2025 թվականի նոյեմբերի 14-ին կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ կատարվեցին տարեց անձանց տրամադրվող խնամքի ձևերի, պայմանների ու կարգերի մեջ՝ նպատակ հետապնդելով արդիականացնել խնամքը և կիրառել նույնական մոտեցում բոլոր հաստատություններում:
Բնակչության ծերացման տեմպերի աճին զուգընթաց՝ հատկապես տարեցների ոլորտում առաջ է գալիս համակարգված արդիականացման ու սոցիալական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն: «Կարևորում ենք ավանդական ինստիտուցիոնալ խնամքի ձևաչափից անցումը դեպի կանխարգելիչ, համապարփակ, արդիականացված ու մարդակենտրոն խնամքի իրականացում»,- բացատրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի նորանշանակ պետ Սոնա Բարսեղյանը՝ ավելացնելով, որ ցանկացած ռեֆորմ սկսվում է իրավական կարգավորումներից:
Կառավարության որոշումից հետո կհաստատվեն խնամքի տրամադրման ընթացակարգերը, չափորոշիչները, ձևաթղթերը և այլն: «Մեր նպատակն է բարելավել տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի որակը, բարձրացնել հասցեականությունն ու հասանելիությունը և, ի վերջո, հասնել կյանքի որակի բարելավմանը»,- ասում է նա:
Բարսեղյանի խոսքով՝ «խնամք» ասելով հասարակությունը շատ հաճախ հասկանում է միայն կյանքի մայրամուտին մատուցվող ծառայությունները, բայց դա ավելի բազմաբովանդակ հասկացություն է. դա հենց այն սոցիալական աջակցությունն է, որը ներառում է զբաղվածության ապահովում, պոտենցիալի իրացում, իրավական աջակցություն, վերականգնողական ծառայություններ և այլն:




