Երկրորդ շնչառություն

Երևանը ստացավ իր նոր դեմքը․ խեցեգործների հավաքական նվերը քաղաքին․ «Երկրորդ շնչառություն»

Խորհրդային տարիներից ի վեր խեցեգործական մեծածավալ պանոների պատվերներ պետությունն այլևս չի տալիս։ Սակայն այդ բացը փորձել են լրացնել «Տերակոտա» կենտրոնի 0-ից 100 տարեկան սաները՝ համախմբվելով հիմնադիր Նանա Մանուչարյանի շուրջ և ստեղծելով հավաքական աշխատանք։

Ավելի քան 150 մասնակիցների անհատական ձեռքի աշխատանքներից՝ սալիկաձև դիմակներից կազմված կամարաձև մեծ պատն այսուհետ կզարդարի Անգլիական այգու մուտքի մի հատվածը։

«Մարդիկ մեր ստուդիայում պատրաստածը սովորաբար վերցնում են իրենց հետ, բայց մենք ուզեցինք, որ մեր մասնակիցները մնայուն, հիմնական մի բան ստեղծեն և նվիրեն մեր քաղաքին»,– ասում է նախաձեռնության հեղինակը՝ հիշեցնելով, որ նման մասշտաբային մեկ այլ գործ արդեն զարդարում է նաև Բուսաբանական այգու գողտրիկ մի հատվածը։

«Ամեն դեմք կխոսի դիտողի հետ․ ամեն մեկը պատրաստել է իր ներաշխարհից բխած դիմակը։ Սպիտակ կավից թրծված և գույնզգույն ջնարակապատված սալիկները մնայուն նվեր են մեր քաղաքի համար»,– համոզված է Նանա Մանուչարյանը։

Գաղափարի հիմքում ընկած է այն մոտեցումը, որ սեփական ձեռքերով ստեղծածը միայն տուն տանելու չէ․ կարելի է հավաքական աշխատանք նվիրել քաղաքին՝ բոլորին, տալ և ստանալ հիացական արձագանքներ։

Նախաձեռնողները հույս ունեն, որ մինչև Ամանոր մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կհասցնեն հիանալ այս յուրահատուկ միասնական աշխատանքով։

Կարդացեք նաև

Back to top button