
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարեվերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հետ, ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են ադրբեջանական Report-ին։ ԱՄՆ գերատեսչությունը նաև դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունն ու վերջին գործնական քայլերը:
Պետքարտուղարությունից ողջունել են Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև տեղի ունեցած քննարկումները սահմանների սահմանազատման, ականազերծման և TRIPP նախագծի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Ի՞նչ դժվարություններ կստեղծի TRIPP նախագծի իրագործումն այն պայմաններում, երբ հայկական երկաթուղիները 30 տարի ժամկետով հանձնված են ռուսական կողմի կառավարմանը։
Հարավային Կովկասում ծրագրվող TRIPP նախագիծը, որով ենթադրվում են Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան և Կենտրոնական Ասիա ուղղություններով բեռնափոխադրումներ, ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի, դրական փոփոխություններ է խոստանում տարածաշրջանում։
Նախագիծը ենթադրում է գոյություն ունեցող երկաթուղիների բարելավում և նորերի կառուցում։ Սակայն այստեղ կան իրավական-իրավաբանական հարցեր։ Հայաստանի երկաթուղային համակարգը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հավատարմագրային կառավարման ներքո է։
Սա Հայաստանի տարածքով անցնող երկաթգծի շահագործմանն ուղղված հնարավոր ներդրումների սահմանափակում է դիտարկվում։ Արեգ Քոչինյանը միջազգային համաժողովներից մեկին ընդգծել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման համաձայնագրում փոփոխությունների անհրաժեշտությունը։
«Ըստ պայմանագրի՝ երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի ժամանակավոր վերահսկողության ներքո։ Սակայն TRIPP-ը չի կարող լինել Ռուսաստանի վերահսկողության տակ։ Մեղրիի ճանապարհը դեռ գոյություն չուներ այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվեց։ Ռուսաստանի վերահսկողության տակ չի կարող լինել այն տարածքը, որը պայմանագրում նշված չէ»։
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը ռուսական կողմի հետ կնքվել է 2008-ին՝ 30 տարով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ 10 տարով ավելացման հնարավորությամբ։ Պայմանագրի հիմնական ժամկետի ավարտին՝ երկարացնելուց առաջ, կարող են նաև նոր, վերանայված պայմաններ սահմանվել։ Կողմերը պետք է որոշեն երկարաձգել համաձայնագրի ժամկետը ոչ ուշ քան վեց ամիս առաջ:
Ի՞նչ կարող է ենթադրել պայմանագիրը ժամկետից շուտ փոփոխելը կամ լուծելը․ «Ռադիոլուրն» ուսումնասիրեց Հայաստանի և «Հարավկովկասյան երկաթուղիների» միջև պայմանագիրը։ Փաստաթղթում սահմանված է, որ այն կարող է ցանկացած պահի լուծվել մինչև պայմանագրի գործողության ավարտը՝ կնքելով համապատասխան համաձայնագիր։
Սակայն այս դեպքում կողմերի համար սահմանված են պարտավորություններ։ Եթե պայմանագիրը լուծվում է Կոնցեդենտի, այս դեպքում՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ապա վերջինս Կոնցեսիոներին` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, վճարում է ենթակառուցվածքներում կատարված ներդրումների հանրագումարի և մինչև պայմանագրի լուծման ամսաթիվը ստացված շահույթի հանրագումարի տարբերությունը, պայմանով, որ Կոնցեսիոները կատարած լինի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: Փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ լուծման հետևանքները սահմանվում են կողմերի հայեցողությամբ:
Պայմանագրում մի ուշագրավ դրույթ էլ կա․ըստ այդմ՝ կողմերը կարող են ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնության գալ` պայմանագրի ցանկացած դրույթ, ցանկացած ժամկետ լրացնելու, փոխարինելու, անվավեր համարելու կամ փոփոխելու վերաբերյալ:
«Պայմանագրի որևէ դրույթի չկիրարկումը չի նշանակում այդ դրույթներից հրաժարում կամ հետագայում ցանկացած ժամանակ այդ դրույթները կիրարկելու իրավունքից հրաժարում»:
Ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի՝ TRIPP ծրագրի շրջանակում առաջին և կարևոր հարցը երկաթուղիների կառավարման մոդելը փոփոխելն է։ Նախևառաջ այս հարցը պետք է օրակարգում լինի՝ ասում է։
Համաժամանակյա թարգմանություն․ «Սա կարևոր հարց է։ Սրա մասին հարց ենք ներկայացրել Հայաստանի կառավարություն․ որ Հայաստանի երկաթուղային համակարգը Ռուսաստանի ժամանակավոր կառավարման ներքո է և փոփոխություններ են անհրաժեշտ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ պաշտոնական Երևանը քաղաքականապես պատրաստ է ապահովել երկաթուղային տարանցումը Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասերի միջև։ Այս հատվածներում երկաթուղին վերանորոգման կամ վերակառուցման կարիք ունի, ու Փաշինյանը տեխնիկական խնդիրների լուծումը նախանշում է առաջիկա երկու-երեք տարում։
«Մոտ ապագայում խողովակաշարերը և Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծերը կանցնեն Հայաստանի տարածքով։ Կապահովվեն նաև երկաթուղային և ճանապարհային կապեր։ Այս ամենը քննարկվում է TRIPP ծրագրի շրջանակում։ Մենք նաև համապատասխան բանակցություններ ենք վարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ՝ այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հստակ չի կարող ասել` «Թրամփի ուղով» անցնող երկաթուղին կգտնվի՞ ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարման ներքո, թե՞ ոչ։ Ավելի վաղ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նախարարին հարց էր ուղղել` ցիտելով խոսակցություններ, թե «Թրամփի ուղով» անցնող երկաթուղին չի կարող կառուցվել, կառավարվել առանց ռուսական կողմի` «Հարավկովկասյան երկաթուղու» համաձայնության։
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարմանն են հանձնված Հայաստանի երկաթուղային առկա ենթակառուցվածքները։ TRIPP-ը դեռ չկա, հետևաբար, եթե ինչ-որ մի բան չկա, ինչպես կարող էր այն ավելի վաղ տրված լինել կառավարման տարիներ առաջ կնքված կոնցեսիոն պայմանագրով։ Այդ մասին մեր դիրքորոշումը ռուսական կողմին հայտնել ենք»։
Ինչ դիրքորոշում ունեն այս առումով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում։ Այստեղից «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեցին, որ Հայաստանի կառավարությունը լիազորված է ինքնուրույն որոշել՝ ինչպես շարունակել աշխատանքն ու հատկապես երկաթուղու կոնկրետ Մեղրիի հատվածն ինչպես շահագործել հետագայում։
Թեև այն հանձնվել է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը, սակայն պատկանում է ՀՀ-ին, ուստի, ըստ ընկերությունից ստացված պարզաբանման, հենց ՀՀ-ի ցանկությամբ երկաթուղային գույքի որոշ մասի կառավարումը կարող է վերադարձվել Հայաստանի կառավարմանը։
«Հարավկովկասյան երկաթուղուց» ընդգծեցին՝ եթե կառավարությունը նման որոշում կայացնի, ապա, հաշվի առնելով գույքի կառավարման ճկունությունը, կարող է միաժամանակ վերաքննարկել կոնցեսիոն պայմանագիրը և ընտրել նոր մոտեցումներ․ պայմանագրով սա սահմանափակող կետեր չկան։
Դա նշանակում է, որ, ըստ իրողությունների, կառավարության որոշմամբ, ՀԿԵ համաձայնությամբ հնարավոր է կոնցեսիայից հանել այդ գույքը կամ կոնկրետ Մեղրիի հատվածը, դրա կառավարման միջազգային կամ տեղական մրցույթ հայտարարել ու շահագործման տալ այլ օպերատորի՝ առանձին։ Պայմանագրում նման հարցեր ֆիքսած չեն՝ ասացին։ Ընկերությունից հիշեցրին՝ թեև Մեղրին փոխանցված է իրենց կառավարմանը, սակայն այնտեղ, մեծ հաշվով, քայլեր չեն արվել, երկաթգծեր էլ չեն եղել հանձնման պահից ի վեր։



