
Բակտերիալ ջրալույծ մելանինն ուսումնասիրում են հայ գիտնականները՝ ավելի քան երկու տասնամյակ։ Այս անգամ մելանինի օգտագործումն ուսումասիրում են նեյրոդեգեներատիվ հիվանդություների կանխման կամ դանդաղեցման ենթատեքստում։ Բակտերիալ ջրալույծ մելանինի կենսապաշտպանիչ ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություների դեպքում, թերապևտիկ օգտագործման հեռանկարները. թեման ավելի քան արդիական է։
Գիտական խմբում ընգրկված, երկարամյա փորձ ունեցող գիտնական Անիչկա Հովսեփյանը ջրալույծ մելանինի տեխնոլոգիայի մշակմամբ է զբաղված։ Նա նաև «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող է։ Պատմում է՝ հետագայում պետք է արդյունքն առաջարկեն որպես դեղամիջոց՝ ստանալով ցածր ինքնարժեք ունեցող ջրալույծ մելանին։ Այն պետք է ընդունելի լինի նաև ամբողջ աշխարհում։


Նշում է՝ միջավայրի բաղադրության և պայմանների օպտիմալացման շնորհիվ կրճատվել է նաև ջրալույծ մելանինի ստացման ժամանակը։ Թեման գիտական խումբն ուսումնասիրում է՝ այն կապելով նեյրոդեգեներատիվ հիվանդություների հետ։ Այս ուղղությամբ աշխատանքներ է տանում գիտնական Տիգրան Պետրոսյանը։
Նշում է՝ երկար ժամանակ կենտրոնացել են այս նյութով կենդանական տարբեր մոդելների վրա ֆիզիոլոգիական էֆեկտեր ստանալու վրա։ Նախկինում կատարած աշխատանքներում բակտերիալ մելանինը կիրառվել է ուղեղային վնասվածքների՝ տարբեր կենդանական մոդելների վրա, ինչպես նաև պարկինսոնի հիվանդության արհեստական մոդելների վրա։ Այս անգամ ուսումնասիրում են նյութի ազդեցությունն Ալցհայմերի հիվանդության վրա։


Ինչպես ցանկացած նյութ, ջրալույծ մելանինն էլ կարող է խնդիրներ առաջացնել՝ մտածում են ուսումասիրելիս։ Սկսել են այդ մտքով, բայց լիահույս են, որ քիչ տոքսիկ կլինի՝ ասում է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Սոնա Ավետիսյանը։ Նա հույս ունի, որ ավելի շատ դրական ազդեցություն կունենա նյութը։

«Գիտական այս խումբը տարածաշրջանում միակն է, որ տարիներ շարունակ զբաղվում է բակտերիալ մելանինով։ Ջրալույծ մելանինի հետ կապված հետազոտությունները քիչ են։ Եղածներն էլ կամ ցածր ակտիվություն ունեն կամ չունեն մշակված տեխնոլոգիա»,- ասում է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիայի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Անիչկա Հովսեփյանը։
Գիտական հետազոտությունն իրականացվում է ՀՕՖ–ի՝ Հայաստանի գիտության և կրթության ազգային հիմնադրամի՝ Անսեֆի դրամաշնորհի շրջանակում։ Եթե գիտական արդյունքները սպասվածին համարժեք լինեն, ապա դրանք ներկայանալի կլինեն ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։




