
Մինչև 1999 թվականի մայիսի 14-ը՝ այն օրը, երբ ուժի մեջ է մտել «Կրթության մասին» օրենքը, ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հավատարմագրման ինստիտուտ ներդրված չի եղել։
Նոր կարգավորմամբ ոչ պետական չհավատարմագրված հաստատությունների՝ (մինչև 2003 թվականը ներառյալ) շրջանավարտներին հնարավորություն է տրվում ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում:

«Այս խնդիրը լուծելու համար մենք նախարարի գործող հրամանում իրավունքների վերականգնման համար սահմանեցինք «ոչ պետական բուհերի շրջանավարտ» հասկացությունը, որը վերաբերվում է, մինչև «Կրթության մասին օրենք»-ի ուժի մեջ մտնելը, սահմանված կարգով սովորած և ավարտած շրջանավարտներին։ Այնուհետև, առանձին, յուրահատուկ կարգավորիչ դրույթներ բացառության կարգով նախատեսեցինք վերականգնման գործընթացներում»,- ասում է ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
Այս նախաձեռնությամբ կարգավորվում է ոչ պետական, չհավատարմագրված բուհերի շրջանավարտների ուսանողական իրավունքների վերականգնման և ուսումնառության կազմակերպման գործընթացը։
Այս շրջանավարտները կարող են վերականգնվել բակալավրի կրթական աստիճանում՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում, բացառությամբ ավարտական կուրսերի: Վերականգնման կուրսը որոշում է ընդունող հաստատությունը՝ հիմք ընդունելով շրջանավարտի դիպլոմի և հավելվածի բնօրինակը:
«Կարգում կատարվող փոփոխությունների մեջ կա մի փոքր նրբություն՝ շրջանավարտները պետք է մոտենան համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ հեռակայի ուսուցման գործընթացը սկսվելուց 3 շաբաթ առաջ։ Իսկ այն անձինք, ովքեր չեն հասցրել աշնանային կիսամյակում դիմել, հնարավորություն ունեն դիմելու գարնանը»,— հավելում է Լուսինե Գրիգորյանը։
Ուսումնառության գործընթացը կարգավորվում է ընդունող հաստատության սահմանած կարգով՝ վերականգնման համար անհրաժեշտ առարկայական տարբերությունների (մինչև 40 կրեդիտ) հանձնման ժամանակացույցով: Սույն կարգավորումները կապահովեն ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների հետագա կրթության և աշխատանքային գործունեության շարունակականությունը:




