Նրանք առողջ և հաշվեկշռված սննդակարգի արժեքն ու նշանակությունը լավ գիտեն։ Գիտեն նաև, որ մարդու աճի ու զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, առողջության պահպանման և գոյատևման կարևորագույն գրավականը նույնպես առողջ սննդակարգն է։
Քաջ գիտակցելով առողջ սննդակարգի կարևորությունը՝ նրանք ձևավորում են առողջ սնուցման մշակույթ, խթանում առողջ ապրելակերպ, օգնում առանց օրգանիզմին վնաս հասցնելու ազատվել ավելորդ կիլոգրամներից կամ ավելացնել քաշը։
Դիետոլոգիա-գիտակցված սնուցում կամ գիտություն առողջ ու հավասարակշռված սննդի հետ փոխհարաբերության մասին․ անչափ անհրաժեշտ ու օգտակար մասնագիտություն, որը միտված է առողջ ապրելակերպին։
Ավելորդ քաշը և սննդային վատ սովորությունները խնդիրներ են, որոնք ցանկացած տարիքի, սեռի և ապրելակերպի մարդիկ կարող են ունենալ իրենց կյանքի ընթացքում։ Լավագույն լուծումը տալիս է բժշկության մի անչափ հետաքրքիր ոլորտ՝ դիետոլոգիան, որն ինչպես բուժում, այնպես էլ կանխարգելում է մի շարք հիվանդությունների առաջացումը, պահպանում մարմնի կայուն քաշը, կարգավորում նյութափոխանակությունը, նպաստում հիվանդություններից հետո բուժառուների արագ ապաքինմանը, բարելավում առողջությունն ու բարեկեցությունը։
Գրագետ և փորձառու դիետոլոգները՝ օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տրամադրում են խորհրդատվություն և, հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի առողջական վիճակը, ապրելակերպը, սովորությունները և ժառանգական գործոնները, կազմում են անհատական ու հաշվեկշռված սննդակարգ՝ ցուցաբերելով մասնագիտական օգնություն։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը։




