
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»- VII Ամառային դպրոց, ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, ուսուցիչների վերապատրաստում՝ ժամանակակից պատմագիտական մոտեցումներով և իրականացված բազմաթիվ այլ ծրագրեր՝ 2025-ի ընթացքում։
2025 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարունակեց իր կրթական առաքելությունը՝ իրականացնելով բազմաբովանդակ ծրագրեր՝ ուղղված ուսուցիչների, աշակերտների, ուսանողների և միջազգային կրթական համայնքի ներկայացուցիչների մասնագիտական զարգացմանը։

Ուսուցիչների վերապատրաստում և ամառային դպրոցներ․ Տարվա ընթացքում անցկացվեց Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման ամառային դպրոցը՝ նախատեսված հանրակրթական միջին և ավագ դպրոցի հայոց պատմություն առարկայի ուսուցիչների համար։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացան ժամանակակից ուսուցման մեթոդներին, թեմատիկ դասավանդման գործիքներին և պատմագիտական նոր մոտեցումներին։
Միջազգային կրթական համագործակցություն․ 2025 թվականին շարունակվեց ԱՄՆ-ի ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման ծրագիրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Genocide Education Project կազմակերպության համագործակցությամբ։ Ծրագիրը հնարավորություն տվեց ամերիկացի մանկավարժներին խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ և դրանք հետագայում փոխանցել իրենց կրթական համայնքներին։
Աշակերտական կրթական նախաձեռնություններ․ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում մեկնարկեց էսսեների մրցույթ՝ ավագ դպրոցի աշակերտների համար։ Մրցույթը նպաստեց պատմական մտածողության, վերլուծական և գրավոր հմտությունների զարգացմանը՝ խթանելով երիտասարդների հետաքրքրությունը ցեղասպանագիտության նկատմամբ։
Դասախոսություններ և մասնագիտական հանդիպումներ․ Տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտում կազմակերպվեցին թեմատիկ բանախոսություններ, հանդիպումներ հայ և օտարերկրյա գիտնականների հետ, ինչպես նաև ուսանողական այցեր՝ ուղղված Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ժամանակակից խնդիրների քննարկմանը։
Կրթական կողմնորոշման ծրագրեր․ 2025 թվականին ՀՑԹԻ-ն ընդունեց նաև աշխատանքային կողմնորոշման այցեր՝ ներկայացնելով թանգարանային և գիտահետազոտական գործունեության հնարավորությունները երիտասարդ մասնագետներին և ուսանողներին։ 2025 թվականի կրթական ծրագրերը վերահաստատեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դերը որպես գիտակրթական կարևոր կենտրոն՝ նպաստելով պատմական հիշողության պահպանմանը, գիտելիքի փոխանցմանը և միջազգային կրթական երկխոսությանը։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատի տ/շ Բաղրամյանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Թագուհի Պապյանը։




