
Կրեմլը հաստատել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով եռակողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հանդիպման կոնկրետ ամսաթիվ ու վայր չի նշել։
Ավելի վաղ՝ Politico-ն հայտնել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր եռակողմ հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։ Պարբերականի աղբյուրը նշել էր, որ ամերիկյան պատվիրակությունը ակնկալում է առաջընթաց կարգավորման գործընթացում։
Բանակցությունները կարող են անցկացվել Աբու Դաբիում՝ ինչպես նախորդ երկու փուլերը, կամ Մայամիում՝ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, նշել էր զրուցակիցը։
Նախորդ եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ փետրվարի 4–5-ին։ Այդ ժամանակ Կիեւն ու Մոսկվան պայմանավորվել էին ռազմագերիների փոխանակման շուրջ՝ «157-ը 157-ի դիմաց» բանաձեւով։ Հանդիպման մասնակիցները այն որակել էին կառուցողական, սակայն կոնկրետ արդյունքներ չէին հրապարակել։




