
Երբ Հայաստանն սկսեց մշակել ժողովրդագրական ռազմավարություն, պարզ դարձավ, որ մեր երկրում ժողովրդագիր մասնագետներ, գրեթե, չունենք, կամ նրանց թիվը շատ փոքր է։ Մեր կրթական համակարգում ժողովրդագրությունը դեռևս չի զբաղեցնում այն կարևոր տեղը, որը պահանջում է երկրի ներկայիս ժողովրդագրական իրավիճակը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն առաջացավ զարգացնելու ժողովրդագրական կրթությունը։


ԵՊՀ-ում պաշտոնապես բացվեց Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը, որի նպատակն է ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ կձևավորվեն նոր սերնդի ժողովրդագիրներ ինչպես մասնագիտական, այնպես էլ շարունակական կրթության միջոցով։

«Ժողովրդական մարտահրավերները հիմնական են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողղջ աշխարհի համար։ Եվ այդ գիտակցությունը շատ դանդաղ է գալիս հանրային տիրույթ։ Բայց, կարևոր իրադարձություններից մեկը այն է, որ Հայաստանում անցած տարի կառավարության կողմից ընդունվեց ժողովրդագրության իրավիճակի բարելավման ռազմավարությունը, որը հիմնովին և բավականին մեծ ռազմավարական ծրագիր է։ Սրա արդյունքում Հայաստանը դարձավ ժողովրդագրական քաղաքականությունների իրականացման առաջատար երկրներից մեկը։ Այս գործընթացների ճանապարհին հասկացանք, որ բազմաթիվ խնդիրներ ունենք մասնագետների հետ կապված։ Մենք փորձում էինք հավաքագրել երիտասարդ մասնագետների, որոնք կուզենան մասնակցել Վիեննայի ինստիտուտում ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին։ Այդ ծրագիրը ներկայացվեց բազմաթիվ համալսարաններում և Հայաստանի կողմից 0 դիմող եղավ։ Պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ստեղծել համակարգված հիմք ժողովրդագրական կրթության համար»,- ասում է ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը։
Ժողովրդագրությունը միայն թվեր և վիճակագրություն չէ։ Դա գիտություն է մարդկանց, նրանց կյանքի որակի, ընտանիքի և սերունդների փոփոխությունների մասին։ Ժողովրդագրական տվյալների վերլուծությունն օգնում է կայացնել կարևոր սոցիալ-տնտեսական որոշումներ, կառուցել քաղաքականություններ և կանխատեսել զարգացման հեռանկարները։




