
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը 2025 թվականին արձանագրել է նշանակալի հաջողություն՝ ազգային մակարդակում ճանաչվելով առաջինը, իսկ միջազգային հարթակում ընդգրկվելով աշխարհի լավագույն 1000 համալսարանների ցանկում։
Համալսարանը զբաղեցրել է 703-րդ տեղը աշխարհում և 175-րդը Եվրոպայում։ Պոլիտեխնիկը արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է UI GreenMetric World University Rankings վարկանիշավորմանը։ 105 երկրներից 1745 համալսարանների շարքում նախորդ տարվա համեմատ ԲՈՒՀ-ը բարելավել է իր դիրքը 200 հորիզոնականով։
Վարկանիշավորվող համալսարանների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 277-ով, ինչն արձանագրված արդյունքն առավել նշանակալի է դարձնում։
Հայաստանից վարկանիշային աղյուսակում ընդգրկված բուհերի շարքում Պոլիտեխնիկը զբաղեցնում է 1-ին տեղը։ Վարկանշավորման առանձին կշիռներով ազգային մակարդակում համալսարանը հանդես է գալիս որպես բացարձակ առաջատար բոլոր 6 դասակարգման կատեգորիաներում՝
- Ենթակառուցվածքներ և պայմաններ,
- Ջուր,
- Էներգիա և կլիմայի փոփոխություն,
- Թափոններ,
- Տրանսպորտ,
- Կրթություն և հետազոտություն։
Այս ցուցանիշները վկայում են, որ կայուն զարգացումը (Sustainable Development) շարունակում է մնալ համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից։
Համալսարանը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կանաչ և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման ընդլայնմանը, թափոնների վերամշակման գործընթացների զարգացմանը, ջրային և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու կլիմայի փոփոխությանը նվիրված գիտահետազոտական ծրագրերի խորացմանը։




