
Վերջին ամիսներին ոսկու գինն աշխարհում հասել է պատմական առավելագույնի՝ առաջացնելով հարցեր ու մտահոգություններ թե՛ տնտեսագետների, թե՛ գործարարների, թե՛ գնորդների շրջանում։ Ինչո՞վ է պայմանավորված ազնիվ մետաղի այս աննախադեպ թանկացումը, ի՞նչ գործոններ են ազդել գնի վրա, և ինչպե՞ս է իրավիճակն անդրադառնում տեղական շուկայի վաճառականների և գնորդների վրա։
Վերջին ամիսներին ոսկու գնի կտրուկ բարձրացման հիմքում տնտեսագետները միաժամանակ տեսնում են տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական պատճառներ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մատնանշում է ազնիվ մետաղի գնի վրա ազդող առաջին գործոնը․
«Առաջին գործոնն այն է, որ համաշխարհային շուկայում անորոշությունը մեծացել է՝ պայմանավորված Թրամփի տնտեսական պատերազմներով, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր խորացմամբ»։
Պարսյանը հիշեցնում է, որ համաշխարհային տնտեսության մեջ այս անորոշություններն առաջացել են ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ մի շարք երկրների նկատմամբ բարձր մաքսատուրքերի սահմանմամբ և դրանց պատասխան քայլերով։ Այդ պայմաններում ներդրողները և քաղաքացիները սկսեցին իրենց միջոցները վերածել առավել կայուն ակտիվի՝ ոսկու։
«Փող ունեցողները, կապիտալ ունեցողները նախընտրում են իրենց գումարները պահել այնպիսի ակտիվներում, որոնք կորցնելը և որոնց արժեքի տատանումները քիչ հնարավոր են»։
Միաժամանակ, տնտեսագետի դիտարկմամբ, կրիպտոակտիվների նկատմամբ է մեծացել անվստահությունը։ Դրանց գները նվազել են, և դրանց գումար ուղղողները նույնպես իրենց ֆինանսական միջոցների մի մասը հատկացրել են ոսկու ձեռքբերմանը։
Բացի դրանից՝ ոսկու գնաճի վրա ազդել են նաև արևմտյան պատժամիջոցները։
«Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները նույնպես էական ազդեցություն են թողնում ոսկու շուկայի վրա։ Հիշեցնեմ, որ արևմտյան ընկերությունները, ֆիզիկական անձինք չեն կարող ուղղակի ձեռք բերել ռուսական ոսկի։ Այն ձեռք են բերում միջնորդավորված եղանակով, որի պարագայում որոշակիորեն թանկանում է նաև ոսկու գինը»։
Արևմտյան երկրները ռուսական ոսկու նկատմամբ սահմանափակումներ դրեցին տարիներ առաջ, և այդ ոսկին սկսեց արտահանվել կամ վերաարտահանվել երրորդ երկրների, օրինակ՝ Հայաստանի միջոցով։ Սա առաջացրել է մատակարարման խզումներ ու ստեղծել լրացուցիչ աղբյուրների պահանջարկ, դա էլ՝ գնաճ։
Ոսկու թանկացման երրորդ պատճառը Պարսյանը համարում է տեխնոլոգիական առաջընթացը։ Ժամանակակից արտադրական գործընթացներում ոսկին ոչ միայն զարդերի, այլև բարդ տեխնոլոգիաների անփոխարինելի բաղադրիչ է․ միկրոչիպերի, էլեկտրոնիկայի և գերճշգրիտ սարքերի արտադրությունն այսօր զգալի քանակով ոսկի է պահանջում։
Այս ամենը ազդել է ոչ միայն միջազգային շուկայի, այլև Հայաստանի վրա։ Ոսկու առևտրով զբաղվողները փաստում են՝ վերջին ամիսներին շուկան անկայուն է, գները՝ ռեկորդային։
«Երեսուն տարի արդեն այս գործի մեջ եմ, այսպիսի թանկացում պատմության մեջ դեռ չէր եղել. ո՛չ թանկացում, ո՛չ էլ էժանացում։ Ասենք՝ մեկ գրամը բարձրացավ մինչև 140 դոլար, հետո իջավ 128 դոլարի։ Այսինքն՝ 12 դոլարով իջավ ընդամենը մի երեք օրում։ Ասենք, պատմության մեջ դեռ նման բան չէր եղել»։
Նման տատանումները բարդացնում են առևտուրը․ որոշ գործարարների խոսքով՝ գնորդները տարակուսանքի մեջ են՝ հիմա գնեն, թե սպասեն նոր անկման։
«Մենք էլ զարմանում ենք, քանի որ շուտ-շուտ թանկանում է, մանավանդ այս տարի՝ մոտավորապես 50 հազար դոլար յուրաքանչյուր կիլոյի մեջ թանկացավ։ Դրա համար մեր բոլոր գործերը փչացան»։
Այլ կարծիքներ էլ կան։ Որոշ վաճառականներ անգամ բարձր գնի ֆոնին որոշակի աշխուժացում են նկատում։
«Այս տարի է, որ այսքան միանգամից թանկացել է։ Ընդհանուր առմամբ՝ հենց մի քիչ բարձրանում է՝ ակտիվանում է, որովհետև մարդիկ մտածում են, որ ավելի կթանկանա, գալիս առնում են»։
«Եթե մենք խոսում ենք մեր պատրաստի զարդերի մասին, որոնք ադամանդով են, իրականում շարժը ավելի շատ է։ Ժողովուրդը մտածում է՝ եթե արժեքը բարձրանում է, ուրեմն այդ պահին շուտ գնումը կատարենք, որ գնային բարձրացում չլինի»։
Գնորդների վարքագիծը տնտեսագետները պայմանավորում են նաև հոգեբանական գործոններով․ ոմանց համար ոսկին կապիտալ է, ոմանց համար՝ անհրաժեշտ գնում․ Հայաստանում հիմնականում գնում են ամուսնական մատանիներ ու մկրտության խաչեր։
Բազմաթիվ երկրներ այսօր ոսկի են գնում պետական մակարդակով՝ ձևավորելով պահուստային ֆոնդեր, քանի որ անորոշության պայմաններում ոսկին համարվում է ամենահուսալի միջոցը։ Այս առումով Սուրեն Պարսյանը կանխատեսում է․
«Համաշխարհային վերջին շրջանի տնտեսական սանկցիաները՝ «ոտնձգությունները» ռուսական ակտիվների նկատմամբ, ընդհանուր առմամբ, կասկածի տակ են դրել ժամանակակից ֆինանսական համակարգի անվտանգությունը, և ոչ ոք երաշխավորված չէ, որ, օրինակ, ռուսական ակտիվների նման իրենց գումարները չեն սառեցվի, չեն պահվի կամ չեն յուրացվի։ Եվ նրանք մտածում են, այսպես, կանխարգելիչ ձևով իրենց գումարները արևմտյան պարտատոմսերից, օրինակ, տեղափոխել այլ իրացվելի ակտիվներ, որոնցից մեկն, օրինակ, ոսկին է։ Այսինքն, ընդհանուր անորոշությունը բավականին մեծ է համաշխարհային շուկայում և այս մթնոլորտում ոսկու նկատմամբ պահանջարկը գնալով էլ ավելի կմեծանա»։
Տնտեսագետի փոխանցմամբ՝ նման մոտեցում այս պահին ցուցաբերում են և՛ Չինաստանը, և՛ Հնդկաստանը, որոնք փորձում են ավելացնել իրենց ոսկու պաշարները՝ հրաժարվելով արևմտյան պարտատոմսերից, արժեթղթերից։
«Դա ընդհանուր միտում է։ Եթե ստեղծվեն այլընտրանքային ֆինանսական կենտրոններ, արժեթղթեր, միգուցե, ոսկու նկատմամբ պահանջարկը նվազի, բայց այս պահին դեռ ավելանում է։ Որքան սրվեն Արևմուտք-Չինաստան, Արևմուտք-Հնդկաստան և այլ հարաբերություններն, այնքան ոսկու նկատմամբ պահանջարկը կավելանա»։
Հայաստանում ոսկին որպես պահուստային-ներդրումային գործիք չի կիրառվում դեռ 2007 թվականից։ Նույնիսկ բանկերն իրենց ակտիվները հիմնականում պահում են պարտատոմսերի կամ արժեթղթերի ձևով։ Տնտեսագետը հավելում է, որ երկարաժամկետ տեսանկյունից ոսկին էլ է որոշակի վտանգներ պարունակում, քանի որ ֆինանսական շուկաներում ներդրումները, օրինակ՝ պարտատոմսերի կամ արժեթղթերի մեջ, հաճախ ապահովում են ավելի մեծ եկամտաբերություն։
Իսկ թե որքան կտևեն վայրիվերումները ոսկու շրջանում՝ կախված են ոչ միայն շուկայի տրամաբանությունից, այլև առաջիկա ամիսների աշխարհաքաղաքական և համաշխարհային ֆինանսական իրադարձություններից։




