ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Պատերազմական 4-րդ ձմռանը սպասելիս․ Ուկրաինան առանց լույսի՞ և ջեռուցմա՞ն

Հոկտեմբերի 20-26 առանցքային հանդիպում էր սպասվում և նախապատրաստվում Բուդապեշտում։ Այն կարող էր լուծումներ գտնել կամ առաջարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Աշխարհի մակարդակով չափազանց մեծ սպասելիք էր ձևավորվել Բուդապեշտում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումից։

Այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում է այդ հանդիպումը չեղարկելու մասին որոշումը։

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն հանդիպի Բուդապեշտում՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը քննարկելու համար։ Լրատվամիջոցները այս լուրը փոխանցում են՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։ Նա հաստատել է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները կասեցվել են։

Ըստ աղբյուրի՝ Թրամփի կարծիքով՝ կողմերի պատրաստակամությունը բանակցություններին բավարար չէ։ Թրամփի և Պուտինի հանդիպում չի նախատեսվում նաև մոտ ապագայում, ինչպես նաև նախատեսված չէ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Ուշագրավ է, որ Բուդապեշտում նախապատրաստվող բարձրաստիճան հանդիպման տապալման մասին սկսեցին խոսել Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո։ Միջազգային սպասելիքները զարմանք են առաջացրել Ռուսաստանի արտգործնախարարի մոտ, թե ինչպե՞ս կարող է հետաձգվել մի բան, որի ժամկետը որոշված չի եղել։ Ռուս դիվանագետի ներկայացմամբ՝ հանդիպում չկազմակերպելու համար կան նաև այլ պատճառներ։

Ռուսաստանի համար ընդունելի չէ պատերազմը դադարեցնելու և խնդիրների լուծումը պատմությանն ու սերունդներին թողնելու առաջարկը։ Լավրովի հակափաստարկով՝ ուղղակի կանգնելը նշանակում է մոռանալ այդ հակամարտության պատճառները։ Սա ասելով Ռուսաստանի արտգործնախարարը նկատի ունի Ուկրաինայի չեզոք, որևէ անվտանգային միավորումից դուրս, ոչ միջուկային կարգավիճակի ապահովումը։

Ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու սկզբունքը, ըստ Լավրովի՝ հակասում է այն պայմանավորվածություններին, որ Պուտինն ու Թրամփը ձեռք էին բերել իրենց առաջին հանդիպման ժամանակ՝ Ալյասկայում։

Թրամփ-Պուտին երկրորդ հնարավոր հանդիպման մասին խոսակցությունները շրջանառության մեջ էր դրել հենց ԱՄՆ նախագահը, հոկտեմբերի 16-ին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը նա հանդիպեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Արդյո՞ք այդ հանդիպման ժամանակ նա պնդել է, որ Դոնբասը տրվի Ռուսաստանին՝ այս հարցի պատասխանը հայտնի չէ։

Փոխարենը կա հաստատված պնդում-պայման, որ հակամարտությունը սառեցվի ներկայիս առաջնագծի երկայնքով։ Զելենսկին, ըստ լրատվամիջոցների՝ այս հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ պատերազմը իրենք չեն սկսել, հետևաբար՝ իրենք չեն այն կանգնեցնողը։

Բուդապեշտի հանդիպման տապալման մասին լուրը թեթևացած են ընդունել Ուկրաինայում՝ վերլուծական դաշտում։ Քաղաքագետ Վլադիմիր Ֆիսենկոն չի շտապում եզրակացություններ անել տապալված հանդիպման մասին, բայց ենթադրում է, որ այդ հնարավոր հանդիպումից Ուկրաինայի համար դրական սպասելիքներ չկային։

«Այս գագաթնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին պարադոքսալ է։ Պարադոքսն այն է, որ և՛ Պուտինը, և՛ Թրամփը ցանկանում են հանդիպել, նրանք դա չեն թաքցնում։ Միևնույն ժամանակ, նրանց նպատակները հիմնովին տարբեր են։ Թրամփը ցանկանում է հանդիպել՝ պատերազմն ավարտելու համար։ Նրա համար դա արդեն սկզբունքի հարց է, իր քաղաքական հեղինակության հարցն է։ Նա անընդհատ խոսում է այդ մասին։ Բայց Պուտինը այլ բան է ցանկանում։ Նա ցանկանում է վերսկսել ուղիղ շփումը Թրամփի հետ, վերականգնել իր ազդեցությունը Թրամփի վրա, փորձել կրկին համոզել նրան, որ խաղաղությունը հնարավոր է միայն Ռուսաստանի պայմաններով, և որ Ուկրաինային պետք է ստիպել կատարել ու Պուտինի և Թրամփի միջև համաձայնեցված պայմանները։ Նա արդեն մի քանի անգամ փորձել է դա, բայց չի հաջողել և հիմա կարող էր նոր փորձը լինել»։

Դոնալդ Թրամփը մշտապես խոսել է այն մասին, որ չի ցանկանում անիմաստ ժամանակ վատնել անարդյունավետ հանդիպումների վրա։

Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցնում է, որ կա երկու երկիր, որ միմյանց սպանում են և շաբաթական կորցնում 5-7 հազար զինվոր։ Նա կողմերին է կոչ անում կանգ առնել և մտածել։

Իսկ մինչ պետությունները մտածում են, ամենօրյա ռեժիմով ոչ միայն զինվորականների, այլև խաղաղ բնակչության շրջանում նոր զոհեր են լինում։

Ուկրաինան պատրաստվում է պատերազմական 4-րդ ձմռանը, բայց արդեն ավելի շատ հարցականներով։ Այս շրջանում Ռուսաստանը փոխել է մարտավարությունը և թիրախավորել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Այժմ հարց է՝ արդյո՞ք ուկրաինացիները ձմռանը կունենան լույս և ջեռուցում։

Կարդացեք նաև

Back to top button