
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025-ին հիմնականում աշխատել է հանրային պաշտոն զբաղեցնողների մտածելակերպի և վարքագծի փոփոխության ուղղությամբ։ Արդարադատության նախարարության հետ համատեղ կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրավասությունը հանձնաժողովին վերապահելու օրենսդրական նախագիծ են մշակել։
Նախագծի ընդունման դեպքում ավելի խորությամբ կվերլուծեն վտանգները։ Կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողովում արդարադատության նախարարը ընդգծել է, որ հարցերը քննարկում են մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Նրա կարծիքով՝ սա խորհրդանշական է, քանի որ կոռուպցիան մարդու իրավունքի հետ է կապված։ Խնդիրներ ունեն առաջնահերթորեն պաշտպանելու մարդու իրավունքները։
Էական դրական առաջընթաց Հայաստանում․ կոռուպցիայի դեմ պայքարն այսպես է բնութագրում արդարադատության նախարարը։ Սրբուհի Գալյանն ընդգծում է՝ կոռուպցիոն դեպքերը բացահայտվում են։ Ոլորտի պատասխանատուն շեշտում է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը բաց են, կարելի է դրանք կարդալ, համեմատել ծախսերն ու եկամուտները, ու մտահոգության դեպքում դիմում ներկայացնել․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի մտահոգությունները։
«Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա, և իմ ասածը բնավ չի նշանակում, որ մեր երկրում չկա կոռուպցիա։ Մեր երկրում կան կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես որ կան աշխարհում, կոռուպցիայի ընկալման համաթիվն առնվազն մնացել է նույնը»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն ընդգծում է՝ 2025-ին հայտարարագիր չներկայացնելու երկու դեպք են բացահայտել։ Մեկի դեպքում հայտարարատուն մահացել էր, մյուսի դեպքում՝ չէր ներկայացրել․
«Մյուս տարիներին ունեցել ենք, օրինակ, 30-40 %։ Այս տարի փորձել ենք նաև նախորդ բոլոր տարիների համար չներկայացած հայտարարագրերը հանել ու դրա միջոցով հասկանալ որտեղ են խնդիրները»։
Ավելի քիչ սխալներ են հայտնաբերվել գործադիրի անդամների ներկայացրած հայտարարագրերում։ Խորհրդարանականների ու հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց դեպքում դրանք ավելի շատ են։ Հայաստանում 7 հազար բարձրաստիճան պաշտոնյա է հայտարարագիր ներկայացնում։ Նրանց ընտանիքի անդամներն ու փոխկապակցված անձինք միասին 21 հազար են կազմում։

Հայտարարագրերում բարձրաստիճան պաշտոնյաները լրացնում են նախորդ տարվա ընթացքում ձեռք բերած գույքը, եկամուտները։ Արդարադատության նախարարը ևս բնակարան է ձեռք բերել․
«Լավ եմ սովորել ժամանակին, ունեմ աշխատանք, որը լավ է վարձատրվում։ Այն ինձ տալիս է հնարավորություն վարկ վերցնելու, մարելու այն ու ունենալու գույքային ձեռքբերումներ։ Կարծում եք, որ նախարարները, կամ իմ նման կրթություն ստացած անձինք, չե՞ն ունենա այնպիսի արժանապատիվ աշխատավարձ, որ 15 կամ 20 տարվա ընթացքում մարե՞ն վարկը»։
Հաջորդ տարի մի շարք օրենսդրական նախագծեր կդրվեն շրջանառության մեջ։ Դրանցով կոռուպցիայի դեմ պայքարն ու կանխարգելումն ավելի լավ հիմքերի վրա կդրվեն, վստահեցնում է արդարադատության նախարարը։ Ազդարարման համակարգի հետ կապված որոշ խնդրահարույց կետեր կան, և իրենք նախագծերի փաթեթ են պատրաստել։
«Փաթեթը վերաբերում է ազդարարման նոր հնարավորությունների սահմանմանը նաև խոշոր ձեռնարկություններում։ Մենք սահմանում ենք ներքին և արտաքին ազդարարման հասկացությունները, սահմանում ենք ազդարարների պաշտպանության մեխանիզմների հետ հնարավորությունները և այլն։ Այսինքն՝ մենք գնում ենք ազդարարման համակարգի կատարելագործման ճանապարհով»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025-ին 200 ուսումնասիրություն է կատարել՝ շահերի, նվերների։ Խախտումներ հայտնաբերել են մոտ 10 %-ի դեպքում։ Բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել չեն կարող։ Բայց արարողակարգային՝ կարող են։ Մինչև 40 հազար դրամ արժեք ունեցող նվերները չեն հայտարարագրվում։ 40 հազար դրամը գերազանցող նվերները պարտադիր կերպով հայտարարագրվում են, իսկ 60 հազարը գերազանցող նվերի դեպքում պաշտոնյան հանձնում է Պետգույքի կոմիտե։ Մանրամասնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը․
«Այդ ինստիտուտը ընդհանուր կարևոր է թափանցիկության ու հաշվետվողականության տեսանկյունից։ Այս պահին մենք ունենք 240 կարգի նվեր հայտարարագրած, ու մեզ մոտ հրապարակային է, իհարկե, դեռևս չունենք միասնական ռեեստր, բայց, եթե տեսնեք, կայքում բոլոր նվերները բոլոր պաշտոնատար անձանց կողմից ստացված հրապարակային ներկայացված են»։
Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում հետաքրքիր, զարմանալի նվերներ կան։ Թե որ նվերից է ավելի շատ զարմացել, Մարիամ Գալստյանը չի բացահայտում։




