
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 9-ին Երևանում համաձայնագիր ստորագրեցին՝ միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան գործակցությունը շարունակելու։ Այս իրադարձությունից հետո դարձյալ ակտիվացել են քննարկումները Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմայով։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն մոդուլային կամ «դասական» տիպի ատոմակայանի ընտրության մասին է, այլ նաև այն երկրի, որն ի վերջո կկառուցի այդ ատոմակայանը։
Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ Ռուսաստան:
Մոսկվան հայտարարում է Հայաստանում ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին։ Ընդ որում՝ այս մասին հստակ հայտարարություն է արվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Հայաստան այցի օրը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին մասնավորապես ասել է, որ ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է ունի Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում։ Նա ընդգծել է, որ այդ հարցը պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ։ Ըստ Գալուզինի՝ «Ռոսատոմ»–ը մտադիր է հնարավորինս արագ սկսելու նախագծի իրականացումը, եթե Երևանը պատրաստ է դրան և ընդունում է ռուսական առաջարկը։
Գալուզինի այս հիշեցումը հաջորդեց ԱՄՆ փոխնախագահի՝ Երևանում արած այն հայտարությանը, որ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան գործակցության վերաբերյալ բանակցությունները ավարտվել են։ Խոսքը մոդուլային փոքր ռեակտորների մասին է․
«Մենք նաև շատ հպարտ ենք՝ հայտարարելու, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային գործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 մլրդ դոլար սկզբնական ամերիկյան ներդրում՝ գումարած լրացուցիչ 4 մլրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա փոխշահավետ է և նոր աշխատատեղեր է ստեղծելու ԱՄՆ–ում և ՀՀ-ում։
Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ․ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ՝ սա այն դեպքն է, որ մեր երկիրը շատ հազվադեպ է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ զերծ մնաց մոդուլային ատոմակայանների հարցով գործակցությունը Հայաստանի հետ շարունակելու մասին ԱՄՆ փոխնախագահի այդ հայտարարությունը մեկնաբանելուց։ Լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր՝ արդյոք հստակ պայմանավորվածություն և ընտրություն կա ԱՄՆ–ի հետ գործակցությունը շարունակելու հարցում․
«Ոչ կոռեկտ չեմ համարում խոսել մի բանի մասին, որի քննարկմանը ներկա չեմ եղել։ Վարչապետը երկու օրից հարցուպատասխանի է գալու ԱԺ, և եթե ընդդիմադիր գործիչները այդ հարցը տան, կարձագանքի։ Դա գործադիրի գործառույթն է, և ես ճիշտ չեմ համարում խոսել մի բանից, որի քննարկմանն առնվազն չեմ մասնակցել»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդադառնալով Հայաստանում միջուկային փոքր ռեակտորների կառուցման հավանականությանը, գրում է, որ մտահոգիչ է համարում, իր խոսքով, «դասական» ատոմակայաններից հրաժարվելու և մոդուլային փոքր ռեակտորներ կառուցելու մտադրությունը։ Նա հիշեցնում է, որ մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան ԱՄՆ-ում դեռևս փորձարկումների փուլում է, և մինչև 2030 թվականը արտադրություն չի նախատեսվում: Բադալյանը գրում է․
«Տվյալ պարագայում հարցը այլ է՝ ձևաչափը: Հրաժարվելով, այսպես ասած, մեծ կամ «դասական» չափի ատոմակայաններից և անցնելով մոդուլայինի, Հայաստանը հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից, որը թույլ է տալիս միջուկային էներգետիկան դարձնել պետական անվտանգության ապահովման կարևոր ռեսուրս:
Եվ այս խնդիրը առկա է՝ անկախ, թե ում հետ է Հայաստանը կառուցում մոդուլային ռեակտոր: Կկառուցի ԱՄՆ–ի հետ, թե Ռուսաստանի, թե Չինաստանի (վերջին երկուսը արդեն ունեն կիրառվող մոդուլային ռեակտորներ), ըստ էության, չունի սկզբունքային նշանակություն»:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ևս գրառում է արել մոդուլային փոքր ռեակտորների մասին․
«Այժմ ողջ աշխարհում փոքր մոդուլար միջուկային ռեակտորներ հաջողությամբ կառուցել են միայն Չինաստանը և Ռուսաստանը։ Հաշվի առնելով նաև այս հանգամանքը, որ գործող ՓՄՄՌ-ները ԱՄՆ աշխարհաքաղաքական երկու հիմնական մրցակից երկրներում են, ԱՄՆ-ի համար առավել կարևոր էր դառնում կառուցել իր առաջին ՓՄՄՌ-ը, չնայած ըստ մասնագետների՝ ՓՄՄՌ-ները չեն հասնի իրենց կոմերցիոն փուլին մինչև 2030 թվականը»։
Ռազմական փորձագետ Սոսի Թաթիկյանը, անդրադառնալով ընդդիմադիր շրջանակների հայտնած մտահոգությանը, որ Հայաստանին հենց այնպես միլիարդավոր դոլարներ չեն նվիրում, գրում է, որ ոչ մի երկիր ոչ մի երկրի ատոմակայան չի նվիրել աշխարհում․
«Ատոմակայանը թանկ հաճույք է, և ցանկացած երկիր այն գնում է։ Գնվում է տեխնոլոգիան, և դա ռազմավարական ներդրում է տրամադրող երկրի կողմից։ Մեր պարագայում, բացի էներգետիկ անվտանգությունից, այն նաև անվտանգության երաշխիք է, հատկապես, եթե ԱՄՆ-ի կողմից է տրամադրվում։ Ներկայիս իրավիճակում Ֆրանսիայի տրամադրելու դեպքում հարևանի կողմից հերթական հիբրիդային արշավ կսկսվեր»։
ԱՄՆ փոխնախագահ Վենսն ու Հայաստանի վարչապետ Փաշինյանը փետրվարի 9-ին համաձայնագիր ստորագրեցին միջուկային ոլորտում գործակցությունը խորացնելու վերաբերյալ: Պաշտոնական մակարդակով պարզաբանումներ այդ համաձայնագրի մասին դեռևս չեն ներկայացվում։




