
Ստեփան Լիսիցյանի աշխատությունը՝ «Զանգեզուրի հայերը», համապարփակ ուսումնասիրություն է, որտեղ ներկայացվում է Զանգեզուրի հայության ոչ միայն տնտեսական կյանքը, այլև սովորույթները, կենցաղը, մարդկանց` հատկապես տարեցների վերաբերմունքը բոլոր այն փոփոխություններին, որոնք բերեց իր հետ Խորհրդային իշխանությունը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյանը, անդրադառնալով Լիսիցյանի աշխատանքին, նշում է, որ առանձնապես բացասաբար է ընկալվել այն նորամուծությունը, երբ երիտասարդ կանայք և աղջիկները պետք է աշխատեին դրսում՝ գործարաններում։ Սակայն, պետք է նշել, որ այս տեսակի դիմադրությունը բնորոշ էր ոչ միայն Զանգեզուրին, այլև ամբողջ Հայաստանին։


Լիսիցյանն իր ուսումնասիրության մեջ նկարագրել է նաև մի շարք ավանդական սովորույթներ, հատկապես՝ մանկածնության և նորածինների հետ կապված ծեսերը: Օրինակ՝ դժվար ծննդաբերության դեպքում պետք էր, որ ներկա լիներ որևէ մեկը, ով անցել էր Արաքս գետը։ Այս գործողությունը խորհրդանշում էր դժվարության բարեհաջող հաղթահարումը, կամ՝ ընտանիքի մեծերի ներկայությամբ չէր թույլատրվում սիրել զավակին, քանի որ նա համարվում էր սեռական ակտի արդյունք։ Ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի ուսումնասիրություններն աչքի են ընկնում նյութի համակողմանի և բազմաշերտ ներկայացմամբ, որը ցույց է տալիս գիտնականի կատարած աշխատանքի ծավալը։




