Եվրոպացի ֆերմերներն իրենց տրակտորներով օրերս պաշարել են Բրյուսելը։ Բողոքի գործողությունն ուղղված է ԵՄ-ի և լատինաամերիկյան երկրների մեծ մասը ներառող Մերկոսուր առևտրային դաշինքի միջև համաձայնագրի կնքման դեմ։ Ցույցը խաղաղ չի անցել․ Բրյուսելի եվրոպական թաղամասը, որտեղ տեղակայված են Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի շենքերը վերածվել է իսկական մարտի դաշտի․ ցուցարարները գործի են դրել գյուղմթերք, ոստիկաններն՝ իրենց ավանդական գործիքակազմը։ Դիվանագետներին ստիպված են եղել տարհանել։
Բրյուսելի Եվրոպական թաղամասն է․ քաղաքին բնորոշ մեքենաների կողքին տրակտորներ են, ամենուր չոր խոտից բարիկադներ։ Մինչ Բելգիայի մայրաքաղաքաում Եվրամիության անդամ 27 երկների ու նույն կառույցի չորս տասնյակ գյուղատնտեսաական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումներ էին անցկացնում Հարավամերիկյան Մերկոսուր դաշինքի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ, ոստիկանության կողմից թույլ տրված 50 տրակտորին արդեն կեսօրին միացավ մոտ հազարը, ցուցարարների թիվը հասավ մոտ տասը հազարի։ Ֆերմերները դեմ են համաձայնագրին՝ կարծում են, որ ավելի էժան ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքը անհավասար մրցակցային պայմաններ կստեղծի իրենց համար, Եվրամիությունն էլ կորոշի կրճատել իրենց տրամադրվող սուբսիդիաները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպել էր ցուցարարների հետ և վստահեցրել նրանց, որ ԵՄ-ն շարունակելու է հաշվի առնել եվրոպացի ֆերմերների շահերը։ Բայց ֆերմերները նրան չէին հավատացել։
Ինչ–որ պահի նրանց ու ոստիկանների ջուրը մի առվով չհոսեց․ քաղաքակիրթ հարևանությունը վերաճեց առճակատման։ Խոտի դեզից բարիկադները ֆերմերները որոշեցին այրել, ոստիկանների ուղղությամբ կարտոֆիլ, գազար ու այլ գյուղմթերք նետեցին, քարերով կոտրեցին գերատեսչական շենքերի պատուհանները՝ փորձելով մտնել ներս, ոստիկաններն էլ պատասխանեցին իրենց ավանդական ուժային մեթոդներով, մինչև իրավիճակը հանդարտվեց։
Կրքերը հանդարտվեցին նաև այն պատճառով, որ վիճելի փաստաղթի ստորագրումը հետաձգվեց․ Եվրոպական Միության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի միջև առևտրային համաձայնագրի ստորագրումը գոնե մինչև հաջորդ տարվա հունվար տեղի չի ունենա, հաղորդում է Politico-ն։ Նույն հանդեսի տվյալով, Եվրամիության անդամ երկների ղեկավարներին լրջորեն անհանգստացրել է ստեղծված իրավիճակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Փարիզը չի ստորագրի Մերկոսուրի երկների հետ համաձայնագիր ներկա տեսքով, մինչև վերջնականապես չհամաձայնեցվեն գյուղատնտեսական տարբեր ճյուղերին տրվող երաշխիքները։
Եվրահանձնաժողովն է առաջ մղում Մերկոսուրի հետ գործարքը՝ քանի որ դրա կնքմամբ կստեղծի մոլորակի ամենամեծ ազատ առևտրի գոտիներից մեկը՝ ավելի քան 700 միլիոն սպառողի հասանելիությամբ:




