
Լոնդոնի մետրոյի քարտեզի ամենավաղ տարբերակը, որը ստեղծվել է 1930-ականների սկզբին Հարրի Բեքի կողմից և նման է էլեկտրական սխեմայի, աճուրդի է հանվել Լոնդոնի Christie’s աճուրդի տանը՝ 100,000 ֆունտ ստեռլինգով (131,000 դոլար), հաղորդում է The Times-ը։
Աճուրդավարների խոսքով՝ Լոնդոնի մետրոյի ժամանակակից քարտեզը նույնպես հիմնված է Բեքի նախագծի վրա, որը «20-րդ դարի ամենախորհրդանշականներից մեկն է»։ Քարտեզի հեղինակը, որն իր աշխատանքի համար ստացել է ընդամենը 5 ֆունտ ստեռլինգ, ընտրել է «պարզությունն ու մատչելիությունը աշխարհագրական ճշգրտության փոխարեն»։
Բեքից առաջ մետրոյի կայարանները հիմնականում ցուցադրվում էին իրենց աշխարհագրական դիրքերով, ինչը քարտեզները դժվար ընթեռնելի էին դարձնում։
Հարրի Բեքի ստեղծած քարտեզը, ինչպես նաև այլ «առարկաներ, որոնք կապված են անցյալ դարի ամենակարևոր ստեղծարար նորարարությունների հետ», կներկայացվեն Christie’s-ի աճուրդում դեկտեմբերի 11-ին։




