
«Խնդիրը սկսում է դրսևորվել շատ վաղ տարիքից, սակայն հաճախ վերագրվում է շատ տարբեր կողմնակի գործոնների՝ դե, ակտիվ երեխա է, աշխույժ երեխա է, այդպիսին էր նաև իր այս ազգականը, մի քիչ երես ենք տվել․․․»
Կա հավանականություն, որ ձեր երեխան չարաճճի, երես առած չէ։ Սակայն կա նույնպիսի հավանականություն, որ ձեր շատ ակտիվ, շատ շարժուն, շատ ու շուտ ձանձրացող ու սեփական մտքերի հետևից չհասցնող երեխան, ով չարաճճի ու երես առած չէ, իրականում ունի նյարդաբանական-վարքային խանգարում։
— Նախադպրոցական տարիքում երեխան պիտի կարողանա գոնե
15 րոպե մի գործունեության շրջանակներում լինել։
— Դա շատ մեծահասակների համար էլ է այսօր խնդիր։
— Շատ մեծահասակների համար էլ։ Բայց երեխան պիտի նստի,
իր խաղալիքներով խաղա։ Հետաքրքրվի նույն բանով։
— Իսկ եթե տեղի չի ունենո՞ւմ։
— Իսկ եթե տեղի չի ունենում, լավ կլինի մասնագետի հետ խորհրդակցել։
Բարև։ Եթերում «ՀրացուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա հաղորդումը Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի մասին է։
***
Ձեր շրջապատի ամենափայլուն-ամենազրնգուն մարդիկ, ովքեր շռայլ են իրենց էներգիան ու էմոցիան կիսելիս և միշտ ունեն ասելու ինչ-որ բան, հավանաբար ունեն նաև ուղեղի աշխատանքի յուրահատուկ մի ձև՝ մտքում ու մարմնում ստեղծագործական խառնաշփոթ առաջացնող խանգարում։
Առաջնային կեղևն ու ստրիատումը՝ մեր ուղեղի գործադիր գործառույթների համար պատասխանատու հատվածները, ապահովում են ուշադրության պահպանումը, պլանավորումը, իմպուլսների վերահսկումն ու գործողությունների հաջորդական կազմակերպումը։ Բայց որոշ մարդկանց մոտ այս գործառույթները կազմակերպվում են ավելի անկայուն կերպով, ինչի պատճառով էլ ուղեղը դժվարանում է ֆիլտրել ոչ կարևոր ինֆորմացիան և կենտրոնանալ առաջնայինի վրա։ Նյարդաբաններն ու հոգեբաններն ասում են՝ այս առանձնահատկությունն ունեցող մարդիկ ունեն ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ։
Ի՞նչ է սա և ինչո՞ւ են վերջին շրջանում ավելի շատ մարդիկ ախտորոշվում այս համախտանիշով, ինչպե՞ս է դրսևորվում և ազդում մարդու կյանքի որակի վրա, ինչպե՞ս հասկանալ՝ գործ ունենք պարզապես ակտի՞վ, թե՞ այս համախտանիշը կրող մարդու հետ․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Տվյալ խանգարման նկատմամբ ուշադրության ուղղումը տեղի է ունեցել վերջին 20 տարիների ընթացքում։ Այսօր արդեն նյարդաբանական հիմքով շատ հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ դա գլխուղեղի որոշակի կառուցվածքային խնդիր է՝ բջիջների, նեյրոնների, նեյրոնային կապերի մակարդակով։ Եվ եթե դա նյարդաբանական խնդիր է, ապա պարտադիր է նաև բժշկական մոտեցումը»։
Հարմար է կարծել, թե երեխան պարզապես հետաքրքրասեր է ու էներգիայով լի, հատկապես մի երկրում, որտեղ նյարդաբանական-հոգեբանական առանձնահատկությունների վրա երբեմն «ամոթ» պիտակն է դրվում։ Սակայն Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր տնօրեն, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Կարապետյանն ասում է՝ սա մի քանի տեսակ և մի քանի ուղղությամբ կյանքի որակի վրա ազդող համախտանիշ է․
«Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը մի քանի տեսակների ունի։ Առաջինը, երբ գերակայում է ուշադրության խնդիրը․ ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն կա, արագ շեղվելու հակում կա։ Երեխան տարբեր արտաքին ազդակների ազդեցությամբ անմիջապես շեղվում է, սկսում է տարվել դրանցով։ Եթե մենք ուշադիր չլինենք, չենք ընկալի, չենք կարողանա խորքային մտածել, չենք կարողանա մեր մյուս հոգեկան գործունեությունը լիարժեք կատարել։ Այս շեղվածության դեպքում երեխայի վարքը կառավարվում է երեխայի ուշադրության հիման վրա՝ ոչ թե նրա ներքին վերահսկողությամբ, այլ արտաքին ազդակներով։ Երեխան նստած է, դուռը բացեցին՝ շեղվեց էդ կողմ։ Դրսում մի բան տեսավ՝ շեղվեց դրա կողմ։ Կողքից ինչ-որ մեկը շարժվեց՝ շեղվեց դրա կողմ։ Եվ անընդհատ ուշադրությունը կտրվում է։ Ու ստացվում է, որ երեխան չի կարողանում լիարժեք իրականացնել մտածողության պրոցեսը՝ մինչև արդյունքը»։

Այս տեսակը կարող է անդրադառնալ երեխայի զարգացման վրա․ մտավոր ու հոգեկան զարգացումը բնականոն ընթանալու ավելի մեծ պոտենցիալ ունի կենտրոնացած ուշադրության պարագայում։ Երկրորդ տեսակի դեպքում շեշտվածությունը գերակտիվության վրա է։ Այս դեպքում վնասակար ազդեցությունն ավել մեղմ է՝ երեխան կարողանում է կենտրոնանալ, լսել ու ընկալել ամեն ինչ, սակայն դա անելուն զուգահեռ անընդհատ խոսելու, շարժվելու կարիք ունի։ Երրորդ դեպքում առկա են երկու շեշտվածություններն էլ։
— Դժվար է ասել, թե ինչից է սկսվում․ շատ տարբեր գործոններ կարող են լինել։ Էսօր խոսում են շաքարի օգտագործման մասին, որը կարող է ազդել այս խնդրի ձևավորման վրա։
— Դուք նկատի ունեք հղիության ընթացքում կնո՞ջ ընդունած սնունդը, թե՞ երեխայի։
— Եվ-և։ Շատ են լինում դեպքեր, երբ ակնհայտ երևում է երեխայի վարքում․ քաղցր ընդունեց ու դրանից հետո չի կարողանում «տիտիկ» անել։ Ու պետք է վազի, պետք է այդ էներգիան անպայման հանի, հետո նոր կարողանա նստել։ Երբ նման գանգատով են գալիս, (քանի որ մեր մոտ շատ հետազոտություններ մի քիչ դժվար է իրականացնել՝ թանկ հաճույք է, հնարավորությունների խնդիր է) խորհուրդ ենք տալիս, որ որոշ ժամանակ՝ 1-2 շաբաթ, հանեն շաքարը, որ տեսնենք՝ տակը ինչ պատկեր է մնում, արդյոք էդ գերակտիվությունը մնում է, թե՞ ոչ։
Ուշադրության պակաս ու գերակտիվություն առաջացնող մյուս խնդիրը էկրանակախյալ կենսակերպն է։ Այսօր երեխան սովոր է, որ պատկերները պետք է փոխարինեն մեկը մյուսին, ամեն հաջորդ պահի լինեն ավելի գունեղ, ավելի խիտ, ավելի բարձր։ Դա է հետաքրքիր։ Նրան 15 վայրկյանը մեկ նոր գործողություն ու նոր էմոցիա առաջարկող ռիլեր թերթելուց հետո դժվար է ստիպել 150 էջանոց գիրք կարդալ։ Դա ձանձրալի է։ Եվ բնական է, որ կարդալու ընթացքում ուշադրությունը պետք է սավառնի առարկայից առարկա՝ փնտրելով գոնե մեկ շարժում, գոնե մեկ նոր գույն։
— Բայց մենք չպիտի վերցնենք միայն արտաքին շեղող գործոնները։ Շատ հաճախ գանգատվում են, որ երեխաները երազկոտ են։
— Գեղեցիկ գանգատ է․․․
— Շատ գեղեցիկ է, բայց երեխան գնում է իր մտքերի հետևից ու ցատկում է իր մտքերով։ Եվ արտաքին ազդակներին, օրինակ՝ ուսուցչի պատմածին, արտաքին որևիցե կարևոր գործոնի, որին պետք է հետևել, չի կարողանում ուշադրություն դարձնել։ Էնպես որ, միայն արտաքին գործոնները չպիտի լինեն վերահսկելի, այլ նաև պիտի կարողանանք երեխային կամ թեկուզ մեծահասակին դուրս բերել իր էդ ներքին շեղող ընթացքից։

Ինչո՞ւ է այս համախտանիշը բնորոշ երեխաներին․ չէ՞ որ մեծահասկաները, իրենց կենսակերպով պայմանավորված, նույնպես կարող են ունենալ ուշադրության՝ սուր արտահայտված խնդիր։ Հարցն այն է, որ նյարդային համակարգը իր ձևավորման գործընթացը սկսում է բոլոր օրգանների մեջ առաջինը, և ավարտում է այն ամենավերջում՝ մոտ 25 տարեկանում։ Մարդը ծնվում է որոշակի մեկնարկային կետով, բայց կյանքի առաջին տարիներից ձևավորվող սովորությունները դառնում են նյարդային համակարգի կարևոր բաղադրիչ։ Ուստի այս խանգարման նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդը կյանքի առաջին տարիներին արտաքին ազդակների ազդեցությամբ սրում է այն, կամ չեզոքացնում։
«Մենք շարունակում ենք տարբեր արտաքին ազդակների ներգործության տակ գտնվել, նյարդային համակարգը քիչ թե շատ պլաստիկություն պահպանում է։ Եվ հնարավոր է, որ ուշադրության դժվարությունները մեզ մոտ էլ առաջանան։ Բայց, ի տարբերություն երեխաների, մեծահասակներն ունեցել են ձևավորման շրջան, որտեղ էդ կայունությունը եղել է։ Դրան վերադառնալը շատ ավելի հեշտ է, քան երեխաներին, որոնք էդ փորձը չեն ունեցել, որոնց համար գլխուղեղում էդ կարևոր կապերը չեն ձևավորվել»։
Մեծահասակը, յուրացրած համակեցության կաննոները, դեմ կգնա իր բնույթին ու կստիպի իրեն հանգիստ նստել կարևոր քննարկման պահին, չընդհատել դիմացինին խոսքի կեսից, ուշադրությունը գրաված բան տեսնելիս վազելով չանցնել փողոցի մյուս մայթ ու չվտանգել կյանքը։ Երեխան չգիտի՝ ինչու դեմ գնալ սեփական բնույթին։ Ուրեմն կարևոր է ի սկզբանե հասկանալ, որ առկա է այս խանգարումը և աստիճանաբար աշխատել երեխայի զարգացումը ըստ դրա կազմակերպելու ուղղությամբ։ Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ակտիվությունն արդեն խնդրի է վերածվում․
«Երեխան չի կարողանում նույն գործունեության վրա երկար պահել ուշադրությունը։ Նախադպրոցական տարիքում համարվում է, որ երեխան պիտի կարողանա 15 րոպե գոնե մի գործունեության շրջանակներում լինել։ Դեռահասների մոտ սահմանը ավելի մեծ է՝ մոտ 30 րոպե պիտի կարողանա նույն գործունեության վրա ուշադրություն պահել։ Ի դեպ, շատ ծնողներ ասում են, որ երեխան ժամերով կարող է էկրանի առջև լինել, մենք հաշվի չենք առնում հեռուստացույցը»։

Երեխայի ուշադրությունը փրկելուն ուղղված լիարժեք բուժում այս պահին չկա։ Առկա է դեղորայք, որը Հայատսանում հասանելի չէ։ Հոգեբանն ասում է՝ լուծումը առանձնահատկությունը ճանաչելն ու ըստ դրա կյանքը կազմակերպելն է․ այսպես պետք է օրը երեխայի համար կանոնակարգված դարձնել, հստակ սահմանել, որ այս գործողությունից հետո կատարվելու է այս մեկը։
Քայլ երկրորդ՝ հեռացնել հեռախոսը․ երբ ուշադրությունն էկրանին է, այն իրականում ոչ մի տեղ չէ։
Քայլ երրորդ՝ նվազեցնել կոնկրետ գործողություն կատարելիս երեխային շեղող հանգամանքները, օրինակ՝ գրասեղանը չդնել պատուհանի կողքին, դասասենյակում ակտիվ երեխային չնստեցնել ամենավերջում, որտեղից տեսանելի է ամեն շարժ։
Քայլ ամենակարևոր՝ չպատժել երեխային ակտիվության՝ իր բնույթի համար։ Բայց ի՞նչ տեղի կունենա, եթե սա չարվի ու այս համախտանիշով երեխան դառնա մեծահասակ․
«Իրենք դիմում են լրիվ ուրիշ՝ տագնապի, դեպրեսիայի, վարքային, կախվածությունների խնդիրներով, բուժման չենթարկված ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը ունի էդ վտանգը»։
Սա ձեր շրջապատի այն փայլուն-զրնգուն մարդկանցից որոշների սովորական կյանքն է։ Իսկ մեր կյանքի այլ՝ սովորական դարձած երևույթների գիտական ու մասնագիտական հիմքերը պարզելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։




