
Ողջ օրը լարված է անցել Գյումրիում։ Գյումրիի քաղաքապետարանում ժամեր տևած քննչական գործողություններից հետո դիմակավորված ուժայինները քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շենքի ետնամուտքից բերման ենթարկեցին։ Ներսից կադրերը սուղ են, սակայն երևում էր, որ կոտրում են սենյակի դուռը։ Գյումրիի քաղաքապետը տեղափոխվել է Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրագրողներին տեղեկացրել է Ղուկասյանի փաստաբանը։ Ի դեպ, լրագրողների մուտքը քաղաքապետարան և աշխատանքը շենքում արգելված է եղել։
Ղուկասյանին բերման ենթարկելուց առաջ ժամեր շարունակ լարված էր թե շենքի ներսում, թե դրսում։ Որոշ պահերի հրմշտոց ու քաշքշուկ եղավ ուժային կառույցների ներկայացուցիչների ու քաղաքացիների միջև: Վերջիններիս թվում Ղուկասյանի աջակիցներն էին ու քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ, որոնք փորձում էին խոչընդոտել Ղուկասյանին բերման ենթարկելուն։
Վաղ առավոտից էին սկսվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական գործողությունները։ Ոստիկանները փակել էին Գյումրիի քաղաքապետարանի մուտքն ու արգելել աշխատակիցների ելումուտը։ Իր աշխատասենյակում մեկուսացած Ղուկասյանը մի պահ դուրս եկավ ու միջանցքում հավաքվածներին ասաց, որ պատրաստ է գնալ իրավապահների հետ, քանի որ, իր ձևակերպմամբ, վախենալու բան չունի։
«Մենք կգնանք, խնդիր չունենք, ոչ մի բան չենք արել»։
Քաղաքապետարանի շենքի մոտ ևս բազմամարդ էր։ Հավաքվել էին Ղուկասյանի աջակիցները կամ պարզապես քաղաքացիներ, որոնց հետաքրքրում էր, թե ինչ է կատարվում։ Ղուկասյանի թիմակիցներն իրավապահների գործողությունների հետևում քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ պնդելով, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելն իշխանության համար այդպես էլ ընդունելի չեղավ։
Օրվա ընթացքում արդեն քննչական կոմիտեն տվեց գլխավոր հարցի պատասխանը, թե ինչում է մեղադրվում Ղուկասյանը։ Պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացվեց՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ Գյումրու քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու և ձերբակալելու որոշումներ։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ Գյումրիի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով քաղաքացու կողմից Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցված շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինության մասին, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով ինքնակամ շինության քանդման քայլեր չձեռնարկել, ավելին՝ օրինականացնել այն՝ պահանջելով 4 միլիոն դրամ։

«Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով»․ասված է քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Պաշտոնական հաղորդագրություններին զուգահեռ հրապարակվեց նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի գաղտնալսված հեռախոսազրույցը։ Հենց այս հարցազրույցի հիմքով և Ղուկասյանին վերագրվում են կոռուպցիոն բնույթի պայմանավորվածություններ։ Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քրեական վարույթով շարունակվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական և ապացուցողական գործողությունները՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։
Մինչ հանրապետության երկրորդ քաղաքում կատարվողը բուռն քննարկումների թեմա էր թե ընդդիմադիր, թե իշխանական շրջանակներում, իրավապահները շարունակում էին փաստաթղթերի ուսումնասիրություններն ու խուզարկությունները, իսկ քաղաքական դաշտում փորձում էին կապ տեսնել տեղի ունեցողի ու քաղաքապետի ընդդիմադիր քաղաքական հայացքների միջև։
Այս տարեսկզբին Գյումրիում համամասնական ընտրակարգով անցկացվեցին համայնքապետի արտահերթ ընտրություններ։ 64-ամյա Վարդան Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո կրկին ստանձնեց քաղաքապետի պաշտոնն, ինչն առանց աղմուկի չընթացավ։ Վերջինիս 6-ամսյա կառավարումից դժգոհ իշխող ուժից պարբերաբար հնչում էին տարատեսակ մեկնաբանություններ։ Հատկապես սուր էին ընկալվում Ղուկասյանի քաղաքական ու ծայրահեղ ռուսամետ հայտարարությունները։
Վերջին հայտարարություններից մեկն անգամ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դարձավ քննարկման թեմա, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը կարող է քաղաքական ճակատագիր որոշել։ հենց այդպիսի շեշտադրում էր վերագրվել Ղուկասյանին։ Վերջինս ասել էր, որ Հայաստանի հետագան տեսնում է ինչ-որ միության կազմում, բայց ոչ գուբերնիա դառնալու ճանապարհով։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա և բացատրություն ակնկալելով, թե ինչ նկատի ուներ վարչապետը «հանրային դաշտից դուրս շպրտել» ասելով։ Քաղաքական շրջանակներում Փաշինյանի ասածն ուղիղ մեսիջ ընկալեցին՝ ուղղված Ղուկասյանի դեմ։ Ինքը՝ վարչապետը, օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց՝ իրավապահ կառույցների գործողություններին չի միջամտում և երբեմն դրանց մասին լուրերից է տեղեկանում։
Ինչ ընթացք կլինի Ղուկասյանի և մյուս ձերբակալվածների մասով։ Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանը ձերբակալվել է՝ կալանքի տարվելու նպատակով՝ մանրամասնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։ Սա նշանակում է, որ Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նա տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք կներկայացվի, հաջորդիվ դատարան կներկայացվի նրան կալանավորելու միջնորդություն։ այս ռեժիմով անձին ձերբակալելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում դատարան կալանքի միջնորդություն ներկայացնի, և ձերբակալումը չի կարող տևել ավելի երկար, քան 24 ժամը։
Փաստաբանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքն ուրախ կլինի, եթե գործով բացահայտվի, թե ով ինչ է արել։




