
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև խաղաղության ծրագրի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների ստորագրումը տեղի կունենա Եգիպտոսում։
«Մենք պատրաստվում ենք մեկնել Եգիպտոս, որտեղ կունենանք ստորագրում։ Լրացուցիչ ստորագրում, քանի որ մենք արդեն ստորագրել ենք իմ անունից, բայց կունենանք պաշտոնական ստորագրում», — ասել է նա Սպիտակ տանը նախարարների կաբինետի նիստում։
Ինչպես հայտնել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի գրասենյակը, Թրամփի այցը Երուսաղեմ սպասվում է հոկտեմբերի 12-ին։
Մեկ օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։ Նա ասել էր, որ այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում։ Նաև Գազայի հատվածի ներսում իսրայելական զորքերը հետ կքաշվեն մինչև համաձայնեցված գիծը։ Թրամփը կարծում է, որ առաջին քայլերն արդեն ձեռնարկվել են «ամուր, կայուն և երկարատև խաղաղության ուղղությամբ»։
Նեթանյահուն անմիջապես զանգահարել էր Թրամփին, շնորհակալություն հայտնել միջնորդության համար, հրավիրել Իսրայել և հայտարարել, որ շուտով կհրավիրի նախարարների կաբինետի նիստ՝ խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագրերը հաստատելու համար։
«The Times of Israel»-ը, հղում անելով Նեթանյահուի գրասենյակին, հայտնել էր, որ Գազայում հրադադարն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ Իսրայելի նախարարների կաբինետը հինգշաբթի օրը հաստատի համաձայնագրերը:




