
ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ներկայացրել է ԱՄՆ պետդեպարտամենտից ստացված նամակը, որում անդրադարձ կա ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների, Բաքվում պահվող հայ գերիների դատավարության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին։ Նամակում շեշտվել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում մասնակցում են Բաքվում ընթացող դատական նիստերին»:
Պետդեպի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը` պահպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»: Թվարկված հարցերի շուրջ օրերս միջազգային բարձր ամբիոններից խոսել է նաև վարչապետ Փաշինյանը, սակայն` տարբերվող շեշտադրումներով։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը նախորդ շաբաթ աննախադեպ քայլ է կատարել և հայտարարել, որ Միացյալ Նահանգներն ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին` ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»։ Հանձնախումբը նաև փոխանցել է, որ 2025թ. սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրել է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեն, նաև նշված է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի կալանավորած հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում Բաքվում մասնակցում են դատական նիստերին»։
«Մենք ողջունում ենք Թրամփ-Վանսի վարչակազմի հանձնառությունները, որոնք ներառված են Կոնգրեսի հայկական խմբի 87 անդամների ստորագրած երկկուսակցական նամակի պատասխանի մեջ, և արդեն աշխատում ենք մեր կոնգրեսական դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների և համայնքային ակտիվիստների հետ», — ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Փորձագիտական ու քաղաքական որոշ շրջանակներում, սակայն, այսօրինակ հայտարարություններն իրականությունից կտրված են համարում։
Հայաստանի վարչապետն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո մի շարք առիթներով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին խոսույթը կարող է վտանգել խաղաղության գործընթացը։ Փաշինյանն օրերս էլ ԵԽԽՎ-ում վերահաստատեց՝ պաշտոնական Երևանն իրատեսական չի համարում բռնի տեղահանվածների ԼՂ վերադարձը` այդ խնդրի լուծումը նախանշելով հետեւյալ կերպ.
«Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ`փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք արդեն նրանց համար բնակապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում»։
Վարչապետն իր ձևակերպմամբ` «ոչ այնքան դիվանագիտական լեզվով» բացատրում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց և կենտրոնանան տնտեսական գործակցության վրա»։ Այս առումով էապես կարեւոր է համարվում, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, աջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, օրինակ՝ ֆինանսապես ապահովելու նրանց բնակարանների, աշխատանքի և սոցիալական այլ կարիքները։
Բռնի տեղահանվածները, մինչդեռ, շարունակում են քննարկել ԼՂ հավաքական վերադարձի հնարավոր մեխանիզմները։ ԼՂ-ի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի ինքնավար հանրապետության հռչակման օրը, հայտարարել էր՝ այդ գործընթացի համար 2 կարևոր ու միմյանց փոխկապակցված գործոններ կան․
«Առաջինը՝ իրավաքաղաքական հիմքի պարբերաբար զարգացումը, համալրումը և ամրապնդումը։ 2-րդը՝ արցախցիների հավաքականության պահպանումը մայր Հայաստանում, առանց որի ուղղակի անհնար է լինելու խոսել վերադարձի լեգիտիմ իրավունքի մասին։ Հետևաբար, մեկը մյուսի հետ հստակ փոխկապակցված են»:
Բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքները պաշտպանելու նախաձեռնություն էր սկսել Շվեյցարիայի խորհրդարանը` հիշեցնելով, որ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հիման վրա պարտավորեցրել էր ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո լքած եւ վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ կերպով։ Սակայն միջազգային հանրությունը որեւէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ։
ԱՄՆ պետդեպարտամենտի նամակի հաջորդ կարևոր ուղերձն այն է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է հայ գերիների՝ Բաքվում ընթացող դատավարություններին, եւ որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում Բաքվում մասնակցում են դատական նիստերին։

Ադրբեջանը, որ բացառել է միջազգային իրավական բոլոր կառույցների, այդ թվում` բացառապես հումանիտար հարցերով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մուտքն իր երկիր, արդեն մի քանի ամիս շարունակում է այդ երկրում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարություններն առանց, այսպես ասած, լրացուցիչ ներկայության։ Դրանց մասին տեղեկություններ տարածվում են բացառապես Բաքվի խոսափողը համարվող մի քանի լրատվամիջոցներով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն օրերս հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը: Սահակյանը հիշեցնում է՝ արդեն 3 ամիս՝ ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի փակումից հետո, հայ գերիները հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ, եւ միայն եվրոպական դատարանը կարող է տեղեկություններ ստանալ նրանց առողջական վիճակի մասին։ Սահակյանն այլ մտահոգություն էլ ունի. թեև հայտարարվում է 23 գերու մասին, բայց տվյալներ կան նաև մի քանի տասնյակ բռնի անհետացած անձանց մասին։
«Բազմիցս խոսվում է 80 անձի մասին։ Դրանք, ըստ էության, իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են։ Ընդ որում, սա երբեք չի կարող որակվել որպես սպառիչ թվաքանակ։ Առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում և հանրությանը տեղեկացնում։ Բայց, փաստացիորեն, այդ թվերը կարող են շատ ավելին լինել»։
Գրեթե զուգահեռ ԱՄՆ հայ դատի հանձնախմբի հայտարարությանը, Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարության ընթացքին։
Պատգամավորը գրել է. «Վստահելի տեղեկությունները վկայում են նաև մի շարք պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Չնայած դրան` Բելգիայում անցած ապրիլին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայերի դատավարությունները բաց են Բաքվում գործող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար»։
Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հումանիտար առաջնահերթություն է։
Ուշագրավ է, որ ըստ Հայ դատի, Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը` պահպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:


Այս հարցը, ի դեպ, բարձրաձայնվել էր նաև ԵԽԽՎ-ում։ Եվրոպացի պատգամավորները վարչապետ Փաշինյանից հետաքրքրվել էին, թե ինչ մեխանիզմներով է Հայաստանն ապահովելու արցախցիների գույքի փոխհատուցումն ու մշակութային ժառանգության պահպանումը։ Վերջինս, այդ հարցին ի պատասխան, նկատել է, որ «ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պայմանագիրն ամեն ինչ չէ, որ ներառում է»․
«Նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Ադրբեջանի վերահսկողությանն անցած Արցախի մշակութային ժառանգության խնդիրը նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Նախօրեին, օրինակ, «Մեդուզան» մի քանի ենթավերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, թե ինչպես է ադրբեջանական իշխանությունը վերակառուցում Լեռնային Ղարաբաղը՝ հետեւողականորեն ոչնչացնելով հայկական հետքը։ Լրատվամիջոցը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք ապացուցում են հայկական եկեղեցիների, շենքերի և նույնիսկ առանձին բնակավայրերի ոչնչացումը։




