Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը վարձատրվող խորհրդատուի պաշտոն է ստացել տեխնոլոգիական հսկա Microsoft-ում և արհեստական բանականության Anthropic ստարտափում, հայտնում է BBC-ին։
Իր վարչապետության ընթացքում Սունակը տեխնոլոգիական կարգավորումը դարձրել է կարևոր առաջնահերթություն՝ 2023 թվականին կազմակերպելով արհեստական բանականության անվտանգության գագաթնաժողով։
Անկախ վերահսկող մարմինը (Acoba), որը վերահսկում է նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը, հաստատել է նրա նշանակումը։
Ռիչմոնդի և Նորթալերտոնի գործող պատգամավոր Սունակը նշել է, որ «ուրախ է» աշխատել «աշխարհի երկու առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ» և պլանավորում է իր եկամուտը նվիրաբերել իր հիմնադրած բարեգործական կազմակերպությանը՝ The Richmond Project-ին, որը նպատակ ունի բարելավել թվաբանության մակարդակը Մեծ Բրիտանիայի դպրոցներում։
Նա հավելել է, որ տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունը, կփոխեն աշխարհը նույնքան, որքան արդյունաբերական հեղափոխությունը, և նա ցանկանում է իր գիտելիքներն ու փորձը ներդնել այդ գործընթացում։
«Մենք կանգնած ենք տեխնոլոգիական հեղափոխության շեմին, որի ազդեցությունը զգալի կլինի բոլորի կյանքում։ Իմ նպատակն է աջակցել այնպիսի լուծումներին, որոնք կօգնեն մարդկանց օգտվել նոր հնարավորություններից»,- գրել է Սունակը սոցիալական ցանցերում։
Acoba-ն նշել է, որ երկու ընկերությունները՝ հատկապես Anthropic-ը, հետաքրքրություն ունեն Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականության նկատմամբ, ինչը նշանակում է, որ Սունակի ներգրավվածությունը կարող է դիտվել որպես հնարավոր «անարդար ազդեցության» աղբյուր։




