
Օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը անհասկանալի կետեր ունի Թուրքիայի համար՝ հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ արձագանքելով Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մի շարք դիտարկումներին։ Իսկ Ֆիդանի որոշ ձևակերպումների արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա մասնավորապես ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին։ Թուրք դիվանագետն ասել էր, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Անկարան դա անի հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ խթանը։
Արարատ Միրզոյանն ի պատասխան ասել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը:
Միրզոյանն այսպես է պարզաբանել․«Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չէ, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, վերլուծելով Ֆիդանի հայտարարությունը, Տելեգրամում գրում է, որ Թուրքիան Հայաստանից դեռ որոշակի գին է պահանջում: Հայ–թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական գործընթացին շաղկապելը այդ իմաստով պատրվակ է, ոչ թե բուն պատճառ: Ըստ Բադալյանի՝ չլինի այդ գործընթացը՝ Թուրքիան կփորձի գտնել այլ պատրվակ: Այդ առումով վերլուծաբանը հիշեցնում է․
«Անգամ արցախյան առաջին պատերազմում հայկական ուժերի հաջողությունը Անկարայի համար հայ-թուրքական սահմանը փակելու առիթ էր՝ պատրվակ, ոչ թե պատճառ»:
Բադալյանը վստահ չէ, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը ավարտին հասցնելու անկեղծ ձգտում ունի:
Թուրքիայի արտգործնախարարը նշել էր նաև, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների շնորհիվ բացվի, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքը», կարգավորվեն Հայաստանի սահմանադրության հետ կապված խնդիրները և խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը արձագանքում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:
«Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե՛ Ադրբեջանը Նախիջևանին, թե՛ Հայաստանն այլ երկրների, թե՛ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանները՝ իրար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ»:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները Հաքան Ֆիդանի հետ քննարկումներին կոնկրետ դիտարկումներ են ներկայացրել, մասնավորապես այն մասին, որ սահմանը բացելը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա, և որ Հայաստանին սահմանակից մի շարք բնակավայրեր կշահեն դրանից։
Թուրք ընդդիմադիրներին հետաքրքրում է նաև, թե ինչու է ուղին կոչվելու Թրամփի անունով։ Արդյո՞ք սա նշանակում է, որ առաջ են մղվելու ոչ թե Թուրքիայի շահերը, այլ Վաշինգտոնի։ Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ միջանցքի հայեցակարգի նախնական ընդունումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերի համար, սակայն մի շարք հարցեր դեռ անհասկանալի են, մասնավորապես այն, թե ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է շահագործելու, և ովքեր են լինելու գործընկերները։
Իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի համաձայնության մեջ իր ներդրման մասին։ Նա ասել է, որ Պուտինին զարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարգավորելու նրա կարողությունը․
«Գիտեք, թե ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Հավատս չի գալիս, որ Դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում ենք լուծել այն»»։ Թրամփն այս մասին խոսել էր ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովի ժամանակ։




