
Ցեղասպանության հուշակոթողի՝ Ծիծեռնակաբերդի վերանորոգման հետ կապված շատ ծանր իրավիճակ է ստեղծվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հուշահամալիրի ճատրարապետ Արթուր Թարխանյանի հեղինակային իրավունքի ժառանգ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Հուշահամալիրի վերանորոգման համար պետությունը շուրջ 800 միլիոն դրամ է հատկացրել, վերահսկողությունը անձամբ նախարարի կողմից իրականացվում է ամենշաբթյա ռեժիմով։ Սակայն մասնագիտական համայնքի մի հատված պնդում է՝ առաջացած խնդիրը կարելի էր ու պետք է լուծվեր ավելի քիչ ծախսով, ավելի քիչ վնասներով ու ավելի արդյունավետ մեթոդներով։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժության տաճարի 12 բազալտե մույթերի՝ խոյացած սյուների վերանորոգման աշխատանքները շարունակում են հարուցել մասնագիտական համայնքի դժգոհությունն ու դառնալ քննարկումների, այս անգամ՝ արդեն զեկույցի հիմք։ Վերջինում «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են հուշահամալիրում աշխատանքների վերաբերյալ իրենց դիտարկումները, մտահոգությունները և հնարավոր խախտումները։ Ճարտարապետ Արտավազդ Թարխանյանն է մանրամասնում։
«Կարող ենք բաժանել ընդհանուր զեկույցը 2 մասի․ նախ՝ կառուցապատման գործընթացների և իրավակարգավորումների, ինչպես նաև օրենսդրական դաշտի խնդիրների, որոնք նկատում ենք, և մյուսը՝ անմիջապես նախագծի լուծումները։ Մենք գործ ունենք հանրապետական նշանակության հուշարձանի հետ, դա մեր երկրում ամենաբարձր կարգավիճակ ունեցող հուշարձանն է, որի մասով նաև առանձին միջոցառումների ցանկ կա։ Գործադիրը հաստատել է կարգեր` ինչպես պետք է վերակառուցվեն նմանատիպ հուշարձանները։ Հիմա եթե մենք ենթադրում կամ ասում ենք, որ գուցե այդտեղ ինչ֊որ ջրեր կամ անձրևային հոսքեր կան, մենք այդ ամենը պետք է հստակ ուսումնասիրենք՝ պետք է զոնդավորենք, սկանավորենք, ուլտրաձայնային միջոցներով գործողություններ կատարենք և նոր այդ ուսումնասիրության հիման վրա փորձենք հասկանալ` հիմնային խնդիրները որոնք են և ինչպիսի առաջադրանք պետք է տանք նախագծողին, որպեսզի կարողանա հստակ այդ խնդիրները լուծել»։
Թարխանյանը պնդում է՝ օրենսդրական պահանջները չեն պահպանվել, խախտվել են նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՈՍ-ի նորմերը․
«ԻԿՕՄՈՍ-ի մոտեցումներն ընդունված են Հայաստանի Հանրապետության կողմից, և դրանցից առաջինը, օրինակ, գիտելիքի ձևավորման փուլն է, որտեղ հստակ պետք է ուսումնասիրություններ կատարել, գիտելիք ձևավորել շինության վերաբերյալ, ապա միայն՝ գործողություններ կատարել` հիմնվելով այդ գիտելիքի վրա։ Երկրորդը իսկության հարգումն է, այսինքն` շինության հստակ ձևի, ոճի, քարի պահպանության խնդիրն է։ Մենք չենք կարող այդ հուշարձանին վերաբերվել որպես շարքային մի շինության, բոլոր քարերը պոկենք վրայից, ուրիշ բան կպցնենք, ասենք` սա է ձեր հուշարձանը, երրորդ մոտեցումը՝ նվազագույն ներգործությունը, միջամտությունն է»։
Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի ճարտարապետ Արթուր Թարխանյանի հեղինակային իրավունքների ժառանգ, «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Թարխանյանը համարում է, որ խախտվում են ճարտարապետի հեղինակային իրավունքները ևս, սակայն հուշահամալիրի ձևափոխումն առաջնային խնդիր է համարում․
«12 աստիճանից քանդված են 4–ը, արդեն իսպառ բացակայում են, չկան էդ աստիճանները։ Սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք պարզապես չէին կարողանում պոկել պատերից։ էնքան հզոր են էդ քարերը, էնքան մեծածավալ են, որ ինչ֊որ հնարավոր է եղել պոկել, մնացածը մնացել են երկաթբետոնի մեջ ամրակայված, ու դա փորձում են հարթեցնել, որ այդ քարերի վրայից անեն նոր «աբլիցովկա»։ Դուք պատկերացնու՞մ եք։ 4 մ խորությամբ և 3 մ լայնությամբ մի հատ խրամատ են փորում դրա շուրջը, և դա հաջորդ էտապն է»։
Վերանորոգումը նախաձեռնած գերատեսչության ղեկավարը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իր հերթին ուշադրության կենտրոնում է պահում շատ զգայուն այս հարցն ու շարունակում ամենշաբաթյա ռեժիմով այցելել հուշահամալիրի տարածք, հետևել վերանորոգմանը։ Նախարարության վերջին՝ հոկտեմբերի 2-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ, ըստ գնահատումների, շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված գրաֆիկի։ Մեջբերում․«Թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների, ջրահեռացման համակարգերի վերանորոգման և ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել»․ մեջբերման ավարտը։
Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 30-ին՝ իր հերթական այցի ժամանակ, նախարարն ընդգծել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի, որակ ու ժամկետներ պահպանելու անհրաժեշտությունը և հորդորել նկատի ունենալ, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հուշահամալիրի բնականոն գործունեությունը պետք է արդեն ապահովված լինի։
Նախորդիվ էլ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից էր հավաստիացրել, որ վերանորոգումն ընթանում է ըստ պլանավորվածի․
«Ի՞նչ է տեղի ունենում ցեղասպանության հուշահամալիրում ու թանգարանում։ Տեղի է ունենում մի շատ պարզ բան՝ ավելի քան 60 տարվա ընթացքում մենք էստեղ չենք ունեցել վերանորոգում, ունեցել ենք ջրահեռացման լրջագույն խնդիրներ, որոնք եթե ժամանակին լուծված լինեին, երևի մենք այսօր այդ խնդիրները չէինք ունենա։ Այսօր փորձում ենք մեր կարևորագույն հուշարձանը բերել պատշաճ տեսքի, որովհետև այն ամեն ապրիլի 24-ին բազմահազար մարդիկ են այցելում, ու ո՞վ էր պատասխան տալու, եթե այդ մույթերից որևէ քար պոկվեր։ Ո՞վ էր պատասխան տալու, և արդյոք չպի՞տի պետությունը ժամանակին ու պատշաճ արձագանքեր դրան»։
Նախարարն այդ ժամանակ «ինչ է տեղի ունենում»-ից հետո պատասխանել էր նաև «ինչպես է տեղի ունենում» հարցին։ Դա արվում է ըստ կարգի՝ օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերով՝ վստահեցրել էր Անդրեասյանը՝ պնդելով, որ մասնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այն լուծումներին, որոնցով այժմ ընթանում են աշխատանքները։
Մասնագիտական հանրության մոտեցումներն այս հարցի շուրջ խիստ տարբեր են։ Մի մասն ի սկզբանե դեմ էր կիրառվող մոտեցումներին, մի մասն էլ սկզբում տվել էր համաձայնություն, բայց հետո ահազանգել՝ լավ բանը վատ է արվում։
Այնուամենայնիվ, նախարարությունը վստահեցնում է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և ապրիլի 24-ին հուշահամալիրը պատրաստ կլինի ընդունելու մարդկանց՝ պատշաճ տեսքով և առանց խնդիրների։




