
Տեղեկությունը, որ հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համար Հայաստանը աջակցություն կստանա ԵՄ-ից, ներքաղաքական դաշտում անհանգստություններ է առաջացրել։ Ընդդիմադիրներն այդ աջակցությունը երկրի ներքին գործերին միջամտելու, իսկ իշխանությունը ժողովրդավարությունն ու պետությունը արտաքին ազդեցություններից պաշտպանելու փորձ են համարում։
Մտահոգություններին զուգահեռ՝ քաղաքական ուժերն արդեն պատրաստվում են ընտրություններին ու բացում առաջին փակագծերը։
Ով ում հետ է բանակցում և ինչ ձևաչափով է պատկերացնում մասնակցությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններին․ քաղաքական ուժերից ոչ մեկը ժամանակից շուտ չի ցանկանում բացել «խաղաքարտերը»։ Առաջիկա քաղաքական պայքարի կանոնները որոշակիորեն փորձեց սահմանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հենց ԱԺ ամբիոնից։
«Այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք, բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք։ Մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք։ Ես ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ` նախընտրական պրոցես է սկսվում, հանկարծ չսխալվեք»։
Միջկուսակցական հանդիպումների և բանակցությունների մասին տարբեր լուրեր են շրջանառվում, որոնք կամ հաստատվում են, կամ հերքվում։ Շրջանառվող տեղեկություններից մեկի համաձայն՝ Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական հենարանը 2026-ին այլևս Դաշնակցությունը չի լինելու։ Լուրերը, թե այս անգամ այդ գործիչը ընտրությունների գնալու է 2024-ին ստեղծված «Առաջ» կուսակցության հետ, դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, իր իսկ ձևակերպմամբ, առաջին անգամ է լսում։
«Դաշնակցությունն իր մասնակցության ձևաչափը որոշում է ժողովների միջոցով։ Երբ հայտնի լինի, կասենք։ Շատ նորմալ հարաբերություններ են «Հայաստան» դաշինքի շրջանակներում։ Մենք մեր գործընկերների հետ ունենք շատ նորմալ հարաբերություններ, որևէ խնդիր չկա այս պահով, բայց ընտրությունների ձևաչափը կորոշվի ժողովին»։
Նախընտրական ձևաչափերի մասին տարբեր հայտարարություն-առաջարկներ արդեն հնչել են։ Մասնավորապես, նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հորդորել էր նախկին նախագահներին այլևս չմտնել ընտրապայքարի մեջ՝ իշխող ուժի հաղթանակին չնպաստելու համար։ Իշխանական ուժի նախկին գործընկեր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ առաջարկել է ձևավորել մեծ դաշինքներ և միավորումներ։
«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր հերթին նախաձեռնել է կլոր սեղան-քննարկումներ։ Ամեն անգամ հրավիրվելու են երեքական կուսակցություններ՝ առաջարկները քննարկելու և անելիքները հասկանալու համար՝ ասում է «Ազգային օրակարգ»-ի խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։
«Ի՞նչ անել 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Տարակարծություն կա այս հարցում։ Մի մասը, օրինակ՝ մենք, կարծում ենք, որ 30 տարի շարունակ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի եղել և հնարավոր չէ, որ լինի, որովհետև 30 տարի շարունակ Հայաստանում տիրում է ապազգային, հակապետական, կորպորատիվ, օտարի շահերը սպասարկող և ընդհանուր առմամբ հակահայ իշխանական համակարգ, և ընտրությունները, այսպես ասած, միջոցառում են, որը կազմակերպվում է, որպեսզի կարողանան իշխանության փոխանցում իրականացնել մի վարչակարգից մյուսին։ Եղել են, իհարկե, նաև այլ ձևաչափեր` պալատական հեղաշրջում 97 թ–ին, վերջինը եղել է 2018 թ–ին՝ իշխանության փոխանցում Նիկոլ Փաշինյանին։ Կա այլ կարծիք, որ պետք է մասնակցել և փորձել ընտրություն կոչվող միջոցառման միջոցով իշխանության փոփոխություն անել»։
Ամենաակտիվ և հրապարակային կրքերը, սակայն, հենց իշխող կուսակցությունում են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը հատիկ առ հատիկ ուսումնասիրում է պատգամավորության թեկնածու դառնալու համար ստացած բոլոր հայտերը։ Դրանք 300-ից ավելի են։ Թե ով կմնա նախընտրական ցուցակում, որոշելու է նախ վարչությունը, ապա՝ կուսակցականները քվեարկությամբ։ Օրվա ավարտին կուսակցության գրասենյակ հրավիրվող հավակնորդները նաև որոշ հարցերի են պատասխանում՝ մանրամասնում է ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ընդհանուր բարեվարքության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարեվարքության, ընդհանրապես պրոֆեսիոնալ որակների և ամեն ինչի։ Մենք ձեզ մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների՞, հա՞, ոչ էլ քննողների։ Ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների, ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ կա հստակ ընթացակարգ։ Մարդիկ, կուսակցականները, ի դեպ, նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց թեկնածությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է թեկնածուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացվում է թեկնածուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք»։
Ոմանք ՔՊ-ում արդեն ստացել են առաջին մերժումները։ Ընդամենը երկու տարի Աժ–ում աշխատած երիտասարդ պատգամավոր Ջուլիետա Ազարյանն, օրինակ, ասում է, եթե ցուցակում չընդգրկվի, չի սրտնեղի, քանի որ հենց վարչության նիստում էլ ասել է, որ իր ապագան տեսնում է գործադիրում կամ ՏԻՄ մարմիններում։ Թեև կուսակցությունից մերժում ստացած թեկնածուների անունները դեռ պաշտոնապես չեն հրապարակվում, բայց ներկուսակցական առաջին տարաձայնությունն արդեն կա։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը պատրաստվում է բողոքարկել ստացված մերժումը։ Նա մի շարք աղմկահարույց օրինագծերի հեղինակ է եղել, նաև հրապարակային տարաձայնություններ է ունեցել Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
-Ես իմ գործունեությամբ «ցավեցրել» եմ որոշ մարդկանց։ Դեռևս չեմ ցանկանում անուններ տալ։ Ես ինձ տեսնում եմ ԱԺ–ում, որևէ ամբիցիա չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու և չեմ ունեցել։ Տիգրան Ավինյանը իմ ընկերն է, նաև բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար, եթե ինքը տեղում լիներ, կքվեարկեր կողմ։ Սա ուզում եմ ասել, որպեսզի Տիգրան Ավինյանի հետ կապված բոլոր քննարկումները փակենք։
—Ալեն Սիմոնյանը ձեր ընկե՞րն է, Ավինյանի պես։
—Առաջիկայում կխոսենք, ոչ։ Հիմա ես ունեմ երկու ճանապարհ։ Առաջին՝ գնալ տուն և չլինել հաջորդ ցուցակում և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը` իրացնելով իմ՝ կուսակցականի իրավունքները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Սա անում եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար։ Կարող է բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետև ես դեռևս 2006-ից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին և տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թ-ից, երբ 14-տարեկան էի»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 20 հոգանոց վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ քվեարկել, որպեսզի Հայկ Սարգսյանը ընդգրկվի կուսակցության նախընտրական ցուցակում։
Վարչության անդամների հարցերին արդեն պատասխանել է նաև պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ Ասում է՝ մերժում ստանալու դեպքում չի ընդվզի, կմտածի, որ վատ է աշխատել, իսկ հետագա զբաղվածության որոշումը կթողնի կուսակցությանը։ Պատգամավորի խոսքով՝ նախընտրական ցուցակի ձևավորման կարգը ոչ թե խստացում է, այլ ներկուսակցական ընթացակարգ։
«Սա առաջի հերթական խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի է ունենում մեր իշխանության գալուց հետո։ Այսպես ասեմ, եթե 21 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեին հերթական, էլի այս ձևը կլիներ, բայց 18-ին եղել է արտահերթ, 21-ին եղել է արտահերթ։ Հիմա միակ ընտրություններն են, որը հերթական է։ Ի՞նչն է խնդիրը»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մեծ մասը դեռ սպասողական վիճակում է։ Ցուցակի հրապարակման ժամկետ չի նշվում, չի բացառվում, որ իշխող ուժը իր նախընտրական կազմը կհրապարակի հունվարին։




