ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություն կատարող 16 խումբ

Ներքին գործերի նախարարությունը տրանսպորտային միջոցներից գողությունների դեպքերը նվազեցնելու նպատակով շեշտը դրել է այդպիսի հանցագործություններով զբաղվող խմբերի բացահայտման վրա:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Նախարարը վստահեցրել է, որ ոստիկանները բացահայտում են այդպիսի գողությունների բազմաթիվ դեպքեր:

Նախարարի խոսքով՝ Ոստիկանությունը պարբերաբար հրապարակում է նաև բացահայտման դեպքերը, սակայն, ըստ նրա, գողության վերաբերյալ ինֆորմացիան ավելի շատ է քննարկվում և տարածվում, քան բացահայտումը:

«Մենք մեթոդաբանական փոփոխություն ենք կատարել: Եվ ինչպես բնակարանային գողությունների դեպքում, հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտման վրա: Որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը: Եվ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել և հետո բացահայտման տոկոս ապահովել»,-ասել է նախարարը:

Այս պահին տրանսպորտային միջոցներից կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմում է շուրջ 30 տոկոս:

Սարգսյանը սա գնահատել է ոչ բավարար՝ շեշտելով, որ դեռ աշխատանք կա իրականացնելու: «Սակայն 16 խմբի և շորթում կատարող 4 խմբի բացահայտումը, կարծում եմ, պատկերում էական փոփոխություն կբերի»,-նշել է նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button