
ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը նախօրեին հայտարարել է, որ կվերստուգի 19 «մտահոգիչ երկրների», այդ թվում՝ Աֆղանստանի քաղաքացիներին տրամադրված green card-երը։
Ծառայության տնօրեն Ջոզեֆ Էդլոուն հայտնել է, որ նախագահ Թրամփը հանձնարարել է մանրակրկիտ ստուգել «մտահոգիչ երկրների» քաղաքացիներին տրամադրված միգրացիոն փաստաթղթերը։
Հանձնարարությունը հաջորդել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներին, որի հետեւանքով ծանր վիրավորվել էին ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինվորներ։
Նրանցից մեկը` 20-ամյա Սառա Բեքստրոմը, մահացել է։ Լուրը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սառա Բեքստրոմը Արեւմտյան Վիրջինիայի այն գվարդիականներից է, որի մասին մենք խոսում ենք. հարգված, երիտասարդ, գեղեցիկ կին, իր ծառայությունն սկսել է 2023 թվականի հունիսին՝ բոլոր առումներով իրեն դրսեւորելով որպես ակնառու անձնավորություն։ Նա հենց նոր ավարտեց ծառայությունը», — ասել է Թրամփը Գոհաբանության օրվա զինվորականների համար ուղերձում։
Երկրորդ վիրավորը` 24-ամյա Էնդրյու Վուլֆը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Սպիտակ տան մոտ կրակոցների մեջ կասկածվում է Աֆղանստանի 29-ամյա քաղաքացին, որը ԱՄՆ-ում հաստատվել է 2021 թվականին` այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։




