ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գյումրիում կատարվածը մեսի՞ջ է մյուս ՏԻՄ-երին․ կոռուպցիոն կալանավորումների քաղաքական ենթատեքստը տարբեր երանգներ է ստացել

Գյումրիի պաշտոնյաների ձերբակալությունների և հետագա կալանավորումները հանրային բուռն քննարկման թեմա են դարձել՝ դիտարկվելով ոչ միայն իրավական, այլև քաղաքական դաշտում։ Թեև իրավապահ համակարգը և հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել են, որ գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում են, ներքաղաքական դաշտում իշխանության քայլերին այլ պատճառներ են վերագրում։

Ձերբակալությունների ֆոնին, ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը քննարկման օրակարգ է վերադարձրել վարչապետին անվստահություն հայտնելու իր նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով այն ներառել ԱԺ այս շաբաթվա լիագումար նիստերի օրակարգ։

Կառավարությանն, այսպես ասենք, տուն ուղարկելու նպատակադրմամբ ընդդիմությունը փորձել է ԱԺ-ի օրակարգ մտցնել ամիսներ խմորվող իմպիչմենթի նախագիծը, որը ստորագրել է 34 պատգամավոր։ Իշխանական թևը, սակայն, մերժում է այդ նախաձեռնությունը, ինչին զուգահեռ շարունակվում է ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը քրեական մեղադրանքներով։

Հենց դրա բերումով է, որ Գյումրիի դեպքերը տարբեր կերպ են մեկնաբանում քաղաքական դաշտում։ Այդ քաղաքը երկար տարիներ ղեկավարած և ընդամենը 6 ամիս առաջ նույն պաշտոնին վերադարձած Վարդան Ղուկասյանի երկամսյա կալանքը ընդդիմադիրների շրջանում հստակ գնահատական ունի, որը ներկայացնում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Դեպքերը Գյումրիում ակնհայտորեն ցույց տվեցին մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը և փորձ է անում նախ տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, իսկ այնուհետև հարձակվել բոլոր հնարավոր մեթոդներով և գործիքակազմով։ Որևէ մեկը իրավունք չունի խախտել Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չի ընդունում մեղադրանքները, թե Գյումրիի քաղաքապետի դեպքում իշխանության ներկայացուցիչները խախտում են անմեղության կանխավարկածը՝ խոսելով կաշառակերության անթույլատրելիության մասին։

«Շատ լավ։ Բոլոր կաշառակեր սրիկաները պետք է նստեն։ Ծանուցում մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար։ Ես լսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Իրավապահ մարմինները երբ մեղադրանք են առաջադրում, նշանակում է` իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Ես չեմ պնդում, պնդում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է»։

Գյումրիի ձերբակալությունների գործով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է երկամսյա կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։

Կառույցը նաև հերքում է Գյումրի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ լինելու խոսակցությունները՝ պարզաբանելով, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին՝ տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։

Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հավելում են, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հավաստիությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տարբերություն չի դնում, թե կաշառակերության դեմ որ ուղղությամբ պետք է պայքարի պետությունը՝ ընդդիմադիրների՞, թե սեփական շարքերում, օրինակ՝ ԱՆԻՖ հիմնադրամի անհետացած փողերի դեպքում։ Չի ընդունում նաև մեղադրանքը, թե իրավապահներն անհարկի ցուցադրաբար միջոցառումներ են իրականացրել Գյումրիում։

«Շատ նորմալ մտան Գյումրու քաղաքապետարան։ Կարո՞ղ է հարսանյաց տուն է Քննչական կոմիտեն, որ մարդուն պետք է պարտադիր հրավիրեն։ Բա քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու, այդ թվում և պետք է զննություն իրականացնեն, պետք է ապացույցներ ման գան։ Որ ասում եք` ծանուցում չեն ուղարկել, ուրեմն գործի համար գուցե կարևո՞ր է եղել, որ մտնեն ու անսպասելիության էֆեկտը նաև։ Ոչ մեկը՝ ո՛չ ես, ո՛չ մեր խմբակցության այլ պատգամավոր, ո՛չ մեր թիմի այլ ինչ-որ մեկը չի գնացել ու չի համոզել ասել` ախպոր պես, արի գնա, սկսի կաշառք լափել։ Նույնիսկ հակառակը այդ մարդը ախր մտել է աշխատասենյակ, կարծեմ մեծ մասդ ներկա էիք եղել, առաջին բանը ասել է` այստեղ ամենուր ժուչոկներ են դրած, բարև տղերք։ Նույնիսկ դա հասկանալը, գիտակցելը, տեղյակ լինելը նրան հետ չի պահել։ Ինքը կոնկրետ կախվածություն ունի»։  

Գյումրիի քաղաքապետարանում իրավապահների գործողությունները քաղաքական դաշտում կապում են մեկ այլ իրադարձության հետ ևս՝ նոյեմբերի 16-ին նշանակված Վաղարշապատի ավագանու ընտրությունների։ Ընդդիմադիրները, մասնավորապես, «Հայաստան» խմբակցությունը, հայտարարությամբ պնդում են, մեջբերում․ «Վաղարշապատ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրիում համայնքապետի ձերբակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին, որ իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն»․ մեջբերման ավարտ։  

Իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Գյումրիի գործողությունները չեն կապում Վաղարշապատի ընտրությունների հետ, բայց հստակեցնում, թե ինչ ուղերձ են պարունակում վերջին իրադարձությունները։

-Ռուբեն Ռուբինյան․ «Սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում»։

Վահագն Ալեքսանյան․ «Սա թե՛ ընդդիմադիր, թե՛ ոչ ընդդիմադիր, թե՛ նեյտրալ, թե՛ ապատիկ, թե՛ պրոիշխանական էլեկտորատին մի ուղերձ է Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքը ու պետությունը սեփական գրպանները ու լափամանը լցնելու միջոց դիտարկելը։ Երբեք չի լինելու նման վերադարձ»։

Գյումրիի պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև նրանց պաշտոնավարումը կասեցնելու որոշումներ՝ տեղեկացնում է հակակոռուպցիոն կոմիտեն։

Կարդացեք նաև

Back to top button