Բիզնես, որը կծառայի նաև մյուսներին, հատկապես խոցելի խմբերին. այս գաղափարն է մոտիվացնում 63-ամյա սկսնակ ձեռներեց Վահան Հայրապետյանին։ Նա որոշել է հարազատ Նոր Եդեսիա բնակավայրում հիմնել դիետիկ հացերի արտադրություն և վերականգնել իր մանկության անուշաբույր լավաշի հոտը։ Սոցիալական ձեռնարկությունը նա անվանել է «Շողիկ»՝ ի հիշատակ իր սիրելի կնոջ, որի մահվան պատճառը շաքարային դիաբետն է եղել։
«20 տարի շարունակ ես զբաղվել եմ կնոջս բուժմամբ ու խնամքով: Նա պետք է հատուկ հաց օգտագործեր, որը շատ մեծ դժվարությամբ էինք գտնում: Նոր ստեղծվող արտադրամասում կստեղծենք ամբողջահատիկ ցորենի 20 տեսակի դիետիկ հացեր»,- պատմում է պարոն Վահանը:
Սկսնակ ձեռներեցը բարձր գնահատականներով է ավարտել սոցիալական ձեռներեցների դպրոցը և շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք իրեն ոգևորել են, աջակցել ու հասցրել այս կետին:
«Կյանքում ինչքան սովորում ես, այնքան սովորելու տեղ ունես»,- համոզված է Վահանը, որին հարազատները «հավերժ ուսանող» են համարում: Մրցակիցներից նա ոչ միայն չի վախենում, այլև նրանց հաջողություն է մաղթում, որովհետև հավատում է՝ որակյալ հացի արտադրության մեջ հաղթող են բոլորը: Իր բիզնեսի համար նա մտադիր է աշխատանքի հրավիրել հաշվապահի, մարքեթինգի մասնագետի, ինչպես նաև հենց շաքարային դիաբետ կամ արյան բարձր ճնշում ունեցող անձանց, որպեսզի միասին նոր շուկաներ բացահայտեն և առողջ սնունդ մատակարարեն հասարակությանը:




