ԿարևորՄիջազգային

Գազայի խաղաղության պայմանագիրը կստորագրվի առանց ՀԱՄԱՍ-ի

ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը չի մասնակցի Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը, հոկտեմբերի 11-ի երեկոյան հայտնել են խմբավորման ներկայացուցիչները։ «ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի ստորագրմանը։ Արարողությանը ներկա կլինեն միայն միջնորդները, ինչպես նաև ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներ», — ասել են նրանք։

ԱՄՆ-ից և Եգիպտոսից բացի, կողմերի միջև միջնորդությանը մասնակցել է նաև Կատարը։ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն ուղիղ բանակցություններ չեն վարել։

Հոկտեմբերի 11-ին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է հոկտեմբերի 13-ին Կարմիր ծովի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում միջազգային «խաղաղության գագաթնաժողով» անցկացնելու մասին։ Հանդիպման ժամանակ նախատեսվում է «Գազայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի» ստորագրում։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նախնական համաձայնագիրը Շարմ էլ Շեյխում ստորագրվել է անցյալ շաբաթ։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, հանդիպումը համանախագահելու են ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը և Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին։ Գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 20 երկրների առաջնորդներ, որոնց թվում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Հոկտեմբերի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ելույթ է ունեցել Թել Ավիվում կազմակերպված հանրահավաքի ժամանակ և բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Գազայի հատվածում հրադադարի հասնելու գործում։ «Մենք բոլորս խորապես շնորհակալ ենք նախագահ Թրամփին», — ասել է նա։

Հրապարակում եղել է շուրջ 400,000 մարդ։ Ուիթքոֆին ուղեկցել են Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները։ Ինչպես DPA-ն է գրել՝ ծափահարությունները վերածվել են սուլոցների, երբ ԱՄՆ հատուկ բանագնացը ընդգծել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «կարևոր դերը»։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի կեսօրին: Թրամփի մշակած և երկու կողմերի աջակցությունը ստացած Գազայի պլանի առաջին փուլը նախատեսում է իսրայելցի պատանդների ազատ արձակում։

Բոլոր 48 պատանդների ազատ արձակման դիմաց Իսրայելը, որպես համաձայնագրի մաս, կազատի ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 250 պաղեստինցիների և 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ձերբակալված 1700 այլ բանտարկյալների: Ըստ համաձայնագրի՝ նաև Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայում զորքերը հետ կքաշեն մինչև համաձայնեցված գիծ, ​​կվերսկվի նաև մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված։

Ինչպես Թրամփը ավելի վաղ ասել էր, պատանդների ազատ արձակումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, և ինքը հնարավոր է անձամբ ներկա լինել դրան։

Կարդացեք նաև

Back to top button