ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ո՞ւմ փողերն են ծախսում քաղաքական ուժերը․ հարց 2026-ի ընտրություններին ընդառաջ՝ ուղղված 123 կուսակցություններին

Հայաստանում գրանցված  է 123 կուսակցություն։ Այս թիվն ուշագրավ է հատկապես այժմ՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ քաղաքական ուժերն սկսել են ակտիվ նախընտրական պայքարի հայտ ներկայացնել։ Այս ամենին զուգահեռ՝ իշխող կուսակցությունը սկսել է ավելի հաճախ խոսել ապատեղեկատվության, հիբրիդային պատերազմի և կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մասին։ Արդեն շրջանառվում են թեզեր, որ կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները կարող են ազդել անգամ դրանց՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վրա։ Ընդ որում՝ ֆինանսավորման թափանցիկության մասին թեժ քննարկումներն առնչվում են նաև հենց իշխող կուսակցությանը։

Գործող իշխանությունը որոշել է փոխել ընտրությունների կարգը։ Նախնական մոտեցմամբ՝ ընտրություններում ընտրական արդյունք չապահովելու դեպքում այլևս չի գործի «ընտրությունների երկրորդ» փուլ հասկացությունը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոստանում է, որ փոփոխության սկզբունքները կարտացոլվեն ՀՀ սահմանադրության նոր տեքստում, որտեղ կօգտագործվեն «առաջին ընտրություններ» և «երկրորդ ընտրություններ» ձևակերպումները։

«Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից։ Այսինքն՝ կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին։ Եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեծամասնությամբ՝ մեկ կուսակցության միջոցով և կամ կոալիցիայի միջոցով, մենք գնանք երկրորդ ընտրության։ Երկրորդ փուլ չի լինելու, լինելու է երկրորդ ընտրություն»։  

Ընտրության երկրորդ փուլի իմաստն այն է, որ ավելի շատ ձայն հավաքածներն են սկսում մրցել՝ բացատրում է նախարարը։ Երկրորդ ընտրության դեպքում բոլորը հավասարության պայմաններում  մտնում են նոր ընտրապայքարի մեջ։

«Կայուն մեծամասնությունը իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո, և այսպիսի որոշման կայացման հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք հնարավորինս խուսափենք այդ ընտրական գործընթացների հավերժ շրջապտույտից և չունենանք, ի վերջո, այնպիսի ազգային ժողով, որն իր լիազորությունները կշարունակի տևական ժամանակի ընթացքում, այսինքն` անընդհատ»։

Փոփոխությունները նախատեսվում են սահմանադրության փոփոխված տարբերակում, ուստի դրանք չեն կիրառվի 2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Գործող իշխանությունը նոր սահմանադրության հանրաքվեի հավանական ժամկետը դիտարկում է խորհրդարանական ընտրություններից հետո։

Խորհրդարանի ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ավելացել են նաև  խոսակցությունները կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության անհրաժեշտության մասին։ Հայաստանի վարչապետը թեմային անդրադարձել էր հենց ԱԺ–ում։

«Ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում,  նույնպես համապատասխանի ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։ Դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել–չմասնակցելու հնարավորություն տալ–չտալու հարց առաջացնի, որովհետև կոնսպիրատիվ կառույցները ինչի՞ համար են ընտրություններին մասնակցում։ Թող գնան զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ իրենց բացահայտենք։ Պետք է հասկանալ այդ ամեն ինչը և պետք է, այո, նաև մեխանիզմներ ունենալ, որ հասկանանք` ում են ներկայացնում այս մարդիկ։ Որովհետև կարող է պարզվել, որ դա իրոք կոնսպիրատիվ գործունեություն է` լրիվ ուրիշ տեղերից, ուրիշ նպատակներով և ուրիշ ձևերով ֆինանսավորվող։ Այնպես որ, կարծում եմ՝ դա խնդիր է, որ մենք առնվազն պետք է մեր տեսադաշտում և մեր օրակարգում այդ հարցը ունենանք։»։   

Վարչապետը համարում է, որ սրա կարիքը հասունացել  է քաղաքական համակարգի կայացմանը զուգահեռ և արտացոլվել «Ընտրական օրենսգրքում»՝ վերջին փոփոխություններով։ Այդ փոփոխությունների հիմքով է, որ «Ականատես»  դիտորդական առաքելությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններին առաջադրված ութ քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկության խնդիրներ է նկատել։

Ըստ նոր կարգի՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո՝ մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը՝ 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: Հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն էլ ամփոփում է մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի տվյալները և դրա ամփոփ տեղեկանքը տեղադրում  ԿԸՀ համացանցային կայքում։ Այս երկու տեղեկանքների համադրությամբ «Ականատես»–ն անհամապատասխանություններ է գտել՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև։  

Դիտորդական առաքելությունը տարածած հաղորդագրությամբ օրերով, փաստերով և թվերով  խոսել է հնարավոր խախտումների մասին, որոնք թույլ են տվել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հայրենիք», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Դաշնակցություն» և «Առաջ» կուսակցությունների ձևավորած «Հաղթանակ» դաշինքը։

Ֆինանսավորման թափանցիկության պահանջն ընդդիմադիր դաշտում ընկալում և շատ հաճախ դիտարկում են մահակ, որը իշխանությունը կարող է օգտագործել անցանկալի մրցակիցների դեմ՝ դա պատճառաբանելով ֆինանսավորման անհայտ ու անհասկանալի ծագմամբ ու կոռուպցիոն ռիսկերով։  Քաղաքական մի շարք ուժեր վերջին շրջանում բնութագրվում էին որպես դրսի գումարներով սնվող, ինչը և որոշ շրջանակներ համարում էին թիրախավորման հիմնական պատճառ։ Դեռ համապետական ընտրությունները չսկսված՝ ընդդիմադիր դաշտում կիրառում են «քաղբանտարկյալ» ձևակերպումը տարբեր գործիչների մասին խոսելիս, մինչդեռ իշխանությունն այլ գնահատական է տալիս՝ պնդելով, թե արտաքին ուժեր են փորձում Հայաստանում իրավիճակ փոխել՝ ուղղելով խոշոր գումարներ։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան․ «Դա շատ հարմար տարբերակ է, իրականում, քաղբանտարկյալի քողի տակ կատարել արարք, որը մեր քրեական օրենսգրքով քրեորեն հետապնդելի է։ Ոչ մեկը չունի անձեռնմխելիություն, անկախ իր քաղաքական հայացքներից, կատարելու ինչ–որ արարք, հույս ունենալու, որ դրա համար քրեական հետապնդման չի ենթարկվելու»։

Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված է 123 կուսակցություն։  2024-ին են գրանցվել և ընդդիմադիր դաշտում դիրքավորվել, մասնավորապես, ՌԴ-ում հաստատված Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն»-ը, նույն պետությունում բնակվող մեկ այլ պաշտոնյա՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ»-ը, արտերկրում գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը։

Հայաստանում նույնպես ձևավորվել են երիտասարդ կուսակցություններ։ Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը, նախկին ՔՊ-ական, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»-ը և քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական Կուսակցություն»-ը։ 

Ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը պնդող «Քաղաքացիական պայմանագիրը» ինքն էլ որոշ ժամանակ առաջ պարտադրված էր պարզաբանումներ ներկայացնել սեփական ֆինանսական թափանցիկության վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս փակեց իշխող կուսակցությանը 2022-ին ենթադրյալ ապօրինի նվիրատվությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։

Հետաքննող լրագրողներն ու կազմակերպությունները նկատել էին, որ ՔՊ-ի թեկնածուների կողմից  մի շարք ընտրություններում կուսակցությանը մեծ ծավալով ու նույն  չափով գումարներ են փոխանցվել։   

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «ՔՊ» ընտրացուցակում ընդգրկվելը կարժենա 500 000 դրամ կուսակցության անդամների համար և 1.5 միլիոն դրամ անկուսակցականների համար։ Իշխող կուսակցության կողմից կիրառվող առաջադրման ձևաչափը նոր չէ՝ լրագրողներին ասել է  վարչապետ Փաշինյանը։ Նա բացատրել է, որ 2017 թվականի հերթական ընտրություններում կուսակցությունում նույն սկզբունքն է գործել։  Արտահերթ ընտրությունների դեպքում, քանի որ ժամանակացույցի խնդիր կար, ցուցակն արագացված այլ ռեժիմով է ձևավորվել։ Վարչապետը համոզված է, որ իր ղեկավարած կուսակցությունում գործող համակարգը և՛ թափանցիկ է, և՛ ժողովրդավար․

«Թեկնածուները միշտ էլ էդ առաջադրման վճարը իրականացրել են, որովհետև մենք քարոզարշավ ենք, չէ՞, իրականացնելու։ Մենք պետք է նաև մեր ներդրումը ունենանք, ո՞վ է ֆինանսավորելու։ Իհարկե, մենք դրամահավաք էլ կկազմակերպենք, բայց դա նաև նրա համար է, որ որևէ մեկը եթե թեկնածություն է առաջադրում, պետք է նաև ֆինանսական ներդրում ունենա»։

Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրներն ակնառու են դարձրել նաև իրավական դաշտի թերությունները, օրինակ, որ կուսակցությունների տարեկան հաշվետվությունները հրապարակվում են մեծ ուշացումով՝ հաճախ ընտրություններից մեկ տարի անց, ինչի հետևանքով ընտրողները խախտումների մասին տեղեկանում են այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէ ազդել ընտրական արդյունքների վրա։ Հանրային վերահսկողությունն այդպիսով դառնում է անարդյունավետ և ուշացած։

Բացի այդ, ՀՀ Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունները, որոշ գնահատականներով, ևս վտանգում են թափանցիկությունը։ 2024-ի դեկտեմբերին կուսակցություններին անհատական նվիրատվության առավելագույն շեմը տարեկան 2,5 միլիոն դրամից բարձրացվեց մինչև 10 միլիոն դրամ։ Սա նվազեցնում է այսպես ասած «ձևական նվիրատուների» գտնելու անհրաժեշտությունը, սակայն չի լուծում միջոցների ծագման աղբյուրի հետագիծը բացահայտելու խնդիրը։

Կարդացեք նաև

Back to top button