնում վարչարարական գործընթացները։

Բայց  սա նաև մտահոգություններ է առաջացնում, որ խոշոր  ընկերությունները դառնում են ոլորտի առանցքային դերակատար՝ շուկայի պայմաններ ու գներ թելադրելով, ունենալով տվյալների զգալի բազա։ Այսինքն՝ գործնականում ստանձնում են կարգավորողի դեր, որը պետք է ունենար պետությունը։

Վարորդներին ու քաղաքացիներին հուզող խնդիրների առնչությամբ «Ռադիոլուր»-ը կապ հաստատեց «Yandex» ընկերության հետ։ Այնտեղից բանավոր մեկնաբանությունից հրաժարվեցին, ուզեցին գրավոր հարցում, որին խոստացան պատասխանել սեղմ ժամկետում։

Վերադառնալով վարորդների գրանցման խնդրին․ օնլայն տաքսիների վարորդները քաղիրավական ծառայություն մատուցող են։ ՊԵԿ-ից ասում են՝ քաղիրավական պայմանագրերն ընդունելի են իրենց համար, իսկ գրանցման ձևի փոփոխության որոշումն իրենց տիրույթում չէ։ Ֆինանսների նախարարությունից պարզաբանեցին՝ առողջապահական ապահովագրության մասով որոշումը  առողջապահական գերատեսչությանն է։

Վերջինի կարգավորման համաձայն՝ քաղիրավական պայմանագրով աշխատողներն ապահովագրության համակարգում կներառվեն 2027-ից։ Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքների ենթադրյալ ոտնահարումներին, ապա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից բացատրեցին՝ քաղիրավական պայմանագրով աշխատողների խնդիրներն իրենց տիրույթում էլ չեն։

Վարորդներն ակնկալում են, որ կառավարությունում լսելի կդառնան իրենց խնդիրները։

Կարդացեք նաև

Back to top button