ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Աղոթքի նախաճաշը ապաքաղաքական է»․ համաժողովի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

Քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչների նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի նախագահը, վարչապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից։

Կազմակերպիչների խոսքով՝ այս ձևաչափով հանդիպումը կարևոր է հոգևոր և աշխարհիկ թեմաները մեկ հարթակում քննարկելու, տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչների ձայնը լսելի դարձնելու համար։

Համաժողովի առաջին օրը եղել են պանելային քննարկումներ ինչպես հոգևոր, այնպես էլ քաղաքական ու տնտեսական թեմաներով։ Համաժողովի բացմանը ներկաներին ողջունել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը ։

«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ի նախագահ Ստեփան Սարգսյանը որոշեց Հայաստանում առաջին անգամ «Աղոթքի նախաճաշ» կազմակերպել։ Ասում է՝ այդ միտքը ծագել է անցած տարի Վաշինգտոնում համանման միջոցառման մասնակցելուց հետո․

«Ինձ համար զարմանալի էր՝ ինչո՞ւ 1800 տարի առաջ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած ժողովուրդը նման միջոցառում չունի։ Նաև ինձ շատ արդիական թվաց ձևաչափը՝ հոգևոր արժեքները է՛լ ավելի արմատավորելու, սերմանելու տեսանկյունից»։

Բայց Հայաստանի «Աղոթքի նախաճաշը» ոչ թե ամերիկյան միջոցառման կրկնօրինակն է, այլ դրանից ոգեշնչված հայկական տարբերակը, ասում է Ստեփան Սարգսյանը։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Հայաստանում կա ազգային եկեղեցի, ինչը փոխում է միջոցառման ձևն ու բովանդակությունը․

«Կազմակերպել ենք, ըստ իս, շրջադարձային և պատմական միջոցառում, բնականաբար եկեղեցու՝  Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդությամբ։ Ե՛վ աղոթքի գաղափարը, և՛ հոգևորը միշտ առկա է, բայց այդ ամեն ինչը ավելի առօրեական՝ աշխարհիկ անձի օրվա տեսանկյունից եթե դիտենք, ապա սա, իրոք, նոր ձևաչափ է ու կարծում եմ՝ կհաջողվի»։

Հայ առաքելական եկեղեցու անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։ Միջոցառման կազմակերպիչի խոսքով՝ անհնար էր պատկերացնել նման թեմայով քննարկում առանց եկեղեցու ներկայացուցիչների․

«Միջոցառումը ապաքաղաքական է, որևէ քաղաքական բաժանումների հարց չկա։ Իհարկե, Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մեր ազգի համար հսկայական է։ Բայց այսօր նաև  բոլոր մյուս կրոնական ուղղություններից,  ներառյալ եզդիական համայնքից ներկայացուցիչներ կան։ Նույնիսկ մեր Կապույտ մզկիթից ենք հրավիրել։ Բոլոր կրոնների ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են հավաքվել, խոսել հոգևորի մասին՝ շեշտադրումը դնելով նորից անձի, հոգևոր ընկալումները մասին այստեղ են»։

Երկօրյա համաժողովի առաջին օրը տարբեր երկրներից ժամանած մասնակիցները քննարկեցին բազմազան ու առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող թեմաներ․ միջազգային կրոնական ազատություն, բիզնես և էթիկա, ընտանիք, հավատք, կանայք, արժեքներ ու նաև «Թրամփի ուղի» նախագիծը՝  հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման։ Վերջին թեման, ի դեպ, առաջարկել են ոչ թե կազմակերպիչները, այլ արտերկրից ժամանած հյուրերը։

Ստեփան Սարգսյան․

«Քանի որ ամեն դեպքում կային հարցեր նաև մեր հյուրերի կողմից արծարծվող՝ կլինի դա հենց «Թրամփի ուղին», որը իրականում մեր հյուրերի կողմից էր առաջարկվել, մենք նման բան չէինք նախատեսել։ Նաև առանձնացրել ենք «Աղոթքի նախաճաշի» միջոցառման շրջանակում մի հատված, որտեղ ավելի ազատ կարելի է քննարկել կամ քաղաքական, կամ քաղաքականությանն առնչվող, բայց ես կասեի՝ հասարակական- քաղաքական թեմաներ»։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլև բարոյական և հոգևոր հիմքերով։ Այդ տեսանկյունից, ընդգծում է նախագահը, «Աղոթքի նախաճաշը» անկյունաքարային նշանակություն ունի․

«Ժողովրդավարությունը կենսունակ է միայն այն ժամանակ, երբ ազատությունը ուղեկցում է պատասխանատվությամբ՝ իշխանությունը՝ ծառայելու պատրաստակամությամբ, գիտակցությամբ, իսկ օրենքը՝ բարոյական հիմքով։ Այս ձևաչափը հիշեցնում է, որ պետության և հասարակության միջև գոյություն ունի ոչ միայն քաղաքական, այլ բարոյական կապ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Թող այս միջոցառումը դառնա նոր սկիզբ՝ մեր ժողովրդի միասնությամբ, բարոյական նորացման և հավատով առաջնորդվող համերաշխության և արժանապատիվ խաղաղության ճանապարհին»։

Ընդ որում, մանրամասնում է Վահագն Խաչատուրյանը, համաժողովը կարևոր ազդեցություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի վրա․

«Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր հնարավորությունների և խաղաղության հաստատման ճանապարհին, կարևոր է, որ այդ ուղին կառուցենք ոչ թե ուժի կամ պարտադրանքի, այլ հարգանքի, վստահության և համընդհանուր բարոյական սկզբունքների վրա։ Այսպիսի հարթակները՝ աղոթքի, խորհելու և բաց երկխոսության, ունեն առանձնահատուկ նշանակություն»։ 

Համաժողովի ամփոփիչ նախաճաշին և աղոթքին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ օրակարգի՝ «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կայցելեն Էջմիածին։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարել է, որ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Կազմակերպիչները մտադիր են համաժողովը դարձնել ամենամյա։

Կարդացեք նաև

Back to top button