
Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գառնի գյուղում գտնվող, 0,11 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը ՀՀ-ին:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր ՏԿԵՆ-ի պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա՝ քաղաքացու սեփականության իրավունք:
Միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել գույքի նվիրատվությունը ՀՀ-ին, և գույքն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով:




