ՀասարակությունՌեպորտաժներ

Կառավարությունը կստեղծի անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմին

Կառավարությունը կստեղծի անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող անկախ մարմին, տեղեկացնում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ֆեյսբուքյան տեսանյութով։

Նախարարը հիշեցնում է, որ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն, որը հնարավորություն է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։

Նախարարի հայտարարությանը գրեթե զուգահեռ խորհրդարանում լրագրողները Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարցնում են՝ հանգստյան օրերին սոցցանցերում տարածված տեսանյութերը, որոնցով երևում են հոգևորականներից մեկի անձնական կյանքին վերաբերող դրվագներ, արդյոք չեն խախտում մարդու անձնական կյանքի իրավունքը։

«Պետք է ասեմ, որ դա բավականին վրդովեցնող նյութ էր և տարածումը, և այդ աստիճան տարածումը սոցիալական ցանցերում առնվազն անընդունելի պետք է համարել, որովհետև խոսքը վերաբերում է անձնական կյանքի պաշտպանության մասին, և անձնական կյանքի վերաբերյալ նման տեսակի նյութեր տարածելը որևիցե եղանակով չի կարող դիտարկվել որպես իրավաչափ»։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դրանք ընդգծել է, որ նման հրապարակումները հատկապես կարող են վնաս հասցնել «կադրերում երևացող կնոջը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ առաջիկայում այլ փաստական տվյալներ կհրապարակվեն եկեղեցու ներսում գոյություն ունեցող խնդիրների մասին, բայց պատգամավորը հույս ունի, որ դրանք տարածված տեսանյութի բովանդակությունը չեն ունենա։

«Ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին»։

Չկա իշխանություն, եկեղեցի, հակասություն, կա խնդիր բարձրաստիճան հոգևորականների հետ, ասում է Արթուր Հովհաննիսյանը։

Հնարավո՞ր է, որ ամիսներ շարունակվող առճակատումն ավարտվի երկխոսությամբ՝ հարցին պատգամավորն այսպես է պատասխանում․ «Երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը, և մենք, որպես հավատավոր ժողովուրդ, հաշտ լինենք դրա հետ։ Նման երկխոսություն չի կարող ուղղակի լինել»։

Իշխանության ներկայացուցիչների կարծիքով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ երկխոսությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ քննարկվեն նրա հեռանալու պայմաններն ու ժամկետները։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում են, որ պետություն- եկեղեցի սրված հարաբերությունների հանգուցալուծումն այն է, որ կառավարությունը չխառնվի եկեղեցու ներքին գործերին։

«Եկեղեցում ներքին խնդիրներ կան, բայց դրանք եկեղեցու ներքին գործն են»,- ասում է «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը և հիշեցնում Սահմանադրության համապատասխան հոդվածը։

«Պետք է հրաժարվել այն քրեորեն պատժելի գործելաոճից, որն ընտրել է իշխանությունը։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել՝ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, այսինքն պետությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին»։

Դանիելյանի կարծիքով տարածված տեսանյութը` գաղտնի ձայնագրությունները, մարդու անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտումներ են։

«Կներեք, ոչ բարոյական է, ոչ էլ իրավական է։ Խստիվ դատապարտելի է»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիդջանյանը չի մեկնաբանում հայտնի տեսանյութի տարածումը, միայն վստահեցնում է՝ «իմ հետ կապված ոչ մի կամպրոմատ, ոչ ոք չունի»։

Խմբակցությունը չի հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից, ասում է Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցնում է իմպիչմենթի հաջողության դեպքում ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին օրերս դատարանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։

Մամիջանյանի կարծիքով դատարանի վճիռը ոչ թե իրավական, այլ քաղաքական հիմքեր ունի։ Համբարձումյանը դատարանի որոշման հրապարակման պահին Հայաստանում չի եղել։

Կձերբակալվի նա հենց օդանավակայանում, թե ոչ, Մամիջանյանը դժվարանում է պատասխանել, բայց ընդդիմության ներկայացուցիչները կգնան դիմավորելու իրենց թեկնածուին։

«Բայց հաշվի առնելով այն փաստը, որ նամակ է ուղարկել Դավիթ Համբարձումյանը դատարան, տեղեկացրել է, որ վերադառնում է՝ ոչ մի վայրկյան, իր գտնվելու վայրը անհայտ չի եղել։ Օդնավակայանում ձերբակալելը անտրամաբանական գործողություն կլինի»։

Թեև այս պահին ընդդիմությունը վարչապետի նոր թեկնածուի անուն չի քննարկում, «Պատիվ ունեմ» խմբակցության օրակարգը նույնն է․ «Մինչև 2026- ի խորհրդարանական հերթական ընտրությունները՝ արտահերթ ընտրություններով իշխանափոխության հասնել»,- ասում է Մամիջանյանը և հավելում՝ դրա համար քաղաքական ու իրավական նախադրյալներ կան։  

Կարդացեք նաև

Back to top button