Վերլուծական

ԲՀԿ- ն չի ուզում, ՀԱԿ- ը՝ չի կարող. հեղափոխական տրամադրվածություն չկա

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ուժերի վերադասավորություն եւ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության եզրեր գտնելու տարբերակներ. ահա այն,  ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։ «Չեմ հավատում, որ եռյակն իր այս տեսքով ու գործունեության այս ձեւով երկար կառաջնորդվի: Արդեն ակնհայտ է, որ երկու հիմնական ուժերի միջեւ տարաձայնություններ կան, իսկ երրորդը՝ «Ժառանգությունը», ըստ էության, քաղաքական ուժ չէ, այլ ընդամենը քանակ ապահովող մի կառույց է այդ ընդդիմադիր դաշտում»։

Վերջնահաշվարկում՝ բոլորն իրենց բոլոր քայլերով նպատակաուղղված են դեպի 2017 թվականի խորհրդարանական եւ 2018-ի նախագահական ընտրություններ, եզրահանգում է վերլուծաբանը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ՝ հայաստանյան ներքաղաքական զարգացումները պատկերավորեց բիզնեսի տեսակետից։ «Բիզնեսի տեսակետից՝ Գագիկ Ծառուկյանը փայլուն ավարտեց մի գործարք, որը կոչվում է բրենդի ձեռքբերում: Երկուսն էլ բրենդ են՝ եւ ՀԱԿ-ը, եւ «Ժառանգությունը», եւ դա ընդդիմության այն հատվածն էր, որ պայքարում էր հանրային շահը պաշտպանելու համար եւ այլն»։

ԲՀԿ-ն ստացավ այն, ինչը պլանավորում էր ստանալ՝ ունենալ գործուն  կուսակցություն՝ գումարած ժողովրդական ճակատ: Ժամանակն էլ, սակայն, դրա օգտին չի խոսելու։ Այդ ամենը կբերի նրան, որ մինչեւ 2017 թվականը եռյակի բոլոր ուժերն էլ կկորցնեն իրենց իմիջը, կարծում է Անդրեաս Ղուկասյանը։ Նա կանխատեսում է նաեւ, որ եռյակը կարող է պառակտվել, եթե հակասություններն ու գոյություն ունեցող հարցերը կարճ ժամանակահատվածում իրենց լուծումը չստանան:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ իրական հեղափոխական տրամադրվածություն այսօր չկա: «Նման ցանկություն չեմ տեսնում ԲՀԿ-ի մոտ, իսկ ՀԱԿԿի պարագայում էլ՝ չեմ տեսնում նման կարողություն: Ստացվում է՝ մեկը չի ցանկանում, մյուսը՝ չի կարող»,- ասում է։

Ինտրիգներն ավելի շատ լրատվական դաշտն ու փորձագետներն են առաջ բերում, քան՝ այն իրականում կա, համոզված է քաղաքագետը: Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ հնարավորությունները ստուգելու, հետախուզելու միտում ունի այսօր, թե ով ինչի է պատրաստ եւ ինչ հնարավորություններ ունի 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։

 

Back to top button