Նույնիսկ ոչ մարդը՝ Տարվա մարդ
Time ամերիկյան հանդեսի խմբագիրները 1927 թվականից են ընտրում տարվա մարդուն: Անվանակարգում հաղթող են ճանաչվում ոչ թե լավ կամ վատ մարդիկ, այլ տվյալ տարվա ընթացքում երկրների և մոլորակի զարգացման ընթացքի վրա կարևոր ազդեցություն գործած կանայք, տղամարդիկ և կազմակերպություններ:
Ուստի զարմանալի չէ, որ Տարվա մարդ են ժամանակին ճանաչվել ոչ միայն Նելսոն Մանդելան և Յիցխակ Ռաբինն, այլև՝ մեղա-մեղա, Ադոլֆ Հիտլերն ու Իոսիֆ Ստալինը:
«Տարվա մարդ» են ճանաչվել խմբեր՝ օրինակ, «Ամերիկացի գիտնականները», աբստրակտ եզրույթներ՝ «Ուկրաինայի ոգին»: Տարվա մարդ են ճանաչվել ոչ մարդիկ, օրինակ՝ «Համակարգիչը»: Իսկ ահա այս տարվա հաղթողը նորին գերազանցություն Արհեստական բանականության ստեղծողներն են:
ԱԲ-ն և՛ հիացնում Է, և՛ մտահոգություն պատճառում
«2025-ն այն տարին է, երբ արհեստական բանականության ողջ ներուժը բացահայտվեց մեր տեսադաշտում, պարզ դարձավ, որ հետդարձ չի լինի»,- X ցանցում անցած գիշեր հայտարարել են Time-ի խմբագիրները:
«Մտածող մեքենաների դարաշրջանը իրականություն դարձնելու, մարդկությանը միաժամանակ հիացնելու և մտահոգելու, ներկան փոխելու և հնարավորությունների սահմաններն ընդլայնելու համար Time-ը «2025 թվականի մարդ Է ճանաչում արհեստական բանականության ստեղծողներին»,- ասվում Է հանդեսի որոշման տեքստում։
Ամսագրի երկու շապիկներից մեկում պատկերված են Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, X-ի սեփականատեր Իլոն Մասկը և Ֆեյ-Ֆեյ Լին, որին ՏՏ ոլորտում անվանում են «արհեստական բանականության կնքամայր»։
Time-ը նշում Է, որ տասնամյակներ շարունակ մարդկությունը ականատես է եղել մտածող մեքենաների ի հայտ գալուն։ Հիացել է շախմատի չեմպիոններին հաղթելու նրանց ունակությամբ, բայց նաև չի մերվել ռոբոտներից բխող հնարավոր վտանգների, բնածին չարամտության և մարդու ոգին ճնշելու, մարդ-արարածին ստրկացնելու հեռանկարի հետ:
ԱԲ-ն փոխում է հասարակությունը և կյանքը
AI-ի, կամ, ինչպես հայաստանյան շրջանակներում են կես կատակ ասում՝ «Աբոյի» հիմնադիրները ճանաչվել են Տարվա մարդ: Արդյոք չի՞ գա այն օրը, երբ հենց ինքն Արհեստական բանականությունը կորոշի, թե ով է Տարվա մարդը և թե ինչպես պետք է ապրեն բոլոր մարդիկ:
Մասնագետները նշում են, որ հանդեսի որոշումը ցույց է տալիս, թե որքան արագ են արհեստական բանականությունը և այն կիրառող ընկերությունները փոխում մեր հասարակությունը և մեր կյանքը։
OpenAI-ն այս տարվա սեպտեմբերին հայտնել է, որ իր չաթբոտն ամեն շաբաթ օգտագործում է շուրջ 700 միլիոն օգտատեր։
Chatbot՝ խոսակցական ագենտ: Դա տեքստային կամ ձայնագրված հաղորդակցություն իրականացնող ծրագիր է:




