
2027 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պետական գնումներին վերաբերող փոփոխությունների չորս փաթեթ՝ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան ասել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գնումների գործընթացում որոշակի ազատություն են նախատեսել՝ միաժամանակ մեծացնելով հաշվետվողականությունը։ Ըստ Հովհաննիսյանի՝ կարևոր են և՛ հանրությանը շահը, որի գումարներն են ծախսվում, և՛ գործը կատարողինը։ «Այս երկու հարցերի համար պետք է ճիշտ բալանս գտնենք, որպեսզի նախկինում եղած կոռուպցիոն երևույթները հետ չգան»,– ասել է նախարարը։ Կառավարության այս նիստում ներկայացվել է փոփոխություններից մեկը։
Պետական գնումների հետ կապված դժգոհությունները շարունակվում են։ Պարբերաբար կատարվող փոփոխությունները դեռ էական արդյունք չեն տալիս։ Եկող տարվանից ոլորտում նոր կանոններ կգործեն։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դրանցից մեկը ներկայացնում է կառավարությանը․
«Կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին։ Առաջարկվում է ներդնել հետևյալ մոդելը․ փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը: Առաջին մակարդակը՝ հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, ֆինանսների նախարարը և նրա այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը, այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի»։
Արդեն երկրորդ մակարդակում սահմանափակումները կվերաբերեն վարչական ու քաղաքական անձանց՝ բացառությամբ ԱԺ պատգամավորների և ավագանու անդամների։ Այս դեպքում, առաջարկվող կարգավորումներով, փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և նրա կառավարմանը հանձնված առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների կազմակերպած գնումներին։ Երրորդ մակարդակը ԿԲ նախագահն ու տեղակալներն են, ՄԻՊ-ը։
Մյուս բոլոր պաշտոնյաների դեպքում, որոնք ներառված չեն առաջինից երրորդ մակարդակներ, փոխկապակցված անձինք կարող են մասնակցել գնումներին, բայց պայմանով՝ եթե տվյալ պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմ, պետք է ինքնաբացարկ հայտարարի։
«Եթե առկա չէ փոխկապակցվածություն, ապա պաշտոնյան ստորագրում և հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն»։
Ընկերություններին փոխկապակցվածության դեպքերը կքննի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Խախտում արձանագրվելու դեպքում պատվիրատուն պայմանագիրը կլուծարի միակողմանիորեն, իսկ ընկերությունը կփոխհատուցի վճարված գումարի 20 %-ը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կողմ է առաջարկվող փոփոխություններին, բայց որոշ մտահոգություններ ունի․
«Մենք չպե՞տք է թվայնացնենք այս ալգորիթմը, որպեսզի այն ռեալ գործի։ Մենք չգեներացնենք մի պրոբլեմ, հետո սկսենք իրավապահ մարմինների միջոցով դա լուծել։ Դա շատ ծախսատար է։ Չեմ կարծում, որ արդյունավետ է լինելու։ Սա պետք է գործի հետևյալ կերպ՝ ուղղակի, հայտավորման փուլում համակարգը դուրս գցի այդ հայտը»։
Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ փոփոխությունները փուլային են, փաթեթներով։ Կանոնակարգերը հստակեցնելու ժամանակ կա, կաշխատեն, խնդիրները կլուծվեն, և նոր խնդիրներ չեն առաջանան։ Փոխվարչապետը շեշտում է՝ պետական ու հանրային ծառայողների միասնական ռեգիստրներ կան, իրավաբանական անձանց սեփականատերերը, բաժնետերերը ևս հայտնի են։ Երկու տեղեկատվական շտեմարանների թվային հատումը խնդիրը ավելի հեշտ կբացահայտի։ Հարցին անդրադառնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․
«Այդ չափորոշիչով բոլոր պաշտոնյաները տարեկան հայտարարագիր են տարեկան լրացնում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հայտարարագրի մեջ մի սյունակ կարող է լինել, որտեղ էդ մարդկանց անունները կլրացնեն, դա կմիանա այդ համակարգին և հարցը կլուծվի։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ հարց տալ՝ վերջին շրջանում այս թեմայով հրապարակումները հատկապես շատ են կապված ՏԻՄ անդամների հետ, և խնդրում եմ ասել, թե այստեղ մենք արդյոք ունենք այդ կարգավորումները»։
Երկրորդ մակարդակում, ավագանու անդամներից բացի, ՏԻՄ բոլոր պաշտոնյաները ներառվում են՝ բացատրում է ֆինանսների նախարարը։ Ասում է՝ նախնական կարգավորումներն ավելի խիստ էին, քննարկել են, փորձել են գնահատել, թե որ պաշտոնյաները ինչ ազդեցություն ունեն գնումների վրա։ Կառավարությանը վերապահված է մակարդակները բարձրացնել․ եթե պարզվի, որ պատգամավորը կամ ավագանու որևէ անդամ ազդեցություն ունի գնումների վրա, ապա գործադիրը կարող է նրանց ևս ներառել արգելվող պաշտոնյաների ցանկ։
«Ռադիոլուր»-ը ֆինանսների նախարարին հարցնում է փոփոխությունների նպատակի մասին․
«Արդյունավետության բարձրացում։ Այստեղ գնումների ոլորտում տալիս ենք ազատություն, բայց մեծացնում ենք հաշվետվողականությունը։ Այստեղ կարևոր բալանս պետք է պահենք՝ հանրության շահը և գործը անողի շահը։ Պետք է կարևոր ձևով փորձենք ճիշտ բալանս գտնել, որպեսզի նաև կոռուպցիոն երևույթները, որոնք ժամանակին եղել են գնումների գործընթացում, կարողանանք հետ չբերել հանկարծ»։
Վահե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ֆինանսների նախարարությունում կատարողականի որոշակի արդյունքային ցուցանիշներ են սահմանել, որպեսզի կարողանան իրենք իրենց գնահատել։ Մասնավորապես՝ ցանկանում են գնահատել տեղի չունեցած մրցույթների քանակով, քանի որ եթե մրցույթը տեղի չի ունենում, նշանակում է, որ գործընթացը ինչ-որ տեղ ձախողված է, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել։
«Ամեն ձախողված գնում նշանակում է աշխատանքի ուշ կատարում, նշանակում է բյուջեի թերակատարում, հանրության համար կարևոր արդյունքների չստացում»։
Այլ ցուցանիշներ ևս կան։ Աշխատում են ապահովել մասնակցայնությունը, արդյունավետությունը։ Հովհաննիսյանն ընդգծում է՝ գնումների համակարգի իմաստը ծախսերի արդյունավետության ապահովումն է։




