ՀարցուԳԻՏԱփորձ

Երգեք՝ առանց տաղանդի․ ո՞ւմ է պետք երաժշտությունը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Դու ամենախելոք մարդն ես, բայց ինչ-որ բան քո մեջ պակաս է։ Ինչ-որ մի հղկում դու չես անցել։ Նման ես մարդու, ով ուզում է, բայց իր մոտից դա դուրս չի գալիս, խցանում է մի տեսակ։
Չնայած մարդկային հոյակապ տեսակին»։

Առանց բառերի այս լեզվով՝ երաժշտությամբ հաղորդակցվելու անհնարինությունը խանգարում է մարդուն։ Գիտի՞ արդյոք մարդը դրա մասին․ հավանաբար՝ ոչ։ Բայց ի՞նչ իմանաս, որ չունես ինչ-որ բան, եթե չգիտես, որ այդ ինչ-որ բանը գոյություն ունի։

«Համարյա բոլորի տանը դաշնամուր կար։ Դաշնամուրն ասես պահարանի, բազմոցի, աթոռների, սեղանի պես պարտադիր մի բան լիներ։ Երեխան աչքը բացում էր, տեսնում էր այդ դաշնամուրը, սկսում ենք տնկտնկացնել։ Հետո ո՞ւր գնա երեխա՝ դաշնամուրի։ Եվ դրա համար աննորմալ մի բան էր ստացվում՝ 80 -ը գնում էին դաշնամուրի և շատ փոքր տոկոսը գնում էին լարային, առավել ևս՝ փողային, էլ չեմ ասում՝ ազգային գործիքների»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք պարզել՝ ինչո՞ւ է խրախուսվում երաժշտական կրթությունը, նույնիսկ տաղանդի՝ առերևույթ բացակայության պայմաններում։

***

Դուք հաստատ լսած կլինեք պատմությունն այն մասին, որ որևէ սպորտաձևով զբաղվող երեխաներն ի սկզբանե մրցակցային առավելություն ունեն․ նրանք առողջ են, ճկուն, ունեն առանձնահատուկ կարգապահություն, հաստատակամություն, գիտեն պայքարել, լինել թիմային խաղացող, ի վերջո՝ հաղթող։

Կար ժամանակ, երբ նույն էնտուզիազմով ողջունվում էր երեխաներին երաժշտական կրթություն տալու մտահղացումը։ Ոչ վաղ անցյալում էլ, օրինակ, դաշնամուրի դասերի գնալը երեխային (մեծահասակների աչքերում) մի առանձնակի արիստոկրատություն էր հաղորդում ու շատերն անցնում էին յոթնամյա այն կրթությունը, որի մասին, սակայն, ավելի հասուն տարիքում խոսում էին առանց իրենց ծնողների ոգևորությունը կիսելու, երբեմն՝ խիստ վատ հիշողություններով։

Տարբեր ժամանակներում երեխաներին ավելի լավը դառնալու համար տարբեր զբաղվածություններ են առաջարկվել։ Ինչո՞ւ էր խրախուսվում երաժշտական կրթությունը՝ նույնիսկ առանց տաղանդի նախանշաներ նկատելու, ի՞նչ է տալիս այն մարդուն։ Երգելն ու նվագելն անհրաժե՞շտ են․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Կիրթ հասարակությունը տանում էր երեխաներին երաժշտական դպրոց, որպեսզի դառնան ավելի լայն մտահորիզոնի, ավելի լայն աշխարհայացքի, ավելի ճկուն մտքի տեր մարդիկ։ Որովհետև երաժշտությունը զարգացնում է ուղեղի աշխատանքը՝ ինչպես հումանիտար շատ առարկաներ։ Թվում է, թե ֆիզիկան, մաթեմատիկան են զարգացնում, բայց նրանք, ովքեր հումանիտար կրթություն ունեն, իրենց ուղեղը շա՜տ ավելի ճկուն է»։

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյան․ նրա հետ ենք պարզելու երաժշտական կրթության ֆենոմենը։

«Հին Հունաստանում, Հռոմում ասում էին, որ նրանք, ովքեր ազնվական ծագում ունեն, պարտադիր պիտի անցնեին ֆիզիկա, մաթեմատիկա, փիլիսոփայություն և երաժշտություն։ Մնացածը համարվում էին ցածր խավի մարդիկ»։

Ոչ վաղ անցյալում էլ՝ խորհրդային տարիներին, երաժշտական գործիքները, մասնավորապես՝ դաշնամուրը, խիստ պոպուլյար էին։ Այն կար գրեթե բոլոր տներում։ Տարօրինակ է, իհարկե, որ մարդիկ հենց այս՝ մեծ, ծանր, շատ տարածություն պահանջող գործիքն էին ընտրում՝ որպես երեխային երաժշտության աշխարհ տանող պորտալ․

«Ես աչքս բացել եմ, դաշնամուր եմ տեսել։ Չգիտեմ պատճառն ինչ է։ Ճիշտն ասած՝ հետաքրքիր թեմա է, բայց չեմ խորացել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ հենց դաշնամուրը մտավ։ Գուցե որովհետև դաշնամուր առաջին հայացքից նվագելը հեշտ է։ Ջութակն ամենադժվար դիրքով նվագվող գործիքն է, թավջութակը տանել-բերելու խնդիր կա։ Իսկ դաշնամուրը․․․ դու գնում ես դպրոց՝ դպրոցում կա, գալիս ես տուն՝ տանը կա»։

2003 թ․-ին Տիգրան Հեքեքյանը նախաձեռնեց մի գործընթաց, որն ավարտվեց Ազգային ժողովի ընդունած օրենքով․ դա «մեռնող» գործիքների փրկության ճանապարհն էր։ Ազգային գործիքների, հետագայում՝ թավջութակի, ջութակի, փողային որոշ գործիքների ուսուցանումը դարձավ պետական ֆինանսավորմամբ։ Բայց հիմա երաժշտական գործիքի ընտրությունը կատարվում է ոչ թե ըստ դրա բարդության կամ էլեգանտության, այլ եկամտաբերության․

«Գիտե՞ք՝ ինչպես ջութակը հանկարծ մտավ երաժշտական կրթության, ասպարեզ, սկսեց գնալ առաջ։ 72 թ․-ին մենք ականատես եղանք՝ ինչպես հեռուստատեսությամբ Նոր տարվա ծրագրի ժամանակ հայտնի ջութակահարը նվագեց իր հայտնի մեղեդին։ Հետո դարձավ ռեստորանների ամենահնչող գործը, բոլորը սկսեցին գնալ ջութակի։ Հիմա շատ են գնում քանոնի։ Գիտե՞ք ինչու․ որովհետև հիմա քանոնի նվագակցության տակ հագցնում են հարսին։ Հասկանո՞ւմ եք, կենցաղը նույնպես թելադրում է։ Հիմա, իհարկե, փողն է թելադրում․ որտեղից փող կա, այնտեղ էլ գնում են»։

Բոլոր դեպքերում սա լավ է՝ ասում է Հեքեքյանը։ Շատ ջանք պետք չէ հասկանալու համար՝ ինչու է երեխաներին հորդորվում-պարտադրվում, օրինակ, ընթերցանությունը։ Այն լայնացնում է մտահորիզոնն ու աշխարհայացքը, զարգացնում երևակայությունն ու ճաշակը․․․ և այլն։ Ընթերցել կարող են բոլոր երեխաները․ այն հիմնականում ստացվում է։ Բայց երաժշտությունը, որ, առաջին հայացքից, ընտրյալներին վերապահված շնորհ է, ավելի դժվար է հանրամատչելի դառնում։ Այս երկուսը, ըստ զրուցակցիս, ուղեղի վրա շատ նման ազդեցություն ունեն․

«Չէ՞ որ սիմվոլները, այդ հնչյունները, որ լսում ենք, ընկալել է պետք։ Խոսքը, մանավանդ, դասական երաժշտության մասին է։ Դուք ասում եք՝ գրաճանաչ, գիրք կարդացող հասարակությունը․․․ այո՛, մեզ ասում էին՝ էս գիրքը կկարդաս, էս վեպը, էս բանաստեղծությունները անգիր կանես։ Եվ, այո՛, ինչքան տան գրապահարանը մեծ էր, այնքան հարգանքի էր արժանի։ Բայց, մի հատ մտածեք՝ գիրք կարդալն ինչ բարդագույն պրոցես է։ Դու տեսնում ես մի սիմվոլ՝ դա տառն է, հայերենում 36 տառ կա՝ չհաշված են 3-ը, որ ավելացան։ Պիտի տեսնես, ճանաչես, հետո մյուս տառը, հետո մյուս տառը, հետո մյուս տառը, տառեր իրար գումարես։ Տեմպ է պետք։ Արագ-արագ ընկալես, գումարես, հասնես բառի, հետո էդ բառերը վերջում իրար գումարես, դառնա նախադասություն, և հասկանաս նախադասության միտքը։ Պարբերությունը, հետո ամբողջ գլուխը․․․ ուղեղի լուրջ աշխատանք է»։

Երաժշտության մեջ տառերը՝ նոտաները, այնքան շատ չեն․ ընդամենը 7-ը։ Բայց երեխան, ով փորձում է դրանք սովորորել, դրանցով «բառ», «նախադասություն», «միտք», «պատմություն» ստանալ, լուրջ մտավոր աշխատանք է անում․

«Էդ հնչյունները տարբեր ձևով են գրվում, տարբեր բարձրությունների վրա․ մենք ունենք մի քանի օկտավա, և ամեն օկտավայի գրելաձևը, բանալիները տարբեր են։ Երեխան պիտի տեսնի էդ սիմվոլը, պիտի ոչ միայն տեսնի, այլև ներքուստ լսի, իսկ հետո կարողանա երգել, այսինքն՝ վերարտադրել։ Շատ-շատ դժվար պրոցես է։ Երբ երեխան էդ ամենի միջով անցնում է․․․ դուք պատկերացնո՞ւմ եք՝ ուղեղի ինչ աշխատանք է, ինչ ճկունություն է։ Նման երեխաները 100 %-ով տարբերվում են իրենց հասակակիցներից»։

Բայց արդյո՞ք բոլորը կարող են անել մտավոր այդ աշխատանքը։ Հաջորդ նախադասությունները գուցե որոշ մարդկանց մոտ մանկության ոչ այնքան հաճելի հուշեր արթնացնեն․ երեխան գնում էր դպրոց, հնչում էր զանգը, դասարան էր մտնում ուսուցիչն ու ասում՝ սկսում են երգել․ երգեցողության դասն էր։ Սա իրական տառապանք էր այն երեխաների համար, ովքեր երգել չգիտեին, որոնց ձայնալարերը, թունդ դավաճանի պես, արտաբերում էին ոչ այնքան բարեհունչ հնչյուններ ու առաջացնում ընդհանուրի ծիծաղը։ Ուրեմն՝ արդյո՞ք բոլոր երեխաները կարող են ու պիտի գործ ունենան երաժշտության հետ․

«Լսողությունը զարգացող երևույթ է։ Չունեցող սկսում է մի քիչ ունենալ, մի քիչ ունենցողը՝ շատ ավելի, լավ լսողություն ունեցողը, եթե շատ մարզվի, կարող է հասնի համարյա բացարձակ լսողության։ Դրա համար պետք է մի քիչ պատրաստել։ Ոչ թե՝ դու երգի, հետո դու երգի։ Դա համար գոյություն ունի երչախումբ, և ամբողջ աշխարհը հասկացել է արդեն, որ երեխան պետք է ոչ թե գնա երգի կամ վոկալի դասի երաժշտական դպրոցում, այլ ցանկացած գործիքի պիտի տիրապետի, ցանկացածի՝ որը կարողանում է, որը սիրում է, որի տեսքն է սիրում, հնչողությունն է սիրում և կարողանում է ձայն արտաբերել։ Իսկ երգելու համար անցնում են խմբակային երգեցողությունը»։

Տիգրան Հեքեքյանը հիշում ու հիշեցնում է այն դեպքերը, երբ Արամ Խաչատրյան համերգասրահում հավաքված 1200՝ առաջին հայացքից երգել չիմացող երեխաները մասնագետի հետ 15 րոպե աշխատանքից հետո քառաձայն մեղեդի էին հնչեցնում։ Սիրողական երգչախմբում երգելն առանց մեծ պատասխանատվության դեպի երաժշտության հետ առնչվելու ճանապարհն է, երաժշտության հետ առնչվելը՝ միտքը, հոգին ու ճաշակը հարստացնելու հնարավորությունը։ Այդ ճանապարհը կարող են անցնել բոլորը՝ անկախ տարիքից։ Եթե մտածում եք, որ մեղեդիների հետ ոչ մի աղերս չունեք, մտածեք նորից․

«Միշտ գալիս, ասում են՝ իմ երեխան լսողություն չունի, բայց ուզում ենք տանք երաժշտական դպրոց։ Ասում եմ՝ որ դուք գնում եք բժիշկի, ասո՞ւմ եք՝ երեխաս էս հիվանդությունն ունի կամ առողջ է։ Դուք ի՞նչ գիտեք։ Տարել եք բժիշկի, որ բժիշկն ասի, չէ՞։  Գիտե՞ք ինչքան երաժիշտ կա, որ չի կարողանում հասկանա՝ երեխան լսողություն ունի, թե չունի։ Ես չէի համարձակվի անուն տալ, բայց ինքը բեմից է դրա մասին ասել, դրա համար ինձ թույլ եմ տալիս․ մեր մեծ երաժիշտներից Ռոբերտ Ամիրխանյանը պատմեց, որ իրեն առաջին տարին չեն ընդունել Սայաթ-նովա երաժշտական դպրոց՝ լսողություն չունենալու պատճառով։ Դե, ուրեմն, արդեն պարզ է, չէ՞, որ մարդիկ միշտ չի, որ երաժիշտները կարողանում են հասկանալ»։

Երաժշտական դպրոցներում սովորող աշակերտների քանակով այսօր Հայաստանում առաջատարը Կոտայքի մարզն է․ այնտեղ 3362 երեխա երաժշտական կրթություն է ստանում։ Հաջորդիվ ակտիվ են Արարատը, Շիրակը, Լոռին, Արմավիրը։ Վայոց Ձորը, որը եզրափակում է ցուցակը, երաժշտական դպրոցում սովորող ընդամենը 451 աշակերտ ունի։

Այս որոշումը սովորական մի բան է, որը կայացնում է ծնողը՝ հիմնականում գնահատելով երեխայի տաղանդը սեփական սանդղակով։ Բայց այդ սովորական որոշման կայացումից կարող է կախված լինել երկրի բնակիչների ճաշակը, որակը, և գուցե շատ ավելի կարևոր բաներ։

Կարդացեք նաև

Back to top button