ԿարևորՔաղաքական

Մեկ ամսում Հայաստանի վարչապետի երկրորդ այցը ՌԴ․ Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ոչ ֆորմալ «խութերը»

2018 թվականից սկսած՝ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար հավաքվում են Սանկտ Պետերբուրգում տարեվերջյան հավաքների։ Այդ հրավերները սովորաբար ընդունում է նաև Հայաստանի վարչապետը։ Դեկտեմբերի 21-ին կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, իսկ 22-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Առաջինը համարվում է տնտեսական ուղղվածությամբ հավաք, իսկ երկրորդը՝ ավելի շատ քաղաքական ուղղվածությամբ ոչ պաշտոնական, երբեմն` ընկերական շրջանակում ազատ շփումների հնարավորություն։ Աշխատանքային մթնոլորտին զուգահեռ՝ այս անգամ ռուսական կողմն Էրմիտաժում է  ապահովել տոնական մթնոլորտ՝ համապատասխան ձևավորմամբ․ հյուրասիրություն, սկզբից էքսկուրսիա տարածքով, ապա՝ ԱՊՀ երկրների ղեկավարների միջև ոչ պաշտոնական շփումներ։

Այս ամսվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է ՌԴ-ում։ Դեկտեմբերի 7-8-ին ևս նա քննարկում էր Եվրասիական տնտեսական միության հարցերը միջկառավարական նիստի շրջանակում։ Տարեվերջյան հանդիպումն ավելի բարձր մակարդակով էր, իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ենթադրությամբ՝ Փաշինյանի՝ Ռուսաստան մեկնելու պատճառներն այս անգամ ավելի քաղաքական են։  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը  ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումների քաղաքական բաղադրիչում որոշակի խութեր է տեսնում։  

«Պարզ է` Պուտինը կպնդի, որ Ռուսաստանի սահմանապահները պետք է կանգնած լինեն Հայաստանի հարավում։ Դուք գիտեք, այս վերջին ժամանակներս Ռուսաստանը անընդհատ հայտարարում է, որ Հայաստանի հարավի երկաթգիծը, որը պետք է վերականգնվի,  ռուսական է, հայկական չէ։ Անընդհատ ասում են, որ այնտեղ իրենց սահմանապահներն են, ոչ ոք իրավունք չունի այնտեղ մտնել։ Ու այս ամենն ասվում էր պաշտոնական մակարդակով։ Պարզ է` Պուտինը կփորձի նորից իր կողմ քաշել։ Դա վտանգներ է մեզ համար պարունակում։ Ես չեմ բացառում, որ հենց դրա պատճառով այս վտանգները մեղմացնելու համար Նիկոլ Փաշինյանը գնաց Սանկտ Պետերբուրգ»։

Ավելի պարզ՝ քաղաքագետը ենթադրում է, որ Պուտինն այս հանդիպումների ընթացքում ամեն կերպ պետք է փորձեր տարածաշրջանային գործընթացները վերադարձնել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի տրամաբանությանը։ Սակայն ընթացքում հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահն «աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության» հիմնավորմամբ չմեկնեց Սանկտ Պետերբուրգ, թեև այնտեղ նրան սպասում էին և նախապես հայտարարում այդ մասին։ Այսպիսով՝ ինքնաբերաբար չի կայացել նաև տարեվերջյան ոչ ֆորմալ շփումը Փաշինյանի և Ալիևի միջև։

Հարավային Կովկասի մասով Ռուսաստանի ծրագրերի մասին, ըստ Ստեփան Գրիգորյանի, վկայում է նաև փաստը, թե ՌԴ նախագահը խաղաղության մրցանակը ում է շնորհել։

«Վլադիմիր Պուտինը շնորհեց խաղաղության մրցանակ երեք պետությունների նախագահների` Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկիստանի՝ Կենտրոնական Ասիայում խաղաղության ջանքեր գործադրելու համար։ Բայց հետաքրքիր է` Փաշինյանը և Ալիևը իրոք լուրջ քայլեր արեցին, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվեց։ Որքան կայուն կլինի, զարգացումները ցույց կտան, բայց միանշանակ արեցին լրջագույն քայլեր, որ կայունություն լինի։ Ինչո՞ւ իրենց չշնորհեց խաղաղության մրցանակ Պուտինը։ Նրանք միգուցե ավելի  արժանի էին այդ մրցանակը ստանալուն։ Դա էլ ցուցադրում է վերաբերմունքը»։

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացման խոսքում ՌԴ նախագահը կարևորել է գործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի, և տարածաշրջանի երկրները կպահպանեն ընդհանուր ժառանգությունը և պատմությունը։

Ի դեպ, հանդիպումներից և քննարկումներից առաջ պատմական դրվագների ևս անդրադարձ է եղել, երբ ԱՊՀ երկրների ղեկավարները Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու ուղեկցությամբ շրջայց են կատարել  թանգարանային համալիրում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում, որտեղ Էրեբունի ամրոցի հիմնադրման ապացույցներ են պահպանվում։ Առիթից օգտվելով՝  գործընկերներին պատմական տեղեկություններ է ներկայացրել նաև Հայաստանի վարչապետը։  

Ինչ վերաբերում է հանդիպումների տնտեսական բաղադրիչին, ապա Սանկտ Պետերբուրգում հավաքված առաջնորդները համոզմունք են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության զարգացումն օգուտներ է բերում Միության անդամ բոլոր 5 երկրներին՝ Հայաստանին, Ռուսաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին և Բելառուսին։ 

Միության հետ  գործակցող ցանկություն ունեցող այլ երկրների հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում մասնակից պետությունների համար։ Այս աշխատանքի շրջանակում Միությունը գործակցության պայմանագիր է կնքել Մոնղոլիայի հետ։ ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական տարածքը այժմ բացում է հնարավորություններ մի շուկայի համար, որտեղ կա 730 միլիոն քաղաքացի։ Նոր համագործակցություններին իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետը։

«Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը»։

Այս համատեքստում Հայաստանի վարչապետը  հատուկ ընդգծել է լոգիստիկ խնդիրների լուծումը՝ բարձր գնահատելով Ադրբեջանի նախագահի՝ իր երկրի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշումը։

Փաշինյանը սա համարել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկը։  

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի  նիստում վարչապետի   հիմնական ուղերձներն էին, որ Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը, բայց նաև մրցակցային հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտություն է տեսնում։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը  հարցեր, աշխատանքների ճանապարհային քարտեզը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հաստատվել է Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:

Կարդացեք նաև

Back to top button