ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչպե՞ս է երեխան ճանաչում աշխարհը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Աշխարհի, կյանքի բարդությունն ու քո ֆիզիկական հնարավորությունները գալիս, հատվում են մի կետում․ դու էդ պահին կամ հաղթահարում ես, կամ ասում՝ լավ, էս պահին չստացվեց, հաջորդ պահին կստացվի»։

Այս աշխարհը բոլորովին նոր մի բան է գրեթե բոլորի համար, գրեթե բոլոր տարիքներում։ Անկախ ապրածի որակից ու քանակից՝ այն միշտ մի թաքուն բան ունի, որն ամենաանսպասելի պահին կհայտնվի ու կզարմացինի։ Այս գիտակցմանը զուգահեռ, սակայն, մարդը փորձում է ամեն ինչ իմանալ աշխարհի մասին, ճանաչել այն ամենայն մանրամասնությամբ և անում է դա կյանքի առաջին պահերից։

«Դա որևէ մեկի համար կարող է թեքություն չհամարվի, մտածի՝ էս ինչ ուղիղ ճանապարհ ենք գնում։ Իսկ ինչ-որ մեկի համար դա կարող է լինել լուրջ խոչընդոտ, դժվարություն։ Որևէ մեկի թեթև քաշի դեպքում կարող է դժվար լինի ուսապարկ տանելը, իսկ ինչ-որ մեկի համար ճանապարհ անցնելիս խնդիր կդառնա իր ծանր քաշը»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք պարզել՝ ինչպես է երեխան ճանաչում աշխարհը, հայրենիքը, իրեն։

***

Այս թողարկմանն առաջադրված հարցի ճշգրիտ, սակայն ոչ միակ պատասխանը կհնչի հենց սկզբում՝ երեխան աշխարհը ճանաչում է զգալով, փորձելով, պատկերացնելով, խոսելով և ապրելով։ Մենք կարող ենք ավելացնել բազմաթիվ այլ գործողություններ ևս, որոնք միանշանակ կծառայեն աշխարհաճանաչման գործընթացին ու գուցե այդ գործողությունները թվարկելիս երբեք կանգ չառնենք, քանզի աշխարհը, մարդը և ճանաչումը բարդ բաներ են։

Այսօր մենք փորձել ենք ընտրել բազմաթիվ գործողությունների համախումբ հանդիսացող միայն մեկ երևույթ, որը, գուցե, աշխարհն ու ներաշխարհը հասկանալու ամենահամապարփակ տարբերակներից մեկն է․ ինչպե՞ս է արշավը, հայրենիքի սարուձորում քայլելը նպաստում, որ երեխան իմանա՝ ով է նա, որտեղից է գալիս և ուր է գնում, արդյո՞ք «մարդուն ճանապարհ գնալիս ես ճանաչում» արտահայտությունը գործում է նաև երեխաների դեպքում, ո՞ր տարիքում է երեխան հասկանում, որ գործողությունները, որոնք կատարում է, բացահայտում են իրեն ու շրջակա միջավայրը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Բնության մեջ արշավը ամենալավ կրթական միջավայրն է, մի մեծ դասարան, որտեղ լսածդ, ֆիլմերում տեսածդ, գրքերում կարդացածդ շոշափելի են դառնում։ Մասնագետը երեխային բացատրում է հրաբխային գագաթ, խառնարան, հետո դու գնում ես ու հայտնվում խառնարանի մեջ։ Դու գիտես, որ կան հրաբխային քարեր, որոնք թեև չափերով մեծ են, բայց բռնում ես՝ քաշ չունեն, ու ինքդ շոշափում ես, տեսնում ես, հասկանում ես, որ դա ճշմարտություն է, հորինված չի։ Լրիվ այլ ձև ես սկսում ճանաչել աշխարհը»։

2016-ին ստեղծվեց «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը։ Այսպես արդեն գրեթե 10 տարի Նարինե Ճաղարյանը գործընկերների հետ երեխաներին աշխարհն է ցույց տալիս։ Սկզբում՝ միայն Հայաստան աշխարհը։ Բայց 10 տարիների ընթացքում աշխարհագրությունը լայնացավ՝ արշավականները հատեցին Հայաստանի սահմանը, միայն բարենպաստ պայմաններում իրականացվող արշավներին փոխարինեցին ձմռանը՝ բարդ, դժվարանցանելի ճանապարհներով ձեռք բերած նվաճումները։

«Դասերի ընթացքում երեխաները սովորում են էն ամենը, ինչ պետք է իմանալ բնության մեջ գտնվելու ժամանակ, ու էդ բոլոր գիտելիքները նախ ապահովում են իրենց անվտանգությունը։ Օրինակ՝ բնական արգելքներ․ ինչպե՞ս պետք է դրանք հաղթահարել, որո՞նք են լեռնային վտանգները, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ կենդանիներ կան, ինչպե՞ս է իրենց վարքը, ի՞նչ անել չհանդիպելու համար և, ամեն դեպքում, ի՞նչ անել, երբ արդեն հանդիպել ես։ Եվ 1 ամիս էս ամեն ինչը սովորելուց հետո արդեն սկսում ենք երեխաների հետ արշավների գնալ»։

Միայն վերջին 2 տարվա ընթացքում 1700 երեխա առնվազն մեկ անգամ խմբի հետ արշավ է գնացել։ Ակումբը գործունեության 10 տարիների ընթացքում ավելի քան 230 անդամ՝ մշտական արշավական է ունեցել։ Այժմ Նարինե Ճաղարյանը տաղավարում է՝ պատմելու, թե ինչու և ինչպես է ճանապարհ անցնելը նպաստում, որ երեխան ճանաչի իրեն, իր հայրենիքն ու այս աշխարհը՝ ընդհանուր առմամբ։

«Առավոտից երեկո ամբողջ ընթացքն անցնում է փորձություններով․ փորձություն՝ ֆիզիկական, և կամային, միջավայրին ինտեգրվելու, եղանակային փոփոխություններին դիմակայելու առումով։ Եթե կողքից նայենք, կարող է տպավորություն լինել, որ գնաց արշավ, եկավ, լավ ժամանց էր և վերջ։ Բայց ազդեցությունը ոչ միայն բնությունը, այլև ինքդ քեզ ճանաչելու մեջ է։ Երեխաներն, առհասարակ, ինչպե՞ս են ճանաչում աշխարհը․ կարելի է բլոկների բաժանել։ Զգայական՝ տեսնել, լսել, համտեսել, հոտոտել և այլն, նաև մեծերի միջոցով, ինչը բավականին մեծ ազդեցություն է։ Սկսում է ծնողներից, հետո՝ դպրոց, շրջապատ, բնություն, պատմություն, մշակույթ․ բնության մեջ կարող է էս ամենի միաձուլումը լինել»։

Ըստ Ժան Պիաժեի ճանաչողական զարգացման տեսության, երեխայի աշխարհաճանաչումը տեղի է ունենում մի քանի փուլով։ Մինչև 2 տարեկան երեխաները սենսոմոտոր փուլում են՝ տեսնենում են, լսում, շոշափում, զգում համ ու հոտ։ 2-7 տարեկաններում՝ նախագործառնական փուլում, երեխան սկսում է օգտագործել լեզուն, այդ ժամանակ մտածողությունը էգոցենտրիկ է, ավելի շատ ինտուիտիվ, քան տրամաբանական։ Կոնկրետ գործառնական փուլում՝ 7-11 տարեկանում, նա սկսում է տրամաբանորեն մտածել կոնկրետ առարկաների և իրավիճակների մասին, իսկ 11 տարեկանից հետո՝ Ֆորմալ գործառնական փուլում, զարգանում է վերացական և տեսական մտածողությունը, կարողանում է վերլուծել հիպոթետիկ իրավիճակներ։

«Ակումբն ի սկզբանե նախատեսված էր 7-14 տարեկանների համար, բայց հետո ծնողների պնդմամբ դասերին ներգրավվեցին նաև 6 տարեկանները, նույնիսկ դեպք ենք ունեցել, որ երեխան 5․5 է եղել, ծնողն ասել է, որ 6 տարեկան է, և երեխան շատ լավ ինտեգրվել է։ Իսկ զուտ արշավների ֆորմատով՝ առանց կրթական բաղադրիչի, նաև մանկապարտեզի երեխաների համար ենք արշավ կազմակերպել, որտեղ 3 և 4 տարեկան երեխաներ են եղել։ Դրանք ավելի խաղային էին, ավելի թեթև ուղղություններով»։

«Եթե ուզում ես ճանաչել մարդուն, հետը ճանապարհ անցիր» ձևակերպումը, առաջին հայացքից, ավելի մեծ մարդկանց է վերաբերում։ Մեծահասակները սոցիալական տարբեր կարգավիճակներ ու ըստ դրանց ստեղծված պահելաձև ունեն։ Ենթադրվում է, որ երկար ճանապարհ անցնելու դեպքում մարդը մի կողմ կթողնի իր սոցիալական կաղապարին համապատասխան հանդերձանքը, կներկայանա բնական ձևով ու իրեն ճանաչելու հնարավորություն կտա։ Բայց արդյո՞ք սա վերաբերում է նաև երեխաներին․ ի՞նչ շերտեր ունեն նրանք, որոնցից հրաժարվելու հարցում օգնողը պետք է ճանապարհը լինի․

«Ամեն ինչ երևում է մեքենա նստելուց սկսած՝ վարքը ո՞նց է, սնունդը կազմակերպելու ժամանակ ո՞նց է իրեն պահում, վերջացրած արշավի ժամանակ բնությանն արձագանքելուց․ կարող է թիթեռ անցնի, դա ինչ-որ մեկի համար սթրեսային լինի, ինչ-որ մեկի համար՝ զվարճանք, ինչ-որ մեկի համար՝ գեղեցկություն։ Ճիշտ է՝ ինքը իրեն էդպես չի գնահատի, որովհետև դեռ էդ տարիքում չեն, բայց երեխեքը շատ հետաքրքիր իրար զգում են»։

Այսպես նրանք իմանում են, որ այս կամ այն երեխան դժվարության պահին օգնում է ընկերոջը, ձեռնափայտը տալիս է դժվար քայլողին, կիսում է սնունդը։ Իմանում են, որ այդ՝ օգնելու պատրաստակամ երեխան, օրինակ, հենց իրենք են։ Հասկանում են, թե ինչից են վախենում, լավ ուղեկցորդ ունենալու դեպքում նաև, թե ինչու են վախենում։ Ճանապարհի ընթացքում նրանք հաղթել ու, որ ոչ պակաս կարևոր է, պարտվել են սովորում․

«Շատ է եղել, որ ես երեխայի ձեռքը բռնել եմ, ասել եմ՝ պետք է քայլել էսպես, տես, էստեղ շատ բարդ չի, նույնիսկ եթե դու ընկնես, վախենալու որևէ բան չկա, ընկնելն էլ նորմալ է։ Շատ հաճախ նրանց թվում է, որ եթե ընկնեն, շատ սարսափելի ինչ-որ մի բան է լինելու։ Փոքրիկ պարտություն է։ Երբ երեխան սայթաքել է, ընկել է, կանգնել է, ասել եմ՝ տեսա՞ր, որ որևէ բան չեղավ, ու երբ ինքը սկսում է հասկանալ, որ եթե ընկնեմ ընդամենը էս խնդիրն է լինելու, վախը քիչ-քիչ նահանջում է, ու ինքը սկսում է ավելի անկաշկանդ քայլել։ Հիմա արդեն ուսանողության տարիքի հասած մեր տղաներից մեկը այնքան լավ է հիշում, ասում է՝ դուք հիշո՞ւմ եք՝ որտեղ եք ինձ սովորեցրել էդ թեքություններն իջնելուց չվախենալու։ Իհարկե, շատ լավ հիշում եմ՝ որ ճանապարհին է եղել։ Ու մենք հասանք էն մակարդակին, որ այն երեխան, որ Գեղարոտի ջրվեժում վախենում էր փոքր թեքության վրա անցնելուց, հասավ Արագածի հյուսիսային գագաթ։ Էսպիսի օրինակներ շատ-շատ ունենք»։

Երեխան սկսում է ինքնաճանաչման գործընթացն՝ առանց ինքն իրեն դրա մասին հաշիվ տալու։ Դա բնական գործընթաց է։ Բայց արդյո՞ք 6-10 տարեկան երեխաներից կարելի է ակնկալել, որ արշավի մասնակցելով նրանք կսկսեն ճանաչել ու սիրել հայրենիքը։ Չէ՞ որ ավելի մեծ է հավանականությունը, որ սա կընկալվի որպես զուտ ֆիզիկական ակտիվություն՝ հաճելի ժամանց․

«Երբ Արարատ էինք բարձրացել, գագաթին էինք, փոքրերի մոտ արձագանքն այն էր, որ ֆիզիկական դժվարությունը հաղթահարեցին, 12-13-ից բարձր երեխաների մոտ՝ «սա մեր պատմական հողն էր, սա բիբլիական Արարատն է», էս հուզական վիճակն էր, ավելի գիտակցված, ավելի վերլուծությունների հիման վրա։ Նաև մշակույթին վերաբերմունքն է կարևոր։ Մի անգամ Հաղպատի վանական համալիրի բակում նստած էինք, մի սիրահար զույգ եկավ, սուր քարը վերցրին, որ պատին ինչ-որ բան անեն։ Ես թռա տեղիցս, հետո ասեցի՝ մի քիչ հանգիստ, էրեխեքն էլ են էստեղ, ու արդեն ասում՝ ի՞նչ եք ուզում անեք, բա՝ սաղ գրած է, մենք էլ ենք գրում։ Ասում են՝ բայց էդ ուրիշների արածն էլ է սխալ եղել, սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն է, մենք ավերում ենք։ Սա էլ, իմ կարծիքով, դաստիարակչական ու ճանաչման միջոց է․ տեսնում են, որ եթե ինչ-որ մեկն անի, կարելի է հանգիստ մոտենալ, ասել, որ չի կարելի, որ պետք է պաշտպանել, պահպանել էն, ինչ ունենք»։

Այսպես՝ առանց պաշտոնապես ու հանդիսավորությամբ ասելու՝ «մենք սովորում ենք», խաղով, պարզ ու բարդ դժվարություններ հաղթահարելով, ընկերների հետ հաճելի մի տեղ գնալով երեխաներն իմանում են՝ ինչպես է կառուցված այս աշխարհը, ինչպես են իրենք իրենց դրսևորում այնտեղ, ինչ է հայրենիքը ու ինչպես կարելի է այն սիրել՝ առանց անհարկի պաթոսի։ Նրանք բացահայտում ենք կյանքի մասին կարևոր գիտելինքերը և ցույց տալիս, որ աշխարհը ճանաչելը՝ այդ խիստ վեհ թվացող գործողությունը, կարելի է կատարել սովորական մի կյանք ապրելով։

Իսկ մեր կյանքի սովորական թվացող երևույթներից հերթականի գիտական ու մասնագիտական հիմքերը բացահայտելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։

Կարդացեք նաև

Back to top button