Նրանք հավերժացնում են պահը, գործողությունը, հետաքրքիր և իրադարձային ակնթարթները՝ կերտելով պատմություն: Ու հաճախ հենց նրանց ստեղծագործական մասնագիտությունն է մեզ հնարավորություն տալիս վերադառնալու անցյալ, ունենալու ամենատարբեր հիշողություններ և զգալու աննկարագրելի էմոցիաներ:
Մարդկության կյանքը շրջադարձորեն փոխած մեծագույն հայտնագործություններից մեկի՝ լուսանկարչության զարգացումը պայմանավորված է գիտության և տեխնիկայի նվաճումներով: Սա մի ստեղծագործական մասնագիտություն է, որը միշտ նորաձև է, պահանջված և անսահման հետաքրքիր:
Ու չնայած մեր օրերում թվային տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված յուրաքանչյուրը կարող է լուսանկարել, բայց պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ են վառ երևակայություն, ճաշակ, մասնագիտական ու ստեղծագործական հմտություններ, դիպուկ աչք և ամենուր գեղեցիկն ու տպավորիչը նկատելու ունակություն:
Քաջ տիրապետելով լույսը ֆոտոխցիկով կառավարելու վարպետությանը, գիտակցելով պահի կարևորությունն ու ունենալով արագ կողմնորոշվելու կարողություն՝ նրանք ստեղծում են մնայուն և արժեքավոր կադրեր՝ ունակ ներթափանցելու երևույթների, մարդկային հոգու, բնավորության և անհատականության խորքը:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջի լուսանկարչական գործ մասնագիտության արտադրական ուսուցման վարպետներ Սրբուհի Մեծ-Գևորգյանն ու Լիաննա Աղումյանը:




