
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարներին՝ քննարկելու համար տարածաշրջանի հարուստ հանքային ռեսուրսներին հասանելիության հարցը։ Տարածաշրջանում այս ուղղությամբ արդեն ակտիվ գործունեություն ծավալում են Ռուսաստանը եւ Չինաստանը, հայտնում է BBC-ին։
Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
«Մեր օրակարգի հիմնական հարցերից մեկը ռազմավարական նշանակության հանքային պաշարներն են», հայտարարել է Թրամփը՝ հինգ երկրների ղեկավարների հետ ընթրիքից առաջ։
AFP-ն ընդգծում է, որ Կենտրոնական Ասիայի առաջնորդները չեն զլացել գովեստի խոսքեր շռայլել Թրամփին։
«Դուք մեծ առաջնորդ եք, պետական գործիչ, որը, կարելի է ասել, երկնքից է ուղարկված՝ առողջ բանականությունն ու այն ավանդույթները վերականգնելու համար, որոնք մենք բոլորս կիսում և գնահատում ենք»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«ԱՄՆ ոչ մի նախագահ երբևէ այսպիսի ուշադրություն չի դարձրել Կենտրոնական Ասիային, ինչպես Դուք։ Ուզբեկստանում մենք Ձեզ կոչում ենք խաղաղության նախագահ»,- հավելել է այս երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
«ԱՄՆ- Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովներն անցկացվում են 2015 թվականից, երբ առաջին նման հանդիպումը տեղի ունեցավ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
2023 թվականին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ հանդիպեց միջինասիական բոլոր հինգ երկրների ղեկավարների հետ։
Թրամփի անցկացրած գագաթնաժողովը դարձել է պատմության մեջ երկրորդը եւ Սպիտակ տանն անցկացված առաջինն նման հանդիպումը։




