Երաժշտական եռանկյունի

Վահան Բադալյանի տեսլականը՝ Փարաջանովի և Մուրադյանի գեղագիտության միջավայրում․ «Երաժշտական եռանկյունի»

2025թ․-ին Օպերային թատրոնի բեմում իրականացված երկու խոշոր միջոցառումները՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին և Հրաչյա (Հայրիկ) Մուրադյանի 120-ամյակին, ներկայացնում էին երկու տարբեր գեղագիտական աշխարհներ, սակայն միավորված էին նույն ռեժիսորական մոտեցմամբ։ Երկու ծրագիրն էլ բեմադրել էր Վահան Բադալյանը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը։ Նրա մոտեցումը միավորում էր ժամանակակից բեմարվեստի հնարքները՝ երաժշտական, վիզուալ և շարժողական շերտերի համադրմամբ։

Փարաջանովին նվիրված երեկոյի երաժշտությունն ստեղծել է երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը։ Նրա աշխատանքը հիմնված էր Փարաջանովի ֆիլմերում հնչող երաժշտական խճանկարի և ժամանակակից էլեկտրոնային հնչողության համադրության վրա։ Ումրոյանի լուծումը ոչ թե կրկնօրինակում էր կինոյի երաժշտական միջավայրը, այլ ներկայացնում էր այն նորացված, ժամանակակից ձևով՝ միաժամանակ պահպանելով բնօրինակի գունապնակը։ Էլեկտրոնային շերտերի, մեղմ ռիթմիկ կառուցվածքների և բազմաձայնության միացումը բեմական շարժմանը տալիս էր լրացուցիչ դինամիկա։

Այս երաժշտական միջավայրը նպաստում էր, որ հանդիսատեսը Փարաջանովի գեղարվեստական աշխարհը ընկալի ոչ միայն որպես հիշողություն, այլև որպես ներկայում շարունակվող մշակութային երևույթ, որն ունի ժամանակակից արվեստի հետ երկխոսելու ներուժ։

Հայրիկ Մուրադյանին նվիրված միջոցառման երաժշտական մոտեցումը բնույթով այլ էր։ Այստեղ կենտրոնում Մուրադյանի երգացանկի բազմաշերտությունը ներկայացնելն էր։ Երգերը հնչում էին տարբեր մեկնաբանություններով՝ ֆոլկլորային-ավանդականից մինչև ջազային, ռոքային, էլեկտրոնային և խմբերգային մշակումներ։ Ժանրային բազմազանությունը բացահայտում էր երգերի ներքին ռիթմը, իսկ գործիքավորումներում կատարված նուրբ փոփոխությունները պահպանում էին երգերի բնօրինակների զգայական կողմը։

Ավանդական մեղեդիների և ժամանակակից գործիքավորման համադրությունները թույլ էին տալիս ստեղծագործությունները ներկայացնել նոր տեսանկյունից՝ առանց դրանց բովանդակային կորիզը փոխելու։ Ջազային և ռոքային մոտեցումները երգերին տալիս էին ավելի շարժուն էներգետիկա, իսկ խմբերգային մշակումները ընդգծում էին դրանց հավաքական բնույթը։ Էլեկտրոնային շերտերը ապահովում էին ժամանակակից հնչողություն՝ ստեղծելով կապ ավանդույթի և նոր երաժշտական ձևերի միջև։

Միջոցառման եզրափակիչ հատվածը տեղափոխվեց թատերական հրապարակ և վերածվեց մեծ ժողովրդական տոնախմբության, որտեղ ազգային պարը և երգը ամփոփում էր երեկոյի ընդհանուր տրամադրությունը։ Սա հանդիսատեսին ներգրավող, բաց տարածությունում իրականացվող ներկայացում էր, որը շարունակում էր բեմական գործողության հուզական տրամաբանությանը։

Երկու միջոցառումներն էլ առանձնանում էին ոչ միայն երաժշտական լուծումներով, այլև բեմադրական ամբողջական մոտեցմամբ։ Լուսային ձևավորումները փոխկապակցված էին երաժշտության զարգացումների հետ, սցենոգրաֆիան ուժեղացնում էր բեմական պատկերները, իսկ պարային և շարժողական հատվածները ապահովում էին ներքին ռիթմն ու կառուցվածք։ Վիդեոպրոյեկցիաներն ու 3D անիմացիաները ստեղծում էին բազմաշերտ կերպարային միջավայր՝ միավորելով անցյալն ու ներկան նույն գեղագիտական դաշտում։

Վահան Բադալյանի մոտեցման մեջ երաժշտությունն ու բեմական գործողությունը աշխատում էին որպես միասնական համակարգ։ Երկու միջոցառումներում էլ երաժշտությունը ոչ միայն հնչողություն էր, այլև իմաստային կազմակերպման գործիք՝ ընդգծելով թեմաները, կերպարային շերտերը և ներկայացումների պատմողական կառուցվածքը։ Այդ պատճառով էլ երաժշտական լուծումները դիտվում էին որպես բեմադրության առանցքային տարր, այլ ոչ թե հավելում։

Այս ծրագրերը ստացան լայն հանրային արձագանք։ Դրանք ցույց տվեցին, որ ժամանակակից բեմարվեստի լեզուն կարող է արդյունավետ աշխատել ինչպես կինեմատոգրաֆիկ ժառանգության հետ, այնպես էլ ժողովրդական երգարվեստի նյութի վրա՝ ստեղծելով ներկայացումներ, որոնք միաժամանակ հանրամատչելի են և կառուցվածքային առումով՝ խորքային։

Կարդացեք նաև

Back to top button