ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սոցիալական կրեդիտը ավտոմատացման ճանապարհին. կառավարության նոր փոփոխությունները

Սոցիալական ծախսերի փոխհատուցման գործող մեխանիզմում կառավարությունը նախատեսում է մի շարք տեխնիկական և բովանդակային ճշգրտումներ՝ կապված եկամուտների հայտարարագրման համակարգի և սոցիալական կրեդիտների ստացման հետ։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն համակարգը դարձնելու ավելի ավտոմատ, պարզ և հասցեական՝ նվազեցնելով քաղաքացիների հավելյալ գործողությունները և ընդլայնելով թվային գործիքների կիրառումը։

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում։ Հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստին։

Նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք էականորեն պարզացրել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, հիշեցնում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և մանրամասնում  առաջարկվող փոփոխությունների նպատակը․ 

«Նախագծով առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին` սահմանելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, երբ ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը»։

Սա նշանակում է, որ նախկինում գործող մոտեցումը պահպանում է և սոցիալական փոխհատուցման կարգի առումով խստացում չի կատարվում՝ վստահեցնում է ֆինանսների նախարարը։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ ցուցանիշ է առանձնացնում․ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների 70 %-ը ինքնաշխատ եղանակով է լրացրել։

«Մենք էլ մտածեցինք, ասինք` եթե մարդկանց 70 %–ը բան չի ավելացնում և ինքնաշխատը արտահայտում է, ինչի՞ ենք մենք էդ լրացուցիչ գործողությունը պահում և հանգեցին էն եզրակացությանը, որ բոլորինը ինքնաշխատ եղանակով լրացվելու է, գեներացվելու է համընդհանուր հայտարարագիրը»։

Սակայն կա նաև 30 %–ի խնդիրը։  Այս խմբի մեջ մտնող քաղաքացիները, որոնք ունեն սոցիալական կրեդիտ վերադարձնելու խնդիր, պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենան։

Վարչապետի խոսքով՝ 76 հզր 537 քաղաքացի 2025–ին կամ 2024-ի հայտարարագրմամբ ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ։ Միջին գումարը մեկ հայտարարատուի համար կազմել է 81 հզր դրամ։

«Ես կարծում եմ, որ սա նաև կարևոր է էդ սոցիալական հասցեական մեր քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու և առավել հասցեական դարձնելու համար»։

Սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար որոշակի ուղղություններով  ծախսեր կատարելու դեպքում։ Գործադիրի ղեկավարն ասում է՝ ժամանակի ընթացքում տվյալները կվերլուծվեն և սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական կդառնա։ Ըստ վարչապետի՝ համեմատաբար մեծ եկամուտ ունեցող անձինք սոցիալական կրեդիտներ չեն ստանա, և այդ միջոցները կուղղվեն այն խավերին, որոնք դրա կարիքն ավելի շատ ունեն։

«Բայց մի x պահի մենք պետք է որոշումներ կայացնենք, և որոշակի խավի մարդկանց համար սոցիալական կրեդիտը կդառնա 0, իսկ ուրիշների համար, ասենք, կդառնա 150 հզր դրամ, 200 հզր դրամ՝  կախված արդեն կոնկրետ վերլուծություններից և իրավիճակից»։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է տարբեր ու բազմաթիվ դիմումների փոխարեն մեկ դիմում ներկայացնել, որը սոցիալական կրեդիտի տրամադրումը կդարձնի ավտոմատ։ Նախարարի խոսքով՝ այսպես գործընթացը  քաղաքացիների համար ավելի հեշտ և քիչ ժամանակատար կդառնա։

«Կարծում եմ` նաև թվային տրամաբանությունը մեզ հուշում է, որ մենք էդ դիմումները․․․անդադար դիմումներ գրելու տրամաբանությունից պետք է դուրս գանք։ Խնդրում եմ տենց աստիճանաբար, նաև էս առիթը օգտագործելով ազատվենք՝ որտեղ որ հնարավոր է առնվազն»։

ՊԵԿ նախագահը տեղեկացնում է՝ մշակվում է էլեկտրոնային նոր հարթակ, որը կփորձի լուծել համակարգի հասանելության և պարզացման խնդիրը՝ ներառյալ մեկ դիմումի ներկայացումը։

«Կլինի մի հավելված, որը, պարոն վարչապետ, Ձեզ էլ ենք զեկուցել, որը մարդկանց համար շատ ավելի պարզ եղանակով հասանելի կլինի իրենց հեռախոսներում և շատ հեշտ հարցերի միջոցով իրենց կուղղորդի ցանկացած դաշտ` հասկանալու, ինչպես նաև լրամշակելու և հաստատելու իրենց հայտարարագրերը»։

Սոցիալական կրեդիտի ենթակա ծախսերի տիրույթում ընդգրկված են նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։ Նախորդ տարի ավելի քան 800 ծրագիր է երաշխավորվել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ օգտվողների թիվը գնալով աճել է։

«Ինչը ցույց է տալիս, որ այս համակարգը իսկապես ունի բազմակի ազդեցություններ դրական իմաստով և կոնկրետ կրթության ոլորտում մենք դա շատ ակնհայտորեն տեսնում ենք»։

Ֆինանսների նախարարը հիշեցնում է, որ  2025–ի հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է։ Նախարարությունը, ի դեպ, շուտով նախագիծ կներկայացնի, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում: Սա, ըստ նախարարի,  հավելյալ պարզացում է, որը կլուծի մի շարք խնդիրներ՝ ներառյալ ընտանիքի անդամների միջև փոխանցումներ կատարելու և դրանք չհայտարարագրվող համարելու  հարցը։

Կարդացեք նաև

Back to top button