
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում խոսք գնա տարածքների փոխանակման մասին, ապա Հայաստանի կառավարությունը որոշում չի կայացնի առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշումը լսելու, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին։ Վարչապետն ընդգծել է, որ սա ոչ թե իր, այլ իրավաբանների գնահատականն է։
«Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա պարզապես չի կարող տեղի ունենալ»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել և հայտարարել, որ սահմանազատման արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Արդեն խորհրդարանում Փաշինյանն ընդգծեց, որ չի կարող հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից։
«Ինչ վերաբերում է սցենարներին, ապա մենք մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում ենք։ Նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, և պետք է արձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը»,- ասել է նա։
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախօրեին ասել էր, որ անկլավ-էքսկլավների հարցն արագ լուծվող չէ։
«Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, և սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ՝ մեջտեղում, վերջում, թե որ հատվածում, պետք է նաև անդրադարձ կատարվի անկլավների հարցին»։
Խանդանյանի պատկերացրած սցենարով՝ սահմանազատման բոլոր արձանագրություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, վավերացվի, հետո տեղի ունենա սահմանագծում։ Հաջորդիվ արդեն Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում։ Եթե որևէ սցենարով որոշվի, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, այսինքն՝ Արծվաշեն անկլավը մնա Ադրբեջանի կազմում Հայաստանում ադրբեջանական անկլավների դիմաց, ապա այդ հարցը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով։




